▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոն Թորոսյանին վարձել են, որ PR անի Թուրքիայի համար. արդյո՞ք նա իսկապես հայ է

 

Medium.com կայքում տեղադրված Լուիզա Նոյի երկու հոդվածները բացահայտում են, որ Ռոն Թորոսյանը պայմանագիր է կնքել, որպեսզի ներկայացնի Թուրքիան որպես նրա PR գործակալ: Թորոսյանը Նյու Յորքի 5W հանրային կապերի ընկերության նախագահն է:

Արդարադատության նախարարության արձանագրությունները ցույց են տալիս, որ Թորոսյանը պայմանագիրը կնքել է 2017 թ. մայիսի 25-ին: Նրա ընկերությունը կստանա լրացուցիչ 60 հազար դոլար 2017 թ. մայիսի 16-ից նոյեմբերի 16-ը ընկած ժամանակահատվածի համար, որն ավտոմատ կերպով կթարմացվի հաջորդ վեց ամսվա համար: Այս վճարը կավելացվի այն գումարին, որը նշված է 2016 թ. օգոստոսի 10-ին կնքված պայմանագրում:

Հատկանշական է, որ Թորոսյանը Թուրքիայի հետ պայմանագիր է կնքել ինը օր անց այն դեպքերից հետո, երբ նախագահ Էրդողանը դիտում էր, թե ինչպես են իր թիկնապահները ծեծում մի խումբ ցուցարարների Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց: Ցուցարարների ծեծից երեք օր անց Թորոսյանը հոդված է հրապարակել «Ալգեմայներ»-ում՝«Արտաքսեք արմատական իսլամիստ քարոզչին [Գյուլենին] և պաշտպանեք ամերիկյան շահերը» վերնագրով:

Հետաքրքիր է, որ Լուիզա Նոյը բացահայտել էր, որ 2017 թ. փետրվարի 17-ին Թորոսյանը մեկ այլ հոդված էր գրել «Նյուզմաքս»-ում ՝ քննադատելով Մայքլ Ֆլինի հրաժարականի վերաբերյալ լրատվամիջոցների լուսաբանումը: Զավեշտալի է, որ Թորոսյանը, «Նյուզմաքս»-ում 2015 թ. մայիսի 20-ին հրապարակված իր նախկին հոդվածում, քննադատելով Levick Communications PR ընկերության աշխատանքը Քաթարի դեսպանատան համար, հայտարարել էր. «Կան մարդիկ, որոնք նորմալ են համարում PR անել բռնակալների և ահաբեկիչների համար: Այնուամենայնիվ, տողերիս հեղինակը [Թորոսյան] համամիտ է աշխարհի խոշորագույն PR ընկերության սեփականատեր Ռիչարդ Էդելմանի հետ, որն ասում է. «PR-ը նման չէ օրենքին՝ ոչ բոլորն են արժանի ներկայացման»: Հակասելով ինքն իրեն՝ Թորոսյանը զբաղված է Թուրքիայի բռնապետ Էրդողանի շահերը պաշտպանելու եrկերեսային գործողությամբ...

Բացի այդ, Թորոսյանը 2017 թ. հունվարի 27-ին գրել է Observer-ում, որի հրատարակիչը նախագահ Թրամփի փեսան է՝ Ջարեդ Քուշները, քննադատելով այն PR ընկերություններին, որոնք «արդարացնում են ճնշող վարչակարգերին»: Նա եզրակացրել է՝  «բռնակալները և ահաբեկիչները արժանի չեն PR աջակցության»:

Ես երկու անգամ զանգահարեցի Թորոսյանի գրասենյակ, և ամեն անգամ աշխատակիցը վստահեցրեց ինձ, որ նա կպատասխանի իմ զանգին: Իսկ պատասխան այդպես էլ չեղավ: Լուիզա Նոյը նույն ճակատագրին էր արժանացել, երբ փորձել էր կապվել Թորոսյանի հետ: Երբ նա Թվիթերում Թորոսյանին գրել էր Թուրքիայի և Թրամփի հետ ունեցած կապերի մասին, նա պատասխանել էր՝ «Ես եմ սպանել Քենեդուն... Իմ նախկին կինը ռուս է... Ես նույնիսկ ձկնկիթ եմ կերել այս շաբաթ...»: Թորոսյանը ոչ միայն անկիրթ է հեռախոսային հաղորդագրություններին պատասխանելու հարցում, այլև, ըստ տեղեկությունների, վատ է վերաբերվում իր աշխատակիցներին և ուրիշներին: «Նյու Յորք թայմս»-ը նրան նկարագրում է որպես «անզուսպ և բացահայտ ագրեսիվ»: Նաև ըստ Լուիզա Նոյի հաղորդման՝ նա գործարար կապեր ունի ստվերում գործող հրեա և ռուս օլիգարխների հետ: Թեև Թորոսյանը հայկական ազգանուն ունի, սակայն ես չեմ կարող հաստատել, որ նրա ծնողներից մեկը կամ երկուսը հայ են, կամ որևէ մեկը հայ է...

Ռոն Թորոսյանը, ըստ նրա «Լինկեդին»-ի պրոֆիլի, նաև «JetSmarter-ի գործընկեր է, մարկետինգի գծով պատասխանատու և խորհրդի անդամ»: JetSmarter-ը վիճահարույց ընկերություն է, ներկայացվում է որպես «uber ինքնաթիռների համար»: JetSmarter-ի գործադիր տնօրենը Սերգեյ Պետրոսովն է` Վաչագան Պետրոսովի որդին, որը հաստատ հայկական անուն ունի:

Հիմնական պատճառը, որ ես հետաքրքրվեցի Ռոն Թորոսյանի՝ Թուրքիայի համար որպես PR գործակալ աշխատելու համար այն էր, որ նման իրավիճակում հայտնվել էր նաև Բարրի Զորթյանը, որը 1980 թ. հոկտեմբերից մինչև 1984 թ. փետրվարն աշխատել էր Թուրքիայի կողմից վարձված Gray&Co լոբբիստական ընկերությունում։ Զորթյանը «Ամերիկայի ձայն»-ի և «Թայմ»-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյան էր։ 1968-69 թթ. նա ԱՄՆ գլխավոր ներկայացուցիչն էր Սայգոնում, Վիետնամ։

Այն բանից հետո, երբ իմացա, որ Զորթյանը միաժամանակ բարձրաստիճան պաշտոնյա էր Թուրքիայի համար լոբբիստական ընկերությունում, և վարչության անդամ Ամերիկայի հայկական համագումարում, ես զանգահարեցի նրան և հարցրեցի, թե արդյոք իր երկակի դերը շահերի բախում չի առաջացնում իր կամ իր ընկերության համար։ Որպես հայի նկատմամբ հարգանքի նշան, ես նախազգուշացրեցի նրան, որ եթե պատասխանի իմ հարցերին, դա կարող է հանգեցնել աշխատանքից ազատման։ 63-ամյա Զորթյանը պատասխանեց, որ իրեն չի մտահոգում, որ կկորցնի իր 65 հազար դոլար տարեկան եկամտով աշխատանքը որպես Gray&Co ընկերության ավագ փոխնախագահ։ Նա անկեղծորեն պատասխանեց իմ բոլոր հարցերին։ Զորթյանը բացատրեց, որ նա աշխատում էր հանրային կապերի գրասենյակում և ոչ թե Թուրքիայի հաշվին, որով զբաղված էր ընկերության լոբբիստական ​​բաժինը:

1984 թ. հունվարի 19-ին «Կալիֆորնիա կուրիեր» թերթի առաջին էջում իմ հոդվածի  հրապարակումից անմիջապես հետո, թուրքական «Թերջուման» թերթը հայտնեց Զորթյանի հետ իմ հարցազրույցի մասին, որը մեծ իրարանցում առաջացրեց Թուրքիայի արտգործնախարարությունում, բացահայտելով, որ մի ամերիկահայ եղել է այն լոբբիստական ​​ընկերության գործադիր տնօրենը, որը տարեկան 300 հազար դոլար էր ստանում Թուրքիայից։

1984 թ. փետրվարի 21-ին լոբբիստական ​​ընկերության փոխնախագահ Ալեխանդրո Օրֆիլան Զորթյանին ասել էր, որ Թուրքիայի դեսպան Շուքրու Էլեքդաքը խիստ բարկացել է, կարդալով թերթում տպագրված հոդվածը։ Օրֆիլան մեջբերել է դեսպան Էլեքդաքի խոսքերը. «Տղաներ, ես ձեզ վարձել էի, որ օգնեիք ինձ իմ քաղաքական խնդիրներում, իսկ դուք, դրա փոխարեն, ինձ համար խնդիրներ եք ստեղծում… Դուք պետք է լուրջ քայլերի դիմեք, որ ես կարողանամ զեկուցել իմ կառավարությանը, թե չէ ստիպված կլինեմ կասեցնել պայմանագիրը»։

PR ընկերության նախագահ Ռոբերտ Գրեյը, ընդհատեց իր արձակուրդը Ակապուլկոյում (Մեքսիկա) և անմիջապես վերադարձավ Վաշինգտոն։ Զորթյանը հեռացվեց աշխատանքից՝ հրաժարական տալու Գրեյի առաջարկը մերժելուց հետո։

Թեև ինձ համար այնքան էլ հաճելի չէր տեսնել, որ Զորթյանը կորցրել է իր աշխատանքը, սակայն միայն վեց ամսվա աշխատանքային փորձ ունեցող որպես երիտասարդ լրագրող շատ գոհ էի, որ իմ անհայտ հոդվածը վերնագրերի պատճառ էր դարձել թուրքական մամուլում և արժանացել Թուրքիայի արտգործնախարարության ու դեսպան Էլեքդաքի ուշադրությանը։ Բացի այդ, 1984 թ. ապրիլի 13-ին «Վաշինգտոն փոստը» մի ծավալուն հոդված գրեց, մեջբերելով իմ հոդվածից և նշելով իմ թերթը որպես այս միջազգային բանավեճի աղբյուր։ 

Ես հորդորեցի Զորթյանին դատի տալ Gray&Co ընկերությանը՝ իր ազգային ծագման պատճառով աշխատանքային խտրականության մեղադրանքով։ Զորթյանը հայց ներկայացրեց Վաշինգտոնում Մարդու իրավունքների գրասենյակ, պնդելով, որ իրեն հեռացրել են աշխատանքից  հայ լինելու պատճառով։

Ցավոք, ես չգիտեմ, թե ինչպես ավարտվեց Զորթյանի դատական գործը։ Դրանից հետո նա և իր կինը մահացել էին։

Եթե Թորոսյանը իրոք հայ է, ապա նա ինչպե՞ս կարող էր PR անել Թուրքիայի համար։ Սակայն ավելի կարևոր է, թե ինչպե՞ս կարող էր Թուրքիան վարձել նրան՝ հաշվի առնելով Զորթյանի փորձը։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հարութ Սասունյան 
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին