Շիրակի պետական համալսարանում լարված իրավիճակ է: ՀՀԿ-ական ռեկտորը 2016 թվականից փոխարինելով ԲՀԿ-ական Վարդեւան Գրիգորյանին, ըստ աշխատակիցների՝ հաստիքներ է ստեղծում բարեկամների համար:
Այսօր ՇՊՀ երկու դասախոս`քաղաքագետ Գագիկ Համբարյանը եւ պատմաբան Հովհաննես Խորիկյանը բաց նամակով դիմել էին Սերժ Սարգսյանին եւ Կարեն Կարապետյանին. վերջիններս տեղեկացրել էին, որ «Ռեկտորն ավերում է բուհը»:
Ավելի ուշ Հովհաննես Խորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նամակի հրապարակումից հետո Սահակ Մինասյանն իրեն ազատել է ամբիոնի վարիչի պաշտոնից: «Վերջապես պատասխանեց... ՇՊՀ ռեկտորի առաջին «դաժան» հաշվեհարդարը Հովհաննես Խորիկյանի նկատմամբ հնազանդ գիտական խորհրդի կողմից ամբիոնի վարիչի պաշտոնում անվստահություն հայտնելն է: Նախ՝ ես հրամանով մինչև նոյեմբեր պաշտոնակատար եմ, այսինքն՝ գիտխորհրդի կողմից ընտրված չէի, որ անվստահություն հայտնեին, երկրորդ՝ գիտական խորհրդի անդամ ինձ ընտրել էր ֆակուլտետի խորհուրդը: Սա է համալսարանի գործունեությունը...պատժել, պատժել...»,- ֆեյսբուքյան իր էջին գրել է Հովհաննես Խորիկյանը:
ՇՊՀ-ում այժմ ուսանողներն ի պաշտպանություն Խորիկյանի ստորագրահավաք են սկսել:
Բաց նամակը կարող եք կարդալ ստորև.
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին
Մեծարգո պարոն նախագահ, պարոն վարչապետ, Շիրակի պետական համալսարանի ներքոստորագրյալ աշխատակիցները վրդովմունքով հայտնում են, որ ռեկտոր Սահակ Մինասյանը մեկ տարի շարունակ ավերում է բուհը` հանուն սեփական շահադիտական նպատակների: Հարկավ, այս նամակում տեղի և ժամանակի սղության պատճառով չենք կարող անդրադառնալ ռեկտորի բոլոր կամայականություններին, որոնց պատճառով համալսարանում ուսումնական գործընթացը խաթարված է, դասախոսների և ուսանողների աշխատանքային ու կրթական ապագան` վտանգված: Ստորև անդրադառնում ենք միայն մի քանի հարցերի: Գիտության հետ ոչ մի կապ չունեցող, երբևէ լսարան չմտած ռեկտորը, ոչինչ չհասկանալով ուսումնական պլաններից և դասաբաշխումներից, շարժվելով երկակի ստանդարտներով, անձամբ է կատարում դասաբաշխումները` հաշվի չառնելով դասավանդվող առարկաների մասնագիտական ուղղվածությունը և տվյալ դասախոսի մասնագիտացումը: Փաստորեն, ըստ ռեկտորի` ցանկացած դասախոս կարող է դասավանդել ցանկացած առարկա. համապատասխան հմտություններ և գիտելիքներ տվյալ առարկայից պետք չեն: Հայաստանի Հանրապետության ոչ մի բուհի ռեկտոր երբեք իրեն թույլ չի տա դասաբաշխում կատարել: Այս հարցերի մասին պատրաստ ենք տեղում էլ ավելի ճչացող կամայականություններ ներկայացնել: Աղքատ մարզում և քաղաքում, առանց աշխատաշուկայի պահանջներն հաշվի առնելու, առանց մասնագիտական, գործնական հիմնավորման բակալավրիատում և մագիստրատուրայում կատարվեց անվճար ուսուցման տեղերի` միայն ռեկտորի համար ընդունելի բաշխում, մեծ չափով բարձրացվեցին վարձավճարները, երբ դրա կարիքը չկար: Այս հարցում ևս պատրաստ ենք փաստեր ներկայացնել: Հեռակա և առկա ուսուցման վարձավճարները հավասարեցվեցին, այն դեպքում, երբ հեռակա ուսուցման տևողությունը 5 տարի է, իսկ առկայինը` 4 տարի: Հեռակա ուսուցման վարձավճարները բարձրացնելուց հետո կազմակերպվեց, այսպես կոչված, ինտեգրված ուսուցում առկա ուսուցման հետ, որպեսզի դասախոսներին չվճարեն և զբաղվեն շինարարությամբ ու էլ չգիտենք ինչերով: Հիմնովին փոխվեցին բակալավրիատի և մագիստրատուրայի ուսումնական պլանները` ստեղծելով լուրջ խառնաշփոթ: Առաջին կուրսերի ուսումնական պլանների հետ փոխվեցին նաև II-IV կուրսերի և մագիստրատուրայի II կուրսի պլանները, ինչի հետևանքով ուսանողները դժգոհում են, որ նույն առարկաները երկրորդ անգամ են անցնում,իսկ կարևոր առարկաներ տեղափոխվել են նախորդ կուրս, և ուսանողը բաց է թողնում տվյալ դասընթացը: Կուրսերի մեծ մասը թերբեռնված են, սակայն 10 հոգանոց խմբերում ևս ուսումնական պլանների ժամաքանակի 50 տոկոսն է կատարվում, ինչի պատճառով կրթական ծրագրի վերջնարդյունքները չեն կատարվում: Նույնիսկ առկա-հեռակա ինտեգրված ուսուցման ժամանակ, երբ կուրսերում ուսանողների քանակն ավելանում է, կրկին ուսումնական պլանների ժամաքանակի 50 տոկոսն է կատարվում: Նպատակը պարզից էլ պարզ է. չվճարել դասախոսին և զբաղվել շինարարությամբ ու յուրայիններին բարձր աշխատավարձ տալով: Այս պայմաններում կուրսերի մեծ մասը 2-3 օր է դասի գալիս: Այս հարցում ևս պատրաստ ենք փաստեր ներկայացնել: Մեկ տարի չանցած` հայտարարվեց, որ նախկին ռեկտորից մնացած 500 միլիոն դրամն այլևս չկա, բյուջեն ճեղքվածք է տվել: Կատարվում է հսկայածավալ շինարարություն, որի անհրաժեշտությունը համալսարանը չունի: Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ (ռեկտորն անընդհատ հայտարարում էր, որ Համաշխարհային բանկի միջոցներով է շինարարությունը կատարվում, ու միայն վերջերս համալսարանի կայքում տեղեկատվություն տարածվեց, որ համալսարանն էլ է մասնակցում շինարարության ֆինանսավորմանը) դահլիճն է վերակառուցվում: Սա արժի ավելի քան 100 000 000 դրամ: Համալսարանում և վերջինիս դպրոցում ու քոլեջում բուֆետներն են հիմնանորոգվում: Համալսարանի բուֆետի հիմնանորոգումը համալսարանի բյուջեի համար արժեցել է 25 000 000-ից ավելի գումար: Բուֆետի աշխատակիցների աշխատավարձը վճարում է համալսարանը: Հետևությունները Ձեզ ենք թողնում: 500 000 միլիոն դրամը նախատեսված է եղել ուղղել աշխատավարձերի վճարմանը այս և հատկապես հաջորդ տարի, քանի որ հաջորդ տարի դիմորդների թիվը խիստ նվազելու է: Համալսարանի գրադարանային ֆոնդը անխնա ոչնչացվեց, գրքերը համարվեցին առողջության համար վտանգավոր, գրապահոցները գրքերից ազատվեցին, որպեսզի գրախանութ դառնան: Իհարկե, այս ամենը կատարվում է ռեկտորի սեփական շահերի համար: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս բակալավրիատի ներբուհական և մագիստրատուրայի ընդունելությունները կազմակերպվեցին խայտառակ ձևով: Միայն մեկ փաստ. իրավագիտության մագիստրատուրա ընդունվեցին բազային կրթությամբ բակալավրի քիմիա, կենսաբանություն, բնապահպանություն մասնագիտությամբ շրջանավարտներ, որոնք, իբր, 3 լրացական դասընթացներով լրացնելու են մասնագիտական բացը և մի քանի տարի արդեն պրակտիկ իրավաբաններ են: Ռեկտորը հայտարարում է, որ կրթության որակով չենք զիջելու ԵՊՀ-ին, երբ վերջինս նույն իրավագիտության մագիստրատուրա ընդունում է միայն իրավագիտության որակավորում ունեցող բակալավրի շրջանավարտներ: Իր բարեկամ-մտերիմների համար նշանակել են հսկայական աշխատավարձեր, որոնք բուհական համակարգից անչափ հեռու են: Համալսարանի ուսանողներին բարձր աշխատավարձով նշանակում է այս կամ այն հաստիքին, որոնք աշխատանքային ոչ մի հմտություն չունեն: 2500 ուսանող ունեցող բուհում ռեկտորի մտերիմները ոչ մի բան անելու համար ստանում են 300 000-400 000 դրամ: Նման շռայլություն հանրապետության նախագահն ու վարչապետն իրենց թույլ չեն տալիս օգնականների, խորհրդականների համար: Իսկ եթե փորձես գումար խնդրել գիտաժողովներին մասնակցելու համար, անմիջապես կհայտարարի, որ գումար չկա, և գիտաժողովին մասնակցելու իմաստը ո՞րն է: Համալսարանում 1937 թիվն է: Բարոյահոգեբանական մթնոլորտը չափազանց ծանր ու լարված է, իր մտերիմների միջոցով տոտալ վերահսկողություն է սահմանում մտավորականի կերպարը պահող աշխատակիցների նկատմամբ. ով ուր գնաց, ում հետ խոսեց: Ռեկտորի հետ շփվել հնարավոր չէ, ամբողջ օրը ինտրիգների, բանսարկությունների մեջ է, սրում է միջանձնային հարաբերությունները, ահաբեկում է «բռնել տալ»-ով, կոմպրոմատներ ունենալով: Հարգելի պարոն նախագահ, պարոն վարչապետ, խնդրում և պահանջում ենք ֆինանսական և այլ ստուգումներ կազմակերպել համալսարանում` ռեկտորի և նրա հովանավորների ազդեցությունը ստուգումների արդյունքի վրա բացառելով: Պատրաստ ենք նաև այլ աղաղակող բացահայտումներ անել: Մտածենք սերնդի մասին…
Վստահությամբ` համալսարանի աշխատակիցներ`
Հովհաննես Խորիկյան
Գագիկ Համբարյան