«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, օրենքով գող Զապի (Անդրանիկ Սողոյան) նախկին փեսայի՝ Էդգար Մուրադյանի կալանքը դատարանը փոխել է վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցներով։ Տեղեկությունը հաստատեց նրա պաշտպան Վահան Ամիրխանյանը։ Այս գործով կալանավորված են Զապը և օրենքով գող Օշականցի Գևորիկը։
Մեր տեղեկություններով, Զապը հիվանդանոցում է, Օշականցի Գևորիկը՝ ԱԱԾ մեկուսարանում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Էդգար Մուրադյանը գնացել է բժշկական կենտրոն՝ նախկին կնոջից (Զապի դուստրն է) ունեցած երեխային տեսակցելու։ Բժշկական անձնակազմը թույլ չի տվել, վիճաբանություն է սկսվել։ Նույն օրը, ըստ Քննչական կոմիտեի, միջադեպի մասին տեղեկացել է Մուրադյանի նախկին կնոջ հայրը՝ Անդրանիկ Սողոյանը՝ Զապը, որը դիմել է Գևորգ Մելիքյանին՝ Օշականցի Գևորիկին, խնդրելով «հարցը կարգավորել»։ Օշականցի Գևորիկը մի խումբ անձանց հետ գնացել է բժշկական կենտրոն, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել Էդգար Մուրադյանի և նրան ուղեկցողների հետ։
3 անձ կալանավորվել էր, Զապին մեղադրանք էր առաջադրվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակի հետ կապված հոդվածով, Օշականցի Գևորիկին՝ նույն հոդվածով և խմբով խուլիգանության համար, Էդգար Մուրադյանին՝ նույնպես խմբով խուլիգանության համար»։


