Asekose.am-ի հարցերին պատասխանում է «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Արմինե Հովհաննիսյանը։
Լրատվամիջոցներից տեղեկացանք, որ կառուցապատողի կողմից պատկան մարմիններին այդ թվում քաղաքապետարանին և քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ներկայացված փաստաթղթերը, որոնց հիման վրա նրան տրվել է շինարարական թույլտվություն, կեղծված են, ճիշտ է՞։
Ես այդ թղթի գոյության մասին իմացել եմ այն ժամանակ երբ նամակ-բողոք եմ ներկայացրել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին և ստացել եմ պատասխան, որտեղ ասվում է, որ ես համաձայնություն եմ տվել շինարարությանը։ Նամակին կից ուղարկել էին մի թղթի պատճեն, որի վրա պատկերված էր նոր շենքի հատակագիծը և դրված էր Օրրանի կնիքը և իմ ստորագրությունը։ Շատ անսպասելի էր, քանի որ ես նման թուղթ չէի ստորագրել։
Ավելի ուշադիր նայելուց հետո` անզեն աչքով էլ պարզ էր, որ դա իմ ստորագրության բնօրինակը չէ։ Ավելին՝ թղթի վրա դրված է կես կնիք այն էլ՝ աղավաղված։
Զարմանալի էր, որ կառուցապատողը նման քայլի կգնար և որ պատկան մարմինները նման թուղթը՝ աղավաղված ու կես կնիքով, որպես հիմք կընդունեն։
Ես կառուցապատողից պահանջել եմ, որ ներկայացնի այդ «փաստաթղթի» բնօրինակը։ Բնականաբար ոչինչ չի ներկայացրել, քանի որ նման «փաստաթուղթ» գոյություն չունի։
Ի՞նչ փուլում է այժմ դատական գործը։
Դատարանը արդարացիորեն բավարարել է մեր երկու բողոքները՝ մեկը ընդդեմ կառուցապատողի, մյուսը՝ քաղաքապետարանի, և ժամանակավորապես կասեցրել է շինարարությունը մինչև բուն դատը։ Երկու կողմերն էլ բողոքարկել են։
Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում պարզ կդառնա դատարանի որոշումը․ արդյոք դատարանը կմերժի բողոքարկումները և շինարարության աշխատանքների կասեցման որոշումը ուժի մեջ կլինի մինչև բուն դատը, թե ոչ։
Ինչ եք կարծում, ի՞նչ է լինելու։
Չեմ կարող հստակ ասել թե ինչ կլինի, բայց եթե առաջնորդվենք արդարությամբ, ապա միանշանակ երկու դատական գործերը կավարտվեն հօգուտ Օրրանի։ Մի քանի քառակուսի մետր ավել տարածքի բերած եկամուտը չի կարող ավելի թանկ լինել հարյուրավոր երեխաների կյանքի անվտանգությունից։
Հիշեցում
Օրրան Բարեգործական ՀԿ-ն օգնում է կարիքավոր երեխաներին։
Հոկտեմբերին կազմակերպությունը ահազանգել էր իր հարևանությամբ ապօրինի կառուցապատման մասին։ Կառուցապատողը խախտելով շինարարական նորմերը նոր շենքը կառուցում էր Օրրանի պատից 1,6 մետր հեռավորության վրա օրենքով թույլատրելի 6 մետրի փոխարեն։Այն իրական վտանգ է ներկայացնում ամեն օր Օրրան այցելող ավելի քան 200 երեխաների, անձնակազմի, կամավորների և հյուրերի համար։