Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր կայացած վիճակահանության արդյունքներով Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում Դորտմունդի «Բորուսիայի» մրցակիցներից մեկը ադրբեջանական «Գաբալան» է, որի հետ հանդիպումն Ադրբեջանում գերմանական թիմը կանցկացնի հոկտեմբերի 22-ին։ Արձագանքը չուշացավ և ադրբեջանական լրատվամիջոցներից azerisport.com-ը, հոդված հրապարակեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու կատարվելիք հավանական այցի մասին:
Մխիթարյանը Ադրբեջանի օրենսդրությամբ չի կարող ստանալ մուտքի վիզա, քանի որ համարվում է այդ երկրի սահմանն ապօրինի հատած անձ, իսկ Բաքու այցելելու դեպքում, կարող է ձերբակալվել այդ երկրի քրեական օրենսդրության 318.2 հոդվածով:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը բարեգործական նպատակներով այցելել էր Արցախ. այցի նպատակն է եղել նվերներ հանձնել ազատամարտիկների ընտանիքներին:
sport1 պարբերականն էլ գրում է, որ դորտմունդյան ակումբի մամուլի քարտուղարը հանդես է եկել հայտարարությամբ. «Հույս ունենք, որ հայ ֆուտբոլիստը խնդիրներ չի ունենա Ադրբեջան մեկնելիս, քանի որ նա համարվում է թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը»: