▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ազգը դե՜մք չի ունեցել, դե՜մք

Ինչքան մտածեցի՝ չկարողացա գլուխ հանել, թե ի՞նչ տեսակ ժողովուրդ է եղել սա մեր հայ ազգը։

Եթե մենք միաբան, հզոր, մինչև իսկ աշխարհակալ ազգ ենք եղել Հայկի, Արամի, Տիգրան Մեծի և Արտաշես Աշխարհակալի ժամանակ, պիտի ասեմ, որ դրանք առասպելախառն բաներ են ու եթե ածենք ջուրը՝ մեծ մասը դրանցից կկանգնի ջրի երես։
Անգամ եթե ճշմարիտ լինեն այդ բոլորը, պիտի ասեմ, որ մեծ նախահայրերը չիմանալով, որ հայ ազգը իր բնույթովերկպառակ է, սխալմամբ միաբան են եղել։

Որովհետև Հայաստանում բնակռած չորս նախարարությունները հետագայում հերքեցին, չէ՞, հայոց միաբանության առասպելը։
Ընդհանրապես վերցրած՝ Հայաստանը մեր պետական շենքերի նման մի չորս հարկանի տուն է, որտեղ ապրել են Արծրունիք, Սյունիք, Բագրատունիք և Մամիկոնյանները յուրաքանչյուր հարկում առաձին-առանձին, իրենց առանձին մուտքերով, առանձին խոհանոցով ու արտաքնոցով։

Պատահել է՝ թշնամին բարձրացել, բռնել է չորրորդ հարկի նախարարության բկից, կամեցել է խեղդել՝ վերջինս հավար է կանչել, բայց շենքի մյուս երեք նախարարները դուռը կողպել մտել են ներս՝ թողնելով վերինին իր բախտին։

Այո՛, իսկական չորս հարկանի տուն՝ առանձին կվարտիրաներով։
Այնպե՛ս, որ Արծրունյաց Սենիքերիմ թագավորը իր տունը ծախեց հույներին, կամ ավելի ճիշտ փոխանակեց Պիզու քաղաքի հետ։
Բնորոշելով դերձակային բառերով՝ Հայաստանը երբեք միաձույլ կոստյում չի եղել, այլ չորս տարբեր գույնի կարկատաններից կարված արխալուղ, և հարևան ազգերն երբ իրենց կոստյումի գույնի կարկատան են նկատել հայոց վրա, արձակ համարձակ պոկել են այդ կտորը, տարել իրենց կոստյումը կարկատել։

Այսպես չվարվեց Շահ Աբասը. իրեն հայ արհեստավոր էր պետք, սրբեց ողջ հին Ջուղան, տարավ ածեց իր Նոր Ջուղան։

Եվ ամնագլխավորը՝ հայ ազգը դե՜մք չի ունեցել, դե՜մք։

Օձիքներից մեկը հունաց ձեռքն է եղել միշտ, մյուսը՝ պարսից։ Երբ հույնն է քաշել իր օձիքից՝ պարսիկին է օգնության կանչել, երբ պարսիկն է քաշել՝ հույնին պոռացել։

Երկու երես է ունեցել միշտ, մեկը հույնին դարձրած, մյուսը պարսիկին։ Եվ իրարից անկախ, երբ հունական երեսը ծիծաղել է՝ պարսկականը լաց է եղել, երբ պարսկականն է ծիծաղել՝ հունականը լաց է եղել։

Եվ որովհետև մարդիկ երկու երեսից ավելին չունեն, ուրեմն և Հայաստանը չի ունեցել իր սեփական դեմքը, իր համար լալու, իր համար ծիծաղելու համար։

Ասում են՝ հայության պահպանողը եղել է իր կրոնն ու լեզուն։
Ընդհակառակը. կրոնն եղել է այն կարմիր թաշկինակը, որն հայությունը թափ է տվել իր շրջապատի կատաղած ցուլերին, ցուլերը եկել և անխնա պոզահարել գնացել են։

Իսկ հայոց լեզվի մասին խնդրում եմ չխոսել բոլորովին։ Չգիտեմ հնում ինչպես՝ այժմ հայը իր լեզվով խոսում է այն ժամանակ միայն, երբ օտար լեզու չգիտե. օտար լեզու իմացողը հայերեն կխոսի՞։ Ամոթ չէ՞։

Ներկայումս մեզ մոտ կանայք կան, որոնք ռուսերեն մի բառ չիմանալով հանդերձ՝ ռուսերեն են խոսում… ավանսով։

Այնքան որ այլևս պետք չէ մեզ այդ լեզուն։ /Ականջը խոսի Մեսրոպ Մաշտոցի/։

Ես անձամբ հայոց լեզվից իմ հույսը իսպառ կտրել եմ։ Իմ հույսը Աստվածն է մնացել. Չամչայնն ասում է՝ Աստված դրախտում հայերեն է խոսել Ադամի հետ. եթե այդ ճիշտ լինի՝ բավականին մխիթարանք է ինձ համար։ Միայն՝ այս կա. Աստվածը «մեկ» է, իսկ մեկ մարդով հայերեն կխոսվի՞։ Չէ՞ որ խոսողին լսող է պետք…
-----------------------------
Իմ կարծիքով չարժե ամեն գնով ազգ լինել։ Յուրաքանչյուրը թող իր կարողությանը նայի։ Եթե մեկը չի կարողանում ազգ լինել՝ չպետք է զոռել։ Նա կարող է լիկվիդացնել իր հատ ու կենտ ազգային արժեքները, երկիրը վաճառել և գնալ մի մեծ ազգի մոտ որպես վարձվոր ապրել։
Աշխարհում բոլո՞րն են տնատեր։


Լեռ Կամսար

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին