▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլիթը և Արմանը այս տեսահոլովակով հակաարվեստ են քարոզում. Լևոն Բլբուլյան

Վերջերս երգիչներ Արման Հովհաննիսյանն ու Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրին  իրենց համատեղ աշխատանքը՝ «Իմ բաժին սերը»: Երգն ու տեսահոլովակը բուռն քննադատությունների առիթ դարձան: Հնչեցին կարծիքներ, որոնց համաձայն`այդ արաբա-պարսկական կլկլոցները մեզ վայել չեն: Համացանցային օգտատերերի շրջանում լայնորեն քննարկվում էր հատկապես այն փաստը, որ ՀՀ վաստակավոր արտիստ Արմանի Հովհաննիսյանն այդ երգից հետո միանգամից կորցրեց իր բարի անունը, քանի որ  Լիլիթ Հովհաննիսյանը գցեց նրա վարկը: Ոմանք նույնիսկ նկատեցին, որ մեր զինվորները սահմանը պաշտպանում են թուրքից, այնինչ մեր մշակույթը թուրքականից «ազատագրել» ոչ մի կերպ չի ստացվում: 

Asekose.am-ը այս թեմայի շուրջ զրուցել է բանաստեղծ, հրապարակախոս Լևոն Բլբուլյանի հետ, ով նաև մի շարք երգերի հեղինակ է:

Անդրադառնալով Արմանի և Լիլիթի համագործացությանը՝ պրն. Բլբուլյանը նշեց, որ թեև նրանք ունեն ձայնային լավ տվյալներ, այնուամենայնիվ, սխալ ընտրություն են արել:

«Չնայած երկուսն էլ բնությունից օժտված են, ձայնային լավ տվյալներ ունեն, բայց ափսոս՝ նրանց ճաշակը պակասում է: Եթե իրենք լավ երգ երգեն, ճիշտ ուղղորդվեն, հնարավոր է, որ շատ օգտակար լինեն մեր արվեստին»,- նշեց մեր զրուցակիցը, ապա հավելեց.

«Ես խնդիր չունեմ, չեմ վախենում բարձրաձայն արտահայտել իմ կարծիքը: «Իմ բաժին սերը» արաբա-թուրքական գործ է առաջին իսկ հնչյուններից: Լիլիթը և Արմանը հակաարվեստ են քարոզում, մանավանդ՝ այս տեսահոլովակով: Այս տեսահոլովակն անցել է բոլոր սահմանները: Եթե սա արաբա-թուրքական տեսահոլովակ լիներ, կարելի էր անգամ գովել, բայց սա հայկական մշակույթ չէ: Երգի խոսքերն էլ մի բան չեն. դա էլ առանձին թեմա է: Այսօր երգիչները դադարել են ուշադրություն դարձնել բառերին, դրանք մի կերպ հարմարեցնում են երաժշտությանը կամ չեն էլ հարմարեցնում »,-նշեց պրն. Բլբուլյանը:

Անդրադառնալով հանրության շրջանում տարածված այն կարծիքին, թե ամոթ է, որ վաստակավոր արտիստն է նման երգեր կատարում, մեր զրուցակիցը նկատեց. «Արմանը Լիլիթի նման հաճախ նման էժանագին երգեր չի երգում, չնայած երբեմն կուլ է գնում շուկայի պահանջներին և երգում է երգեր, որոնք հարիր չեն ՀՀ վաստակավոր արտիստին, ով կոչված է բարձր ճաշակ թելադրել, մշակույթ քարոզել, մեր երգարվեստը  բարձրաձնել, բայց երբեմն շեղվում է ճիշտ ուղուց: Կարելի է ներել նրանց նրա համար, որ նրանք շատ հաճախ դա անում են իրենց ապրուստը վաստակելու համար, սակայն թող նմանատիպ երգերը երգեն խնջույքներում, բայց չհանեն եթեր, չփչացնեն մեր մատաղ սերնդի ճաշակը, մեր ականջը չսղոցեն: Սրանով Արմանը կուլ է գնացել Լիլիթի և նրա ամուսնու՝ Վահրամի գուցե շահավետ առաջարկին: Սակայն ավելի լավ կլիներ, որ գումար չվաստակեին այս երգով ու տեսահոլովակով, բայց իրենց կշիռը չգցեին»:

Լ. Բլբուլյանի խոսքով` դաշտը մաքրելու ուղղությամբ ոչ մի դրական քայլ չի արվում, փոխարենը հեռուստա և  ռադիոընկերությունները շատ հեշտորեն հեռարձակում են վերոնշյալ դուետի նման գործեր. «Ի վերջո, մեզ հարկավոր է գեղխորհուրդ կոչվածը, որպեսզի եթեր հեռարձակվեն որակի որոշակի չափանիշներին համապատասխան երգեր»,-Asekose.am-ի հետ զրույցը եզրափակեց Լևոն Բլբուլյանը:  

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Կարդացեք նաև՝ Այդ արաբա-պարսկական կլկլոցները մեզ վայել չեն. Արթուր Իսպիրյանը՝ Լիլիթի ու Արմանի զուգերգի մասին

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին