▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում փոքր պատերազմ հնարավոր է. Կոմանդոս

armtimes.com-ը գրում է. Դատելով սահմանային իրավիճակի վերաբերյալ ՀՀ եւ Ղարաբաղի պաշտպանության նախարարությունների կողմից վերջին շրջանում տարածվող հաղորդագրություններից՝ կարելի է ենթադրել, որ իրավիճակը մոտ է կամ շատ նման ապրիլյան պատերազմին նախորդած ժամանակաշրջանին:

Այսօր էլ «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ,  պահեստազորի գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ աշխարհազորային ջոկատների հրամանատարներին խնդրելով մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը: Մո՞տ է արդյոք պատերազմը, ինչքանո՞վ ենք մենք պատրաստ դրան: Մեր այս եւ այլ հարցերին պատասխանել է Արցախի հերոս, գեներալ-լեյտենենատ Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):

- Պարոն Տեր-Թադեւոսյան, Վարդան Ավետիսյանն այսօր կոչ է արել միավորվել, մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերին՝ նշելով, որ նոյեմբերի 11-18-ը պատրաստ լինեն իրադարձությունների ցանկացած զարգացման: Որեւէ վտանգ տեսնո՞ւմ եք, ինչ-որ տեղեկություններ ունե՞ք, թե ինչ վիճակ է սահմանին:

- Ես տեղյակ չեմ այդ հայտարարության մասին: Կարող եմ ասել, որ Ադրբեջանը լայնածավալ պատերազմի չի գնա: Փոքր պատերազմ հնարավոր է: Մենք միշտ ասում ենք, որ խաղաղ պայմաններում ենք ապրում, բայց դա այդպես չէ: Բայց պետք է իմանանք, որ մեզ վրա ինչով էլ հարձակվեն, ինչով էլ կրակեն, մենք միայն մարդկային մեծ կորուստ կունենանք: Մենք չունենք մեծ ստրատեգիական օբյեկտներ, որ կորցնենք, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին: Ադրբեջանի ղեկավարությունը լավ ապրում է, հարուստ երկիր ունի, ինչո՞ւ պետք է պատերազմ հայտարարի: Նրանք սահմանին կրակում են ու իրենց ժողովրդին ասում՝ Ղարաբաղը կգրավենք: Բայց դժվար թե իրենք հարձակվեն Ղարաբաղի ու Հայաստանի վրա: Իրենց նավթի ու գազի բազաները մեծ տարածքներ են զբաղեցնում, կպայթի ամբողջ Ադրբեջանը: Նրանք հո հիմա՞ր չեն, որ իրենք իրենց պայթեցնեն: Ես այդ կարծիքին չեմ:

- Իսկ ավելի փոքր, ապրիլյան պատերազմի նման բախման վտանգը մո՞տ է:

- Հա, կարող է: Բայց եթե ապրիլյան պատերազմի ժամանակ մենք չհասկացանք՝ ինչ է կատարվում (շնորհակալ ենք մեր ջահել սպաներին, որ ամեն ինչ արեցին առանց պատրաստության), հիմա դասեր քաղել ենք: Վարդան Ավետիսյանն այդ գործողությունները անում է նրա համար, որ պատերազմ չլինի: Պետք է պատրաստվել պատերազմի, որ պատերազմ չլինի, որ այնպես չլինի՝ նոր պատերազմ լինի, մենք չիմանանք: Մի քիչ հետ ենք մնացել նորագույն տեխնոլոգիաներից: Ասենք՝ անօդաչու թռչող սարքերը: Սիսիանից մի լավ սպա կա, պատմում է, թե ոնց են Ղարաբաղ գնացել, հետո տեսել են անօդաչու թռչող սարք, մտածել են իրենց պիտի նկարի, բայց խփել է: Դուք գիտեք, որ 5 հոգի տեղում զոհվեցին, հետո 2 հոգի էլ հիվանդանոցում մահացան: Ի՞նչ կարող ենք ասել, կարող ենք ասել, որ նոր տեխնոլոգիաները կան, մենք չենք տիրապետում: Պետք է իմանայինք, ոնց կարելի է պաշտպանվել այդ անօդաչու սարքերից: 2011 թվականին Ալ Քաիդան 22 կետից բաղկացած  կանոններ էր հրապարակել: Դրանցից 1-2-ն էլ իմանայինք՝ այդ դեպքը չէր լինի: Այդտեղ գրված է. երբ տեսնում ես անօդաչու, պետք է մեքենայից իջնես, վազես հեռու: Երկրորդ. այդ մեքենայի վրա կարելի էր անդրադարձնող նյութից կտոր գցել: Դրա մեկ մետրը խանութում վաճառվում է 300 դրամով: 2 մետր մեքենայի վրա գցեին, կապեին, ամեն ինչ նորմալ կլիներ: Այդ նյութը մենք լամինատի տակ ենք գցում: Այնպես չէ, որ դրա համար ես մեղադրում եմ այդ սպաներին: Մենք չէինք պատրաստվում կռվին, դա էր խնդիրը: Ամբողջ ժողովուրդը պետք է պատրաստվեր կռվին, որ կռիվ չլիներ:

- Հիմա ավելի պատրաս՞ստ ենք պատերազմին, քան այն ժամանակ:

- Դե հիմա առաջին գծում շատ լավ գործողություններ են գնում. ճանապարհ են սարքում, պաշտպանական գիծն են ամրացնում, կապն են ուժեղացնում, տեխնիկա ունենք առաջին գծում: Հրամանատարները կարող են կրակով դիմավորել թշնամուն: Պատերազմը մեզ դաս տվեց, էդ դասը մենք հասկացանք, բայց էլի եմ ասում, նոր տեխնոլոգիաները խնդիր են մնում: Անօդաչու սարքերը մենք Ամերիկյան համալսարանի հետ թռցնում էինք դեռ ապրիլ ամսին: Մեզ հարցնում էին՝ դա Հայաստանի՞նն է, թե՞ ոչ: Էն օրը հարսանիք եմ գնացել, էդ հարսանիքին անօդաչուներով նկարում էին: Այսինքն սովորական բան է սկսում դառնալ: Հիմա մենք էլ էդ տեխնոլոգիան ունենք: Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մենք պետք է մեր զենքերը ստեղծենք, դրա վրա աշխատենք: Զենքերի ցուցահանդես կար վերջերս (խոսքը ArmHitec-2016 զենքի եւ պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի մասին է): Տեսա՞ք ինչքան արտադրանք ունենք: Մենք առաջ դա առնում էինք, հիմա կարող ենք արտադրել եւ զենք եւ հրթիռ: Հրաշալի է: Այդ ցուցահանդեսի ժամանակ կարելի էր տեսնել, թե ինչ խելքով ազգ ենք, բայց մարդ չունենք էլի, մարդ չունենք:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին