Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Անի Պետրոսյանն՝ առանց բեմական դիմակի:
Մանկությանս ամենավառ հիշողությունները...
Գյումրիում իմ հայրական տան բակն է, մայրիկիս աճեցրաց կակաչները, որոնց վրա ամեն առավոտ վաղորդյան ցող էր դնում ու ես էլ ամեն առավոտ մրսելով գնում էի նրանց բարեւելու: Հիշում եմ մեր տոնածառի մեծ կարմիր խաղալիքը, մեր տան կողքի մեծ լիճը, որը ես ու եղբայրս ճամփորդության գնալիս մի կերպ հաղթահարում էինք ու անցնում: Հիմա մեր կարմիր կակաչներն այլեւս չկան, տունը նույնպես: Մոսկվայից վերադառնալուց հետո գտա մեր տոնածառի կարմիր խաղալիքը հին արկղի մեջ, որը շատ փոքրիկ էր, լիճն էլ փոքր ջրափոս էր, կամ ավելի ճիշտ ցեխափոս: Մի քիչ տխուր է, բայց սրանք իմ մանկության ամենավառ հիշողություններն են:
Եկա, որովհետեւ...
Եկա, որովհետեւ ես էլ մինչեւ կյանքիս վերջ այդ հարցի պատասխանն եմ որոնելու, որովհետեւ ամեն իրադարձության, ժամերի, օրերի, տարիների հետ պատասխանը փոխվում է: Կարծում եմ՝ յուրաքանչյուրս մեր առաքելությունն ունենք այս կյանքում. Հուսով եմ՝ մինչ այս պահը գոնե դրանց 10 տոկոսն իրագործել եմ:
Ճակատագրական կետ...
Ճակատագրական կետը հորս մահն էր, որից հետո մասնագիտությունս փոխեցի, այն ժամանակ որոշել էի լրագրող դառնալ:
Հիշում եմ ու տխրում...
Հիշում եմ ու տխրում, որ առաջ հավատս ավելի մեծ էր, ավելի ուժեղ: Չէ, խոսքը Աստծո մասին չէ, այլ մարդկանց: Երեւի փոքր էի ու ավելի քիչ էի ծանոթ իրական աշխարհին, բայց զարամանալին այն էր, որ այն ժամանակ երազանքներս ավելի հաճախ էին իրականանում:
Հիշում եմ ու ժպտում...
Հիշելու ու ժպտալու շատ բան ունեմ, դրանց մասին կարելի է վեպ գրել: Հետեւաբար ժպտում եմ, որովհետեւ ապրածս կյանքը հետաքրքիր է եղել:
Ափսոսում եմ, զղջում, որ...
Ափսոսում եմ, որ «Արդարությունը» թողել ու հեռացել է մեզնից՝ ողջ մարդկությանը թողնելով մեն-մենակ: Բայց դեռ պայքարում եմ ու մինչեւ վերջին շունչս պայքարելու եմ հանուն «Արդարության»: Ինչ մնում է զղջալուն՝ ոչնչի համար չեմ զղջում, եղել է այն, ինչ եղել է:
Վստահ եմ...
Սա բարդ հարց է ինձ համար, այդ իսկ պատճառով «Վստահ եմ» միտքը փոխեմ «Հավատում եմ» արտահայտությամբ: Հա, կա մի բան, որում վստահ եմ. վստահ եմ, որ ամենաշատը մայրիկիս եմ սիրում այս աշխարհում:
Նպատակ ունեմ...
Նպատակներիս մասին որոշել եմ այսուհետ չխոսել, որովեհետեւ նպատակը երազանքի պես մի բան է, իսկ երազանքների մասին, ասում են, չեն բարձրաձայնում:
Չասացի կներես ու...
Աշխատում եմ այնպես ապրել, որ մարդիկ ինձ ներելու պատճառ չունենան, բայց եթե ինչ-որ մեկին, ինչ-որ կերպ նեղացրել եմ, հենց հիմա ասում եմ՝ ներողություն…
Կարոտում եմ...
Կարոտում եմ անհոգությունս…
Սիրում եմ...
Սիրում եմ ամեն բան, ինչ կա իմ կյանքում… չսիրելով ոչինչ չեմ կարող անել:
Իմ կյանքում կցանկանայի փոխել ու անփոփոխ թողնել...
Ես սիրում եմ կյանքը ու ոչինչ չէի ուզի փոխել, որովհետեւ իմ կյանքն այն է, ինչ ես կամ: Անփոփոխ կուզեմ թողնել հարազատներիս, ընկերներիս եւ մասնագիտությունս. Թող նրանք միշտ լինեն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում