▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու էին Դիլիջանում հավաքվել հայ և չեխ երիտասարդները

Armenian Open Society («Հայկական Բաց Հասարակություն») երիտասարդական ՀԿ-ը, իր չեխ գործընկերների (ICM Slany) հետ համատեղ, Եվրամիության Erasmus+ ծրագրի շրջանակներում, Դիլիջանում կազմակերպել է «Մեր կառուցած աշխարհը մենք ենք» (The world we create, The world we are) խորագրով միջազգային երիտասարդական փոխանակման ծրագիր` 28 հայ և չեխ երիտասարդների մասնակցությամբ:

Ծրագրի նպատակն էր ոչ ֆորմալ կրթության մեթոդներով մշակութային կապերի ձևավորումը, փորձառնության փոխանակումը, մասնակիցների մոտ քննադատական ու վերլուծական մտածողության ձևավորումն ու սոցիալական ակտիվ ներգրավվածության խրախուսումը:

Ծրագրի ընթացքում տարբեր թատերական ներկայացումների, դերային խաղերի, ազգային առանձնահատկությունների ներկայացման միջոցով մասնակիցները հնարավորություն ունեցան համեմատել և բացահայտել իրենց և միմյանց մշակույթները, փնտրել և գտնել երկխոսության հիմքեր, առաջարկել հակասությունների վերացման լուծումներ` ամենուր հիմնվելով ծրագիր ընթացքում ձեռք բերած սեփական փորձառնության վրա:

ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպանը ընդունել էր  հրավերը` ներկա գտնվելով ծրագրի մաս կազմող միջազգային մշակութային երեկոյին, որտեղ հայ և չեխ երիտասարդները միմյանց ներկայացրել են  իրենց պատմությունը, մշակույթը, սովորույթները, ավանդական կերակրատեսակները և այլն:

Նմանատիպ ծրագրերի տեսանելիության բարձրացման, վիզային գործընթացների հեշտացման նպատակով երիտասարդները  դեսպանին ներկայացրել են  ընթացող ծրագիրի նախապատմությունն ու դրա նպատակները, քննարկել են  մեր 2 երկրներին վերաբերող ու իրենց հետաքրքրող ֆորմալ և ոչ ֆորմալ այլ հարցեր:

Շարունակաբար աշխատելով ծրագրի ընթացքում ձեռք բերված արդյունքների վրա` մասնակիցներն ու խմբի լիդերները Դիլիջանի ամֆիթատրոնում կազմակերպել են մեծ երիտասարդական միջոցառում` իրենց պատրաստած հայտարարություններով ու գովազդային պաստառներով անձամբ ներգրավվելով Դիլիջանի միջնակարգ, ավագ ու երաժշտական դպրոցների, Համայնքային զարգացման կենտրոնի, «Թումո» կենտրոնի երիտասարդներին:

Բազմամարդ միջոցառման ընթացքում Դիլիջանի երիտասարդներն ու երեխաները հնարավորություն ունեցան մասնակցելու ծրագրի մասնակիցների կողմից ներկայացվող հայկական և չեխական երգ-երաժշտության ու պարային կատարումներին, չեխերեն, գերմաներեն, ֆրանսերեն ու իսպաներեն լեզուների դասընթացների, տարատեսակ խրախուսական խաղերի, նկարչության, լուսանկարչության դասընթացների, թատերական իմպրովիզացիոն ներկայացման, ինչպես նաև մասնակցել «Գրկախառնում» ֆլեշ մոբին և պարզապես շփվել արտասահմանցիների հետ:

Նախօրոք տրամադրված հղումներով` կազմակերպիչները իրենց ֆեյսբուքյան էջում միջոցառման լուսանկարներով կիսվել են  դիլիջանցիների հետ:

Փոխանակման ծրագրի վերջին օրը, արդեն Երևանում, խմբի անդամները հյուրընկալվել են  ՀՀ-ում Չեխիայի դեսպանատանը, ուր ծանոթացել են դեսպանատան աշխատանքներին, շփվել  աշխատակիցների հետ, դեսպանի հետ կիսվել են  ծրագրի տպավորություններ ու արդյունքներով, խոսել են  ապագա համագարծակցության մասին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին