2016 թվականի ապրիլ ամսվա այս օրերին էր, որ բոլորս Ադամ Սահակյանին էինք սպասում։ Զինվորի մասին տեղեկություն չկար, ու անզորությունից նույնիսկ նրա նկարն էինք տարածում համացանցում՝ ամեն մեկս հույս ունենալով, որ այդ կերպ գոնե կարող է սրտներս թեթևանալ։ Ամեն մեկս հոգու խորքում փորձում էինք հավատալ, որ Ադամը ողջ է, պախկվել է մի քարի տակ, գոնե փախել է ադրբեջանցի ահաբեկիչների ձեռքից, մոլորվել է ու շուտով կվերադառնա։ Բոլորս սպասում էինք Ադամին, բայց նա չէր փախել, առավել ևս՝ չէր պախկվել քարերի տակ։ Ադամը կռվել էր, հրամանատարի զոհվելուց հետո իր վրա էր վերցրել հրամանատարությունն ու չէր նահանջել։
Ադամը Մոնթեին ու Դուշմանին արժանի հետնորդ էր, քանի որ այն պահին, երբ բոլորս երազում էինք, որ սեփական կյանքը փրկելու համար նա գոնե դիրքից նահանջած լիներ, ինքը զոհեց սեփական կյանքը հանուն մեր՝ երազողներիս համար։
Ադամին ճանաչել եմ դեռ դպրոցական տարիքից ու դրա համար էլ երբեք չեմ հավատացել, որ կռվի ժամանակ սեփական կյանքը փրկելու ցանկությունն ավելի ուժեղ կլիներ հայրենիքը փրկելու ցանկությունից։ Ադամները երբեք չեն նահանջում, կռվում են, զոհվում, բայց չեն նահանջում։