Դիտեք նաև՝
Asekose.am-ի տարվա ամփոփիչ բլից հարզացրույցին պատասխանել է ներկայումս ամերիկաբնակ հաղորդավար Մհեր Բաղդասարյանը:
-Սիրո՞ւմ եք Նոր տարին… Եթե այո, ապա ինչո՞ւ:
-Շատ եմ սիրում Նոր տարին, հատկապես Նոր տարվա հոտը: Վաղ մանկությունից քթիս մեջ հենց Նոր տարվա հոտն է մնացել. երևի, ավելի շատ ասոցացվում է հին արհեստական եղևնու խաղալիքների ու փոշու հետ, երբ բացում էինք խորդանոցում պահված արկղը հոտը տարածվում էր ու սկսվում էր Նոր տարվա հեքիաթը: Միջին վիճակագրական հայկական ընտանիքներում, ինչը Հայաստանում մեծամասնություն է կազմել, Նոր տարին մեծահասակների համար միշտ հոգս էր համարվում, իսկ մեզ համար հեքիաթ: Ես չէի սիրում, երբ օրինակ Նոր տարվա բնորոշ ուտեստները մարդիկ պատրաստում էին ամռանը, սիրում էի Նոր տարվա հատուկ լինելը:
-Ինչպիսի՞ն էր 2014-ը Ձեզ համար:
2014-ը իմ կյանքի ամենաբեկումնային և որոշիչ տարին էր, երևի: Հետաքրքիր է, որ յուրաքանչյուր տարվա վերջին նույնն եմ մտածում. երևի, դա նշանակում է, որ տարին հաջողվել է: 2014-ին մշտական բնակության իրավունք ստացա Միացյալ Նահանգներում, աշխատանքի անցա «Global Arts» ընկերության «USArmenia» հեռուստալիքում, սկսեցի ամեն օր վարել երկու ժամ տևող առավոտյան ուղիղ եթեր, փոխվեց ողջ կյանքս, կյանքիս ընթացքը, նպատակներս. սա խելահեղ է;
-Ձեր կյանքի ամենաուրախ և հիշվող Նոր տարին:
-Իմ կյանքի ամենաուրախ Նոր տարին, երևի, շատ վաղ մանկությունից է: Տատիկս ժամը 00:00-ից հետո ասում էր` գնացեք, պատուհանից տեսեք, թե ինչպես է Ձմեռ պապիկը գալիս: Հետո ինչ-որ մեկին զգուշացնում էր դռան զանգը տալ, նվերներն արագ տեղադրում էր տոնածառի տակ ու ասում, որ Ձմեռ պապիկը շատ զբաղված էր, չսպասեց մինչև մենք պատուհանից այս կողմ գանք: Սկզբում ինձ մոտ Ձմեռ պապիկը բավական անքաղաքավարի կերպարով էր տպավորվել, հաջորդ տարիներին արդեն հասկանում էի, բայց ոչինչ չէի ասում, որ տատիկս չտխրի. նա այնքան եռանդով էր դա անում, տխուր կլիներ նրան զրկել այդ երջանկությունից: Տատիկս միշտ պատրաստում էր ինչ-որ կոնֆետներով, մանդարիններով փոքր տոպրակ, որի մեջ չգիտես ինչու կար նաև պոպոկ-պնդուկ: Թե ինչո՞ւ պետք է Ձմեռ պապիկն ուտելիք բերեր, բայց դրանք վատ տարիներ էին ու մենք անգամ դրանից էինք երջանիկ զգում: Երջանկությունը, երևի, այդ փոքրիկ, թափանցիկ մանդարիններով տոպրակի մեջ էր:
-Ձեր կյանքի ամենատխուր Նոր տարին:
-Ամենատխուր Նոր տարին նախորդ տարի էր. երևի, որ մենակ էի, բայց դրանում էլ որ մի դրամատիկ բան չկար:
-2014-ի ամենակարևոր իրադարձությունը:
-2-րդ հարցի մեջ արդեն պատասխանեցի:
-2014-ի կորուստը:
-2014-ին պապիկս կյանքից հեռացավ, այլ կորուստներ չեղան: Մարդկային կորուստները, երևի, ամենացավալին են, բայց երբ հեռվում ես ու չես տեսնում մարդու մահանալը, միշտ մոռանում ես այդ փաստի մասին: Հիշում ես նրան այնպիսին, ինչպիսին տեսել ես վերջին անգամ:
-Ի՞նչ էր պակասում Ձեզ 2014-ին:
-2014-ին ու, ընդհանրապես, միշտ մեզ պակասում է սեր միմյանց նկատմամբ, հանդուրժողականություն ու սեփական կյանքով բավարարվելու ցանկություն. Մնացած ամեն ին ունենք:
-Որտե՞ղ և ո՞ւմ հետ եք անցկացնելու Նոր Տարին:
-Այս տարի անցկացնելու եմ ընկերներիս հետ: Լոս Անջելեսում կլիմայի պատճառով Նոր տարին չես զգում, փոխարենը քաղաքը Սուրբ Ծննդյան տոներին հրաշքի է վերածվում: Ընկերներիս հետ կնշենք տոնական սեղանի շուրջ, հետո արդեն ակումբ, ինչպես որ հարկն է Լոս Անջելեսում:
-Ի՞նչ նվեր եք ցանկանում Ձմեռ պապիկից:
-Ձմեռ պապիկը ողջ տարվա ընթացքում այնքան բարի է իմ նկատմամբ եղել, որ Նոր տարուն կարող է ինձնից լավ հանգստանալ ու ոչինչ չնվիրել:
-Ի՞նչ է եք ակնկալում 2015-ից:
-2015-ից ակնկալում եմ նույնքան խելահեղ ընթացք: Մտադիր եմ մագիստրական թեզս կրկին պաշտպանել, բայց այս անգամ Միացյալ Նահանգների մեդիա համալսրաններից մեկում: Հուսով եմ դա կհաջողվի անել հաջորդ տարի:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան