▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիշապապար․․․ Հուրի Մարգարյանի յուրօրինակ աշխատանքները ներկայացնում է «Անտիկյան»-ը

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Նկարչուհի Հուրի Մարգարյանը 2020 թվականին է Բեյրութից Երևան տեղափոխվել: Մինչև Բեյրութի պայթյունն էր մտածում տեղափոխվել տնտեսապես անկայուն դարձած Լիբանանից, իսկ պայթյունն արդեն դրեց նրանց կյանքի՝ Բեյրութի փուլի վերջակետը։ 

Երևանում էլ կյանքի մարտահրավերները պակաս չէին՝ Արցախից ու Հայաստանի սահմաններից տագնապալի լուրեր, տնտեսական ու հասարակական վայրիվերումներ, ստեղծագործական աշխատանքի «ռեստարտ»․․․ Վերջինը  Հուրին հաղթահարում  է «Անտիկյան» ցուցասրահի հետ, որ  Դալան ցուցասրահում/ Աբովյան 12, 2-րդ հարկ/ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 7-ը  ներկայացնելու է Հուրի Մարգարյանի անհատական՝ Վիշապապար խորագրով  ցուցահանդեսը/ ձեր մասնակցությունը հաստատելու համար կարող եք անցնել այս հղումով

Իր ստեղծագործելու յուրօրինակ ոճի ու աշխատանքների մասին Հուրին պատմում է հետևյալը․

«Գիծը հսկայական ուժ ունի: Այն առավել արտահայտիչ է իր ամենախաղաղ վիճակում։ Այն խաղաղություն ստեղծելու կարողություն ունի նույնիսկ իր ամենադինամիկ և խառնաշփոթ վիճակում: Գիծն ունի մարդու հոգին մարմնավորելու զորություն և կարող է նրան իմաստալի ծեսում պարացնել: Որպես արվեստագետ, այն նյութերը և ձևերը, որոնց հետ ես աշխատում եմ, կախված են իմ հոգեվիճակից և մտքի գործընթացից: Ես մշտապես պատերազմի մեջ եմ ինքս իմ հետ, զգում եմ, թե ինչպես եմ խեղդվում իմ սեփական մտքերում: Իմ ուշադրությունը սևեռված է դեֆորմացիաների և խեղումների վրա, մասնավորապես՝ մարդածին աղետների արդյունքում առաջացած: Ինձ ամենաշատը հուզում է այն, թե ինչպես է մեր կապիտալիստական իրականությունը և, հետևաբար, մեր առօրյա կյանքի սոցիալ-նորմավորումը էլ ավելի սրում հոգեբանական և ֆիզիկական պայքարները: Մարդ արարածը անընդհատ ձևավորվում և կաղապարվում է ըստ արտաքին սոցիալականացնող գործոնների: Հետևաբար, այն ուժը, որով ես ճկում եմ և ոլորում եմ մումիֆիկացման ընթացքում, կախված է իմ սևեռուն մտքերի ինտենսիվությունից, ինչը հանգեցնում է դեֆորմացիայի իրականացմանը: Մենք սուբյեկտիվորեն փոխակերպում, ձևավորում և նոր իմաստներ ենք տալիս՝ հիմնվելով մեր սեփական ֆիզիկական, հոգեբանական և հոգևոր փորձառությունների վրա: Իմ աշխատանքները կերպավորվում են իմ սեփական էքզիստենցիալ ցնցումներով, տրամադրության ծայրահեղ տատանումներով, ֆիզիկական և էմոցիոնալ ցավի, միայնության ու խոցելիության զգացումներով: Ես ուզում եմ, որ իմ անձնական անհանգստությունը ներկայանա հանդիսատեսի առջև, երբ նրանք տեսնեն և շփվեն գրոտեսկային, կենդանի և միևնույն ժամանակ անհոգի, այլակերպված էակների հետ. գուցե շատերը հարազատություն զգան։ Ճիշտ է, որ աշխատանքը բխում է իմ սեփական անձից, որտեղ իմ տառապանքը, հուզումները ու անհանգստությունը թակարդված են` կողքից հայացքի համար պարզապես մի սովորական մարմնի մեջ։ Սա իմ ներքին եսն է, որը կերպավորվել է տասնամյակների պայքարի ընթացքում առանց որևէ աջակցության դաշտի: Մենք շարունակում ենք դեֆորմացնել այն տարածքները, որտեղ ապրում ենք, և մենք դեֆորմացնում ենք այդ տարածքներում բնակվող մարդկանց։ Մենք, կարծես, ապացուցել ենք, որ ի վիճակի չենք համահունչ լինել աշխարհի հետ և համերաշխ մարդկային փոխազդեցությամբ բնակեցնել այն: Իմ աշխատանքը ոչ միայն իմ սեփական տանջանքների արտահայտումն է, այլ համատեքստից անկախ մարմնի և տարածության փոխհարաբերությունների հոդավորման փորձ: Այս հոդավորումներն երաժշտականություն ունեն, որ ի հայտ է գալիս դիտորդի միջամտության (մասնակցության) դեպքում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին