▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օրրանը» պատրաստվում է դատարանի անարդար վճիռը բողոքարկել վերաքննիչ ատյանում

Հետք․am-ը գրում է․ ««Օրրան» բարեգործական ՀԿ-ն պարտվել է կառուցապատող Արգամ Հովհաննիսյանի դեմ դատերը: Հիշեցնենք, որ կազմակերպությունը միանգամից երկու դատական ատյաններում բողոքում էր, որ Հովհաննիսյանը շենք է կառուցում իր հարեւանությամբ՝ չպահպանելով օրենսդրությամբ սահմանված 6 մ հեռավորությունը: Նոր կառույցը գտնվում է «Օրրանի» շենքից ընդամենը 1,6 մ-ի վրա:

Ա. Հովհաննիսյանը Երեւանի քաղաքապետարանից շինթույլտվություն ստացել է 2022 թ. դեկտեմբերին, սակայն շինաշխատանքները, ըստ «Օրրանի», սկսել է 2023-ի օգոստոս-սեպտեմբերին: Կազմակերպության ղեկավարությունը, տեսնելով, որ նոր կառույցը իրենց շենքին բավական մոտ է, փորձաքննություն է պատվիրել, ինչի արդյունքում պարզվել է, որ չեն պահպանվել հրդեհային անվտանգության, ինչպես նաեւ հատակագծման ու կառուցապատման նորմերը:

Վարչական դատարանը կարճել է վարույթը

2023-ի նոյեմբերին «Օրրանը» դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ շինթույլտվությունը հատկացրած քաղաքապետարանի, իսկ Ա. Հովհաննիսյանը ճանաչվել էր երրորդ անձ: Դատարանը, բավարարելով «Օրրանի» միջնորդությունը, կասեցրել էր շինթույլտվության կատարումն այնքան ժամանակով, մինչեւ դատական ակտն օրինական ուժի մեջ կմտներ: Այդ ակտը պետք է հրապարակվեր հուլիսի 25-ին (գործը քննվելու էր գրավոր ընթացակարգով):

Սակայն քաղաքապետարանն ու Հովհաննիսյանը վերաքննիչ ատյանում բողոքարկել էին ստորադաս ատյանի որոշումը: Նրանք պնդել էին, որ «Օրրանը» վարչական ակտը՝ 2022-ի դեկտեմբերին տրված շինթույլտվությունը, կարող էր վիճարկել 2-ամսյա ժամկետում, այնինչ բաց է թողել այդ ժամկետը, իսկ վարչական դատարանն օրենքի խախտումով է հարգելի համարել այդ ժամկետը բաց թողնելու պատճառները եւ հայցադիմումն ընդունել վարույթ: Իր հերթին «Օրրանը» վերաքննիչ դատարանին հայտնել է, որ չնայած Ա. Հովհաննիսյանը շինթույլտվությունը ստացել է 2022-ի դեկտեմբերին, շինաշխատանքներն սկսել է ամիսներ անց, եւ երբ կազմակերպությունը կասկածներ է ունեցել, որ խախտվում են օրենսդրությամբ սահմանված նորմերը, 2023-ի հոկտեմբերին համապատասխան միջոցներ է ձեռնարկել՝ դիմել է քաղաքապետարան, ապա՝ դատարան:

Այդուհանդերձ, վերաքննիչ վարչական դատարանը նշել է, թե քանի որ Արգամ Հովհաննիսյանը 2023-ի մարտին քաղաքապետարանին ծանուցել է շինաշխատանքներ սկսելու մասին («Օրրանում» պնդում են, որ բուն աշխատանքները սկսվել են 2023-ի օգոստոս-սեպտեմբերին), «ապա կարելի է պնդել, որ փաստացի շինարարական աշխատանքների իրականացման մասին կազմակերպությունն («Օրրանը» - հեղ.) իրազեկված է եղել առնվազն 2023 թվականի մայիսի 1-ի դրությամբ»: Վերաքննիչ ատյանը բավարարել է քաղաքապետարանի ու կառուցապատողի բողոքները եւ վերացրել է վարչական դատարանի որոշումը, որը «Օրրանի» օգտին էր: Խոսքը հայցադիմում ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու, հայցադիմումը վարույթ ընդունելու եւ քաղաքապետարանի տված շինթույլտվությունը կասեցնելու մասին է:

«Օրրանը» վերաքննիչի այս որոշումը բողոքարկել է Վճռաբեկ դատարան, որը, սակայն, բողոքը վարույթ չի ընդունել: Այս պայմաններում, երբ վերաքննիչ վարչական դատարանը վերացրել էր ստորադաս ատյանի որոշումը «Օրրանի» օգտին, վարչական դատարանին այլ բան չէր մնում, քան վարույթը կարճելը, ինչն էլ տեղի է ունեցել 2024 թ. հունիսի 19-ին: Այսինքն՝ ստացվում է, որ վերաքննիչի նշած հիմքերով վարչական դատարանն իրավունք չուներ հայցը վարույթ ընդունել:

Քաղաքացիական դատարանը երկու կողմին էլ մերժել է

2023-ի դեկտեմբերին էլ «Օրրանը» դիմել է Երեւանի քաղաքացիական դատարան՝ ընդդեմ կառուցապատող Արգամ Հովհաննիսյանի, իսկ քաղաքապետարանը ճանաչվել է երրորդ անձ: Այս դատարանը եւս, հայցը վարույթ ընդունելով, բավարարել է կազմակերպության միջնորդությունը՝ Հովհաննիսյանին արգելելով շինաշխատանքներ կատարել: Վերջինիս փաստաբանը դատարանին միջնորդել է վերացնել հայցի ապահովման միջոցը եւ հանել շինաշխատանքների արգելքը, սակայն դատարանը մերժել է:

Դրանից հետո Հովհաննիսյանը հակընդդեմ հայց է ներկայացրել «Օրրանի» դեմ՝ պահանջելով քանդել կազմակերպության՝ 2000-ականներին կառուցված շենքը: Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում մինչ այդ պնդել էր, թե «Օրրանի» շենքը ժամանակին կառուցվել է 60 սմ խախտումով դեպի իր կողմ, բայց ինքը չի բողոքում (ինչպես տեսնում ենք, հետո նա մտափոխվել է ու դատի տվել «Օրրանին», ընդ որում՝ իրականում այն ժամանակ Հովհաննիսյանը չի եղել «Օրրանի» հարեւանը, նա 2022-ին է ձեռք բերել այդ տարածքը): «Օրրանում», հակառակը, հերքում են, թե նման բան կա, կազմակերպության նախագահ Արմինե Հովհաննիսյանը մեզ հայտնել էր, որ իրենց շենքը կառուցվել է 2000-ականների սկզբին՝ համապատասխան շինթույլտվության եւ վերահսկողության ներքո, ու այսքան ժամանակ որեւէ բողոք չեն ստացել:

Արգամ Հովհաննիսյանը հակըննդեմ հայցով չի բավարարվել: Քանի որ դատարանն «Օրրանի» միջնորդությամբ արգելք էր դրել շինաշխատանքների իրականացման վրա, կառուցապատողն իր հերթին պահանջել է կիրառել հակընդդեմ ապահովում: Ի՞նչ է սա նշանակում:

Հովհաննիսյանի փաստաբանը դատարանում նշել է, որ եթե դատարանի արգելքի պատճառով իրենք սահմանված ժամկետում (մինչեւ 2024 թ. հոկտեմբերի 8-ը) չկարողանան ավարտին հասցնել շինարարությունը, քաղաքապետարանն իրենց կտուգանի առնվազն 3 մլն դրամով (շինարարության նախահաշվային արժեքի 3 %-ի չափով): Բացի դրանից՝ նույն պատճառով, ըստ Հովհաննիսյանի ներկայացուցչի, կառուցապատողը կարող է կրել հնարավոր վնասներ բաց թողնված օգուտի տեսքով: Ըստ այդմ՝ ՀՀ եռաստիճան դատական համակարգում այս գործի քննությունը կարող է տեւել 36 ամիս, այնինչ եթե Հովհաննիսյանը հոկտեմբերին ավարտեր շինարարությունն ու դեկտեմբերից շենքը վարձակալության հանձներ, գործող շուկայական գներով ամեն ամիս 3,75 մլն դրամ եկամուտ կունենար: Այդ հաշվարկով փաստաբանը միջնորդել է, որ դատարանը կիրառի հակընդդեմ ապահովում եւ «Օրրանին» պարտավորեցնի դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցել 138 մլն դրամ (3 մլն դրամը՝ որպես քաղաքապետարանի տուգանք, իսկ 135 մլն-ը՝ բաց թողնված օգուտ): Այսինքն՝ եթե «Օրրանը» պարտվեր դատարանում, այս գումարը փոխանցվելու էր Արգամ Հովհաննիսյանին:

«Օրրանի» ներկայացուցիչը հակադարձել է, որ եթե առկա է դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած շինարարության արգելք, քաղաքապետարանը չի կարող շինաշխատանքների դադարեցումը պայմանավորել կառուցապատողի մեղավորությամբ ու տուգանել նրան: Ինչ վերաբերում է բաց թողնված օգուտին ու դրա հաշվարկին, ապա ըստ «Օրրանի» փաստաբանի՝ դրանց հիմքում չկան փաստեր, որոնք հնարավորություն կտան ամբողջական եւ հիմնավոր եզրահանգում անել առկա կամ հետագայում հնարավոր վնասների մասին:

Այդուհանդերձ, Երեւանի քաղաքացիական դատարանը որոշել է «Օրրանին» պարտավորեցնել 138 մլն դրամի փոխարեն իր դեպոզիտ հաշվին փոխանցել 48 մլն դրամ (3 մլն+45 մլն): «Օրրանը», սակայն, չի փոխանցել այս գումարը, ինչից հետո դատարանը, ելնելով օրենսդրության պահանջներից, վերացրել է ՀԿ-ի հայցի ապահովման միջոցը՝ շինարարության արգելքը, ու Արգամ Հովհաննիսյանը անարգել շարունակել է իր շենքի կառուցապատումը:

Ի վերջո, դեկտեմբերի 10-ին դատարանը վճիռ է կայացել՝ մերժելով թե՛ «Օրրանի» հայցը, թե՛ Արգամ Հովհաննիսյանի հակընդդեմ հայցը:

Ըստ դատավոր Նաիրա Ավետիսյանի՝ թե՛ ՀԿ-ի, թե՛ կառուցապատողի կողմից չեն ներկայացվել ապացույցներ, որոնցով կհաստատվեն, որ մյուս կողմի իրականացրած գործողություններն անօրինական են: Չնայած երկու կողմերն էլ միմյանց կատարած շինաշխատանքներում հակաօրինական գործողություններ մատնացույց անելու համար դիմել են փորձագետների ու ստացել համապատասխան եզրակացություններ, դատարանը գտել է, որ այդ եզրակացություններով չի հիմնավորվում ո՛չ այն թույլտվությունների անօրինական լինելը, որոնք պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները ժամանակին տվել են «Օրրանին» ու Ա. Հովհաննիսյանին, ո՛չ այդ թույլտվությունների հիման վրա կատարված շինաշխատանքների անօրինական լինելը: Ըստ դատավոր Ավետիսյանի՝ անօրինական լինելը կարող էր հաստատվել միայն շինաշխատանքների համար հիմք հանդիսացող վարչական ակտի (շինթույլտվության) վիճարկման արդյունքում կայացված դատական ակտերով:

Դատարանի այս եզրակացությունը տարօրինակ է, քանի որ պարտադիր չէ, որ շինաշխատանքների անօրինական լինելու համար դրանց հիմքում ընկած շինթույլտվությունը եւս անօրինական լինի: Օրինակ՝ չի բացառվում, որ կառուցապատողը շեղվի իրեն հատկացված օրինական շինթույլտվության պայմաններից:

Այսպես՝ թե՛ վարչական դատարանում, թե՛ քաղաքացիական ատյանում «Օրրանը» պնդել է, որ 2022-ի դեկտեմբերին Երեւանի քաղաքապետարանը գործող օրենսդրության խախտումով թույլատրել է Արգամ Հովհաննիսյանին ՀԿ-ի շենքից ոչ թե 6 մ հեռավորության վրա շենք կառուցել, այլ ընդամենը 2,1-2,2 մետրի վրա, բայց կառուցապատողը նույնիսկ այդ չափը չի պահպանել եւ շենքն սկսել է կառուցել 1,6 մ-ի վրա (այսինքն՝ ըստ «Օրրանի»՝ գործող օրենսդրությանը հակասում են թե՛ շինթույլտվությունը, թե՛, առավել եւս, շինարարությունը): «Օրրանի» ներկայացուցիչը «Հետքի» հետ զրույցում նշել է, որ Հովհաննիսյանը առաջ է քաշել նախկինում «Օրրանի» կողմից 60 սմ առաջ գալու փաստարկն այն տրամաբանությամբ, որ 60 սմ-ն հենց այն տարբերությունն է, որ կա շինթույլտվության 2,2 մ-ի ու փաստացի եղած 1,6 մ-ի միջեւ:

Փաստորեն, ըստ դատավոր Ն. Ավետիսյանի՝ գործի նյութերով հաստատվում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական ակտերը չեն վիճարկվել («Օրրանը», ինչպես տեսանք, վարչական դատարանում վիճարկել է Հովհաննիսյանի ստացած շինթույլտվությունը, բայց հաջողության չի հասել), եւ «Օրրանի» ու Արգամ Հովհաննիսյանի գործողությունները անօրինական չեն ճանաչվել, հետեւաբար չի հաստատվում նրանց ստացած թույլտվությունների արդյունքում իրականացված շինաշխատանքների միջոցով մյուս կողմի իրավունքերի խախտումը:

Չնայած երկու կողմերի հայցերն էլ մերժվել են, փաստացի ստացվում է, որ շահել է կառուցապատող Արգամ Հովհաննիսյանը, որի հակընդդեմ հայցն ավելի շատ կարելի է դիտարկել զուտ որպես «Օրրանի» հայցին հակաքայլ եւ ոչ ավելին:

Այդուհանդերձ, «Օրրանը» պատրաստվում է դատարանի վճիռը բողոքարկել վերաքննիչ ատյանում»»։

Հավելենք, որ նաև Asekose.am-ի հետ զրույցում, «Օրրան»-ից՝ դատարանի վճիռը համարեցին անարդար և վստահեցրին, որ բողոքարկել են վերաքննիչ ատյանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more