▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դվինում հայտնաբերված բուրգը` ծածկված հաստ հողաշերտով, դեռ բացվելու է և բացելու իր գաղտնիքները

nyut.am-ը գրում է.

Հայաստանում բո՞ւրգ… Մենք սովոր ենք դրանք տեսնել Եգիպտոսում, հայտնի են նաև ացտեկների, մայաների քաղաքակրթություններին պատկանող հնդկացիական բուրգերը Հարավային Ամերիկայում, և հանկարծ առաջին հայացքից անհավատալի ու տարօրինակ լուր հայտնվեց` Հայաստանում բուրգ կա, բուրգ է հայտնաբերվել:

Մեր զրուցակիցը հին և կորուսյալ քաղաքակրթությունների գաղտնիքների հետազոտող, աշխարհահռչակ «National Geographic» («Նեյշնլ Ջեոգրաֆիկ»), «Նռան հատիկ» (ԱՄՆ), «Անդին» ամսագրերում, Ռուսաստանում հրատարակվող «Քրոնոս» միջազգային հանդեսում և այլ պարբերականներում հրապարակված բազմաթիվ հոդվածների հեղինակ Վազգեն Գևորգյանն է` Գուսան Համազասպի որդին: Նրանից առաջ էլ տեղացիներն իմացել, տեսել, հասկացել, համոզվել են, որ Դվինի կամ, ավելի շատ, Գետազատ գյուղի մոտ գտնվող ուշագրավ բլուրը սոսկ բլուր չէ, նրա տակ ինչ-որ խորհրդավոր շինություն է թաքնված, սակայն Վազգեն Գևորգյանն առաջինն է նկատել ու հասկացել, որ այդ շինությունը բուրգ է:

- Ինչպե՞ս նկատեցիք ու համոզվեցիք, որ Դվինի մոտ գտնվող բլուրը սոսկ բլուր չէ, և որ դրա տակ հաստ հողաշերտով ծածկված բուրգ է թաքցված:

- Հինգ տարի առաջ ես, կինս, ընկերս գնացինք Դվինի հնավայր, որը Երևանից մոտ 40 կիլոմետր է հեռու: Այնտեղ հնագետների մի քանի տնակ կար, նաև` պահակ, որը երեխաներ ուներ: Այդ երեխաներից մեկին հարցրեցինք` բացի այս հնավայրից, ի՞նչ հետաքրքիր բաներ գիտես Դվինի շրջակայքում, ասաց` Տրդատի պալատը: Հարցրեցի` ինչպե՞ս կարող եմ գտնել, ասաց` «Կանաչ կիրակի» մատուռի տեղը կհարցնեք, դրա վերևն է: Թեև դա պալատ չէ, այլ ամրոց, և այն Տրդատը չի կառուցել, սակայն երեխան տեղը ճիշտ ցույց տվեց:

Գնացինք, այդ մատուռի դիմաց, իրոք, տեսանք մնացորդները ավերակված մի ամրոցի, որը, ինչպես հետագայում դրա մասին կարդացի, Խոսրով Կոտակի կառուցած Տիկնունյաց ամրոցն է եղել: Այդտեղից մենք սկսեցինք ցած նայել ու շրջապատը նկարել: Այդ ընթացքում մեր օբյեկտիվում հայտնվեց Գետազատ գյուղի մոտ գտնվող ինչ-որ մի բլուր, որը նման է շինության, ավելի որոշակի` հողով ծածկված բուրգի: Մենք այդ նմանությունն առավել հստակ հայտնաբերեցինք հետո, երբ դիտում էինք նկարները, թեև դեռ նկարելիս զգացինք այդ բլրի ձևի տարօրինակ լինելը, բայց մութն ընկավ ու մենք չկարողացանք ավելի մոտիկից այն հետազոտել: Մեկ շաբաթ հետո հետ վերադարձանք, այս անգամ արդեն բարձրացանք այդ բրգաձև շինության վրա, որի տեսանելի բարձրությունը գետնի մակերեսից աչքաչափով մոտ 20 մետր է: Նկատեցինք, որ վրան ջրագիծ է քաշած ու ծիրանի ծառեր են տնկված, որոնք, սակայն, բոլորը չորացած էին:

Բարձրացանք բլրի գագաթը, այդ ծառերից ու ջրագծից բացի, ոչինչ էլ չտեսանք, մեկ էլ` ճանապարհին քարե աստիճանների պես բաներ նկատեցինք, բայց կարծեցինք, թե դրանք գյուղացիների արածն են: Իջանք ցած, տակը 82-ամյա մի ծերունի կար, ասաց` տղեք ջան, ի՞նչ էիք ման գալիս: Հարցրեցինք` հայրիկ ջան, դուք այստե՞ղ եք ծնվել: Ասաց` հա: Ասացինք` էս սարի մասին մեզ ի՞նչ կպատմես: Ասաց` տղեք ջան, էսի սար չէ, շինություն է: Վայ, ասինք, հայրիկ ջան, ո՞նց թե շինություն է… Բա դու ինչպե՞ս կարող ես ապացուցել, որ շինություն է: Ասաց` տղեք ջան, էսի մուտք ունի, ու մի պատմություն պատմեց, թե այն ժամանակ երբ թուրքերը հարձակվել են, տեղի ժողովրդին` մեր ու մանուկ, տարել, մտցրել են մի ինչ-որ սենյակ, որ այդ շինության մեջ է, հետո քարը դրել մուտքին, փակել են, նրանք այդտեղ մահացել են, և այդպես մնացել է: Հարցրեցինք` հաստա՞տ գիտես, որ սա շինություն է, ասաց` հա, 100 տոկոսով: Ասացինք` այդ մուտքը դու տեսե՞լ ես… Բա թե` հա, իմ հերս էլ է տեսել, մենք էլ ենք տեսել, բոլոր գյուղացիներն էլ գիտեն, որ սա շինություն է: Ինքը տարավ, մուտքի հողածածկ տեղը մոտավորապես ցույց տվեց: Այդպես մենք թողեցինք եկանք:

Հետո ես մեր հնագետներից ոմանց հայտնեցի այդ ամենի մասին, սակայն, ցավոք, նրանք բանի տեղ չդրեցին այսինքն` չեկան, չտեսան, ասացին` եթե գյուղացիներն են ասել, դու գյուղացիներին մի հավատա: Կարճ ասած, դիմել եմ տվյալ ոլորտի պատասխանատուներին, որոնցից ոչ մի պատասխան չեմ ստացել, համապատասխան որևէ գործողություն չի եղել: Հետագայում ոմանք, չգիտես ինչու, ոչ պաշտոնապես լուր տարածեցին, թե դա մոնղոլի դամբարան է: Ամեն ինչից զատ, այդպիսի վիթխարի չափերի ի՞նչ մոնղոլի դամբարան, այդ մոնղոլները հո կիկլոպներ չէի՞ն… Մի օր հնագետներից մեկին հարցրեցի` դեռ չեք բացել, մոնղոլին էլ չեք գտել, ինչի՞ց եք եզրահանգել, որ դա մոնղոլի դամբարան է: Ասաց` այդ ստալակտիդային հարթաքանդակներից: Հետո ի՞նչ, չէ՞ որ, օրինակ, մեր Գեղարդն էլ է ստալակտիդային հարթաքանդակներով (դա հարթաքանդակի տեսակ է):

- Ի՞նչ շարունակություն ունեցավ այս պատմությունը:

- Անցյալ տարի «Արմենիա» հեռուստաընկերությունից ինձ մոտ եկավ Լուիզա Սուքիասյանը և այդ բուրգի մասին էլ լսելով (նա ինձ հետ Տաթևի սյան հետ կապված գաղտնիքների մասին ռեպորտաժ էր պատրաստում), խնդրեց իր հետ գնալ Դվին, որ այդ բուրգի մասին էլ հեռուստանյութ պատրաստի: Տեղում իմացանք, որ այն պապիկն արդեն մահացել է:

Մոտ 32-ամյա մի տղայի տեսանք, անունը` Վահագ, Գետազատ գյուղի բնակիչներից է, բուրգի տակի մյուս այգին էլ իրենն է: Նրան հարցրեցինք` Վահագ ջան, դու ի՞նչ գիտես այս բուրգի մասին: Նա սկսեց շատ որոշակի բաներ պատմել: Ասաց, որ սրանից մոտ երկուսուկես տարի առաջ գյուղացիները բարձրացել են բուրգի գլուխը ու սկսել քանդել հողաշերտը: Քանդել են մի 2, երկուսուկես մետր ու շինության` բուրգի գլխին հանդիպել: Բացել են այն, նաև` քառակուսի, սրբատաշ քարերը, ստալիկտիտային հարթաքանդակները: Դրանց կեսը կողքերն է գցված, զարդաքանդակներից մեկը տարել են «Կանաչ կիրակի» մատուռի մոտ, դրել որպես սրբություն, մենք նկարել ենք դա: Հետագայում ինչ-որ մարդիկ հողը լցրել են բուրգի գագաթի վրա, դարձյալ ծածկել, սակայն ինչքան էլ գագաթը փակել էին, բացվածքն էլի մնացել էր: Հիմա այդ բուրգը վերևից տրված բանավոր կարգադրությամբ պահպանության տակ է, Գետազատի գյուղապետի հետ պայմանավորվածություն է եղել, որպեսզի այդ բուրգին որևէ մեկը ձեռք չտա…

Շատ հետաքրքիր շինություն է այդ բուրգը: Տուֆից է այն, ընդ որում, նման էր Արթիկի տուֆին, վարդագույն է: Տուֆն, իհարկե, ժամանակաշրջանի ինչ-որ խախտում է տալիս, դե, գիտեք, մեզ մոտ հնում բազալտն է օգտագործվել, տուֆ չպետք է լիներ, տուֆից ավելի շատ քրիստոնեական ժամանակաշրջանի կառույցներն են լինում, բայց, համենայն դեպս, մի բան պարզ է` այն ոչ թե բլուր է, այլ շինություն, ընդ որում, բուրգ:

Ուզում եմ դիմել մեր մեծահարուստ գործարարներին, ի վերջո, վարչապետին ու նախագահին` զբոսաշրջությո՞ւն ենք ուզում զարգացնել Հայաստանում, որ այդ բուրգը բացենք, զբոսաշրջիկները կավելանա՞ն այստեղ… Թե՞ 300 000 դոլարով էլի երկու բիոտուալետ առնենք ու զբոսաշրջություն զարգացնենք:

- Ըստ ձեզ, ովքե՞ր են կառուցել Դվինի բուրգը, ե՞րբ են կառուցել, ինչո՞ւ են կառուցել…

- Մի պահ ենթադրենք, որ մենք այդ բուրգը չէինք հայտնաբերել: Պարզից էլ պարզ է, որ բրգաշինարարները եղել են հայերը: Որ այդ հետազոտությունը և հետևությունը մեր գիտնականները դեռ չեն արել, դա դեռ ոչինչ չի նշանակում, որովհետև մտածելու ունակություն ունեցող յուրաքանչյուր մարդ կհասկանա, որ մեր բոլոր խաչագմբեթավոր, տակը հավասարաթև խաչով, կենտրոնաձիգ գմբեթով եկեղեցիները երկրաչափորեն բուրգ են ուրվագծում, այսինքն` եթե գմբեթից չորս հատ գիծ տանենք այդ հավասարաթև խաչի անկյունները, կստանանք բուրգ: Մայաները կործանվեցին, կորան, այլևս որևէ նոր բան չկառուցվեց, հայ ժողովուրդը մինչև հիմա էլ յուրօրինակ բուրգեր է կառուցում` հանձին եկեղեցիների, և, կարծում եմ, կատարելագործված բուրգեր է կառուցում: Ոմանք գիտեն, որ բուրգը նուրբ էներգիաների կենտրոնացման վայր է, նույնը` եկեղեցին, եթե, իհարկե, այն իր ճիշտ տեղում է կառուցված: Այնտեղ դրված մթերքները չեն փչանում և այլն, և այլն: Բուրգերի ֆենոմենալ հատկությունների մասին հիմա ամբողջ աշխարհն է խոսում: Որևէ մեկը փորձե՞լ է հիմա նույն բանը ստուգել հայկական խաչագմբեթավոր եկեղեցում: Մենք խաչագմբեթավոր եկեղեցու ուղիղ կենտրոնաձիգի` գմբեթի տակ, մեջտեղում դրեցինք կենսաֆիզիկոս Ռաֆիկ Սարգսյանի կենսորոշիչ սարքը, և այն միանգամից փաստագրեց հզոր կենսաուժերի ներհոսք կամ առկայություն: Չնայած դա էլ որ չանեինք, պարզ էր: Ինչո՞ւ են շշով ջուր բերում եկեղեցի, ինչո՞ւ է այն եկեղեցական ծիսակարգով դրվում հատուկ տեղում (մարդիկ գիտեն ինչ են անում), սովորական ջուրն ինչպե՞ս է այնտեղ հանկարծ սուրբ դառնում, առանց բակտերիաների, ու չի նեխում, ի՞նչն է ազդում ջրի վրա, որ այն դրանից հետո տարիներով կարող է մնալ, չնեխել: Դա գիտություն է:

Եգիպտական, ինչպես նաև հարավամերիկյան բուրգերի նիստերը հենց այնպես չեն կառուցված, դրանք իրենց դիրքերով երկրի չորս կողմերը կողմնացույցի նման ցույց են տալիս: Հիմա դժվա՞ր է հասկանալ, որ եկեղեցիներն էլ, լինելով վերափոխված բուրգեր, նույն սկզբունքով են կառուցված, դրանք միաժամանակ յուրօրինակ կողմնացույցներ են. խորանը գտնվում է արևելքում, դուռը գտնվում է արևմուտքում, խորանից աջ հարավն է, ձախ` հյուսիսը: Այսինքն` բուրգերի և եկեղեցիների առնվազն չորս համապատասխանություն առկա է` ճարտարապետական, յուրօրինակ կողմնացույց հանդիսանալը կամ աշխարհագրական կողմնորոշումների համապատասխանությունը, ֆենոմենալ հատկությունները և պաշտամունքի վայրեր լինելը:

Ի վերջո, արդեն պարզ է, որ Դվինում եղածը բուրգ է: Ես պնդում եմ դա: Նկատի ունենալով նաև, որ իմ հեղինակությունը ոմանց չի բավարարում, ես այստեղ ոչ մի արդյունքի չեմ կարող հասնել, անցյալ տարի Հայաստան հրավիրեցի հնագույն քաղաքակրթությունների աշխարհահռչակ հետազոտող Գրեմ Հենքոքին: Այդ մարդը տվյալ ոլորտում ամենահեղինակավորն է, բավական է ասել, որ նրա գրած գրքերն ամբողջ աշխարհում վաճառվել են 5 միլիոն տպաքանակով: Ե՛վ Պերում, և՛ Եգիպտոսում, և՛ Հնդկաստանում, և՛ Չինաստանում ու այլ երկրներում պարոն Հենքոքն իր ոտքով է շրջել, իր աչքով տեսել ու ձեռքով շոշափել: Նահուլիսին եկավ, 7 օր մնաց այստեղ: Տարա բուրգի մոտ, տեսավ, շշմեց… Գրեմ Հենքոքը փաստեց, որ այն բուրգ է և չի կարող բուրգ չլինել: Իր հարցազրույցում նա ասաց` ես աշխարհում շատ սարեր եմ տեսել, սա բուրգ է, ինչ-որ մեկի մտքով չի կարող անցնել, որ սա սար է, մի՞ թե կա մեկը, որը կարող է ասել, որ սա բուրգ չէ: Երբ պատասխանեցի, որ կան նաև այդպիսի մարդիիկ, նա ասաց` սա ակնհայտ բուրգ է: Դրա հարթաքանդակները տեսնելուց հետո ավելին ասաց` ես ամբողջ աշխարհում ման եմ եկել, բայց այսպիսի բուրգ, այս տեսակի բուրգ ոչ մի տեղ չեմ տեսել, այստեղ տեսա: Նա Ֆեյսբուքի իր էջում դրել է Դվինի բուրգի նշանը, դեռ անցյալ տարի այն ավելի քան 150 000 հավանում էր ստացել, միայն դրա համար շատ մարդիկ ցանկություն են հայտնել այցելել Հայաստան, իսկ մերոնք ասում են, թե իբր մոնղոլի դամբարան է:

Մի պահ ենթադրենք, թե մոնղոլի դամբարան է, ուրեմն ի՞նչ` այդ մոնղոլն եկել այստեղ մեռել է, մինչ այդ բուրգն իրեն շատ է դուր եկել, ասել է` ես որ մեռնեմ, ինձ կտանեք, այնտեղ կդնեք, տարել, դրել ենք այնտեղ: Հիմա ընդամենը մեկ հարց` այդ դամբարանը կառուցողներն ովքե՞ր էին, հայ ճարտարապետները չէի՞ն… Չէ՞որ բրգաշինության համար ճարտարապետական լուրջ գիտելիքներ էին անհրաժեշտ, մշակույթ, զարգացածություն, քաղաքակրթություն, հենց այնպես, միանգամից չէին կարող բուրգ կառուցել: Թող բացեն, հետո պարզ կլինի, կարևորն այն չէ, թե ներսում մոնղոլի, հայի թե մեկ ուրիշի աճյունն է, կամ, ընդհանրապես, այդպիսին կա՞, թե ոչ, կարևորն այդ բրգաձև ճարտարապետական կառույցն է և այն, որ այդ բուրգը, ես համոզված եմ, մեր շատ հարցերի պատասխանները կտա, որովհետև այնտեղ և գրություններ կարող են հայտնաբերվել, և այլ գտածոներ, որոնք ուղղակի կվերականգնեն մեր կորսված պատմական հիշողությունը: Ենթադրում եմ, որ Դվինի բուրգն առնվազն 2000 տարուց էլ հին է, մնացածը հայտնի կլինի, երբ այն կբացենք: Ես տեսել եմ մինչքրիստոնեական տաճարի հիմքերը… Ավելին ասեմ` այնտեղ, ըստ գյուղացիների, առնվազն ևս երկու այդպիսի` հողաշերտով ծածկված բուրգ կա: Եթե դա իրոք այդպես է, ապա այդ տարածքն արդեն Գիզայի հովտին է նմանվում:

 

Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին