▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի ազգային «հերոսը»

2014թ. օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ 32-ամյա Կարեն Պետրոսյանն անսթափ վիճակում հատել էր սահմանը ու հայտնվել սահմանակից ադրբեջանական գյուղում, որտեղ պատանդառվել էր ադրբեջանցի զինվորականների կողմից:

Հաջորդ օրն արդեն համացանցում տարածվեց մի տեսագրություն, որում  ցուցադրվում էին ինքնաձիգեր, նռնականետեր և այլ զենքեր, որ իբր ադրբեջանական զինվորականները վերցրել էին հայ դիվերսանտներից, որոնցից 3-ին թե 4-ին վնասազերծել էին, այսինքն՝ սպանել, իսկ մեկին էլ գերեվարել: Եվ ահա երկու հաղթահասակ, դիմակավորված ադրբեջանցի զինվորականներ մեքենայից իջեցնում են մահու չափ վախեցած, սարսափահար աչքերով Կարեն Պետրոսյանին:

Հաջորդ կադրերը ցույց են տալիս ծնկի բերած Կարենին հարցաքննվելիս գեներալ-լեյտենանտի ուսադիրներով ինչ-որ  զինվորականի կողմից: Միանգամից զգում ես, որ Կարենին «մեծ պատիվ» է արվել, նրան խրոխտաբար, կասեի «հերոսաբար» հարցեր է տալիս ինքը՝ Ադրբեջանի ազգային հերոս, Ադրբեջանի ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Թելման օղլի Աքպերովը: Նայում ես ու միանգամից զգում, որ դիմացինդ «հերոս» է: Էլ ուրիշ ով կարող էր հղանալ այդ «հանճարեղ» միտքը՝ խեղճ ու կրակ, անսթափ վիճակում ադրբեջանական գյուղում հայտնված հայ երիտասարդին հագցնել  զինվորական կոշիկներ, շապիկի վրայից զինվորական բաճկոն և ներկայացնել  իբրև հայ դիվերսանտ ու հարցնել.

 -Ի՞նչ եք ուզում ադրբեջանցիներից:

Ո՞վ, Կարեն Պետրոսյանը՞, թեյ և ծխախոտ է ուզում, ինչպես դա երևում է ադրբեջանցի լրագրողների (ի դեպ փառք ու պատիվ նրանց) նկարահանած տեսանյութում: Եթե հարցը, ի դեմս Կարենի, ուղղված է հայերիս, ապա՝ ուզում ենք ադրբեջանցիներն էլ, հայերն էլ հանգիստ ապրեն, որ սահմանամերձ, թե° հայկական, թե° ադրբեջանական բնակավայրերի բնակիչները նախկինի պես  հարևանություն անեն, առանց վախի քնեն ու արթնանան, մշակեն իրենց այիները, արածեցնեն իրենց անասունները, բարիք ստեղծեն ու չատեն միմյանց...

Այժմ ես եմ ուզում հարցնել «քաջ հերոս» Ռովշան Աքպերովին. բա ինքն ի՞նչ է ուզում ադրբեջանցիներից, երբ իր ծննդյան օրվա նախօրյակին հրամայում է զինվորներին գնալ, հարձակվել հայկական դիրքերի վրա, հայ զինվորներ սպանել, առանց մտածելու, որ հայերն էլ կարող են սպանել ադրբեջանցի զինվորներին: Այդպես եղավ 2012թ., երբ նրա հրամանով  հայկական դիրքերի թիկունք ներթափանցելու  և դիվերսիա կատարելու փորձի ժամանակ հայ զինվորներ զոհվեցին: Հայկական կողմի պատասխանը չուշացավ, ոչնչացվեց ադրբեջանական մեկ դիրքի ամբողջ անձնակազմը և այլ դիրքերից առանձին զինվորներ, մի քանի անգամ ավելի, քան հայկական կողմի կորուստները: Ցանկանում եմ հատուկ նշել, որ ադրբեջանցի զինվորների մահվան իրական հանգամանքները թաքցվել են ադրբեջանական հասարակությունից:

Թե հայ, թե ադրբեջանցի զոհված զինվորների մահը ծանրացած է Աքպերովի խղճին, եթե, իհարկե, նա դրանից ունի: Նրա անմիտ, սնապարծ ու փառասեր հոգու ցանկություններին հագուրդ տալու համար արձակած հրամանների պատճառով զոհվում են և, ավաղ, դեռ կզոհվեն անմեղ երիտասարդներ, քանի դեռ պաշտոնավարում է նա՝ Հեյդար Ալիևի թեթև ձեռքով հերոսի կոչում ստացած Ռովշան Աքպերովը, նա, որ Կիևում ուսանելիս 2001թ. սպանել է ադրբեջանցի գործարար Էլչին Ալիևին և մնացել անպատիժ (ըստ «Թուրան» գործակալության), նա, որ ուղղակի մեղավոր է մի քանի տասնյակ ադրբեջանցի և մի քանի հայ զինվորների մահվան համար, նա, որ մեղավոր է իր հրամանով գնդակոծվող հայկական գյուղերի և ի պատասխան դրա ադրբեջանական գյուղերի գնդակոծման համար, նա, որ սպանել տվեց ադրբեջանցիների դեմ ոչ մի հանցանք չործած հայ գյուղացուն՝ Կարեն Պետրոսյանին:

Ես հասկանում եմ, որ մեծ է «անվախ հերոս» Աքպերովի ցանկությունը հավասարության նշան դնել վերջինիս և Քարվաճառ ներթափանցած 3 ադրբեջանցիների միջև, որոնք տանջել ու դաժանաբար սպանել էին 16-ամյա հայ պատանուն, ՊԲ զինված ուժերի մայորի և ծանր վիրավորել հայ կնոջը:

 Այս ամենը գրում է մի հայ մարդ, որ ժամանակին հարևանություն և բարեկամություն է արել հարևան ադրբեջանցիների հետ, ում սիրտը ցավում է, երբ ճիվաղների փառասիրական, անմիտ, հիվանդագին ցանկությունների պատճառով զոհվում ու սպանվում են մարդիկ, անկախ նրանից, թե, որ ազգին են պատկանում, կամ վախից ու անապահովության զգացումից ստիպված լքում են իրենց տներն ու բնակավայրերը:

Այս ամենից կարելի է եզրակացնել. գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովը անմարդկային, վայրագ վարքով, չհավասարակշռված ու անմիտ գործողություններով իր հրամանատարության ներքո գտնվող զինծառայողների անիմաստ ու չարդարացված կորուստների պատճառ է դառնում, վտանգում է սահմանամերձ ադրբեջանական և հայկական բնակավայրերի բնակիչների կյանքը, ատելություն սերմանում երկու հարևան ժաղովուրդների միջև, որոնք Աստծո կամոք դատապարտված են կողքկողքի ապրելու:

Նա էապես ստվերում է Ադրբեջանի ժողովրդի հեղինակությունը, ի հակադրություն այն գյուղացիների, ովքեր, ինչպես տեսնում ենք համացանցում տեղադրված տեսանյութից, ընդդիմանում էին Կ. Պետրոսյանի կալանմանը և, պատասխանելով լրագրողների հարցերին, ճշմարտությունն էին ասում. որ չինարեցի հայն անզեն է և իրենից որևէ վտանգ չի ներկայացնում: Նաև այս պատճառով են պաշտոնից հանել այդ շրջանի ոստիկանապետին, ևս մի ադրբեջանցի մարդ հետապնդվեց այն բանի համար որ մարդկային հատկանիշներ ունի:  

 Այսօր յուրաքանչյուր հայ պատրաստ է ընդունել  և հյուրընկալել բարի նպատակներով իրենց մոտ եկած ադրբեջանցիներին, սակայն ոչ թե լրտեսության կամ դիվերսիայի նպատակով գաղտագողի մեր տարածքներ ներթափանցած զինյալների, որոնք գողանում են գյուղացիների անասունները, դաժանաբար սպանում անչափահասներին ու անզեն մարդկանց: 

Էդգար Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին