Լա՜վ, մինչև երբ կարելի է զայրանալ ու զարմանալ: Վա՜յ Ժիրոյի պես կռված տղին, Շուշին ազատագրողին, ո՞նց կարելի է ծեծել: Ամբողջ ֆեյսբուքը ողողված է այս նախադասությամբ: Կարծես, թե երեկ, նախորդ օրը, դրան նախորդող մյուս օրերին, մյուս կռված տղերքին չէին հերթով ծեծում, մեքենաները վառում, բանտ նստեցնում, սպանում: Զայրացողներին ու զարմացողներին պարզապես հիշեցնենք, որ Արցախում կռված տղերքի կեսին սպանել են, չեն ծեծել, որովհետև նրանք պատերազմի ընթացքում սկսել էին «բաներ կռահել», որոնք այսօր են կռահում ծեծ ուտող իրենց ընկերները:
Լա՜վ, շատ էլ որ դեռ սահմանակետ չեն դրել ռուսական ռազմաբազա Արցախի սահմանին, բա քաղաքականության մեջ մտած մարդիկ եք, չէիք հասկանու՞մ, որ կկանգնեցնեն էլ, կծեծեն էլ, Գյումրու ռազմաբազայի վրա գնալիս դա չհասկացվե՞ց: Ուզում էիք Արցախն էլի ազատագրե՞լ, բայց չէ որ նրա ազատագրումը սկսվելու է Երևանից, Հայաստանի ազատագրումից, որը ստրկացված է ռուսաստրուկ արցախյան կլանի ձեռքով: Ուրեմն, արժե՞ր այդքան բենզին ծախսել ռուսական ռազմաբազա հասնելու համար, երբ նրա պարագլուխները Երևանում են նստած:
Եվս մի փոքրիկ հիշեցում: Այս համատարած բռնությունների, ծեծ ու ջարդի մեջ, կան մարդիկ, կարևոր մարդիկ, ովքեր 25 տարի շարունակ միշտ ասպարեզում են եղել, փոխնիփոխ կարևոր դիրքեր զբաղեցրել, թե իշխանական, թե ընդդիմադիր դաշտերում, սակայն ցանկացած իրավիճակներում, ցանկացած դրության մեջ, նրանց քթից արյուն չի եկել, գլխից մազ չի ընկել, թեև շատ են «կամեցել» որ իրենցից բացի ուրիշ ոչ մի զոհ չլինի:
Մտածե՛ք, մեկ մեկ, անուն առ անուն գտեք այդ մարդկանց, այ՛ հենց սրանք էլ այս ամենի կազմակերպիչներն են, որոնք ղեկավարվում են նույն տեղից և «կոլեկտիվ ջանքերով» պահում են Հայաստանը ռսի զոնում, ռսի սապոգի տակ...