Փաստերի ստուգման հարթակը գրում է․ Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի դեմ երկու օր առաջ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Միքայել Մինասյանը, հիշեցնենք, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսան է։
Հանրային հեռուստաընկերության «Լուրերն» էր օրերս տեղեկացրել նոր զարգացումների մասին ու մանրամասնել՝ նախկին պաշտոնյան անցնում է 75 դրվագով։
Ըստ մեղադրանքի՝ առանձնապես խոշոր չափով խարդախություն կատարելու, կաշառք տալու, հակամրցակցային գործունեության, փողերի լվացման և այլ հանցագործությունների համար Մինասյանը ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն: Դատախազության՝ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Սամվել Հակոբյանի փոխանցմամբ՝ պետության կրած վնասը կազմում է 350 միլիոն դոլար։
Արդյունքում, դեռևս 2018 թվականին հարուցված քրեական գործի՝ ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու հոդվածներին ավելացան ևս 13-ը։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի դեմ հարուցված քրեական գործերն ու դրանց ժամանակագրությանը։
Ապօրինի հարստացման գործն ու խոհանոցային ելույթները
Միքայել Մինասյանը 2008-2012 թվականներին, երբ ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանն էր, նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն էր, որից հետո՝ 2013-2018 թվականներին, Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը։
Վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո նոր իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սկսեցին քրեական գործեր հարուցել, որոնց թիրախում հայտնվեց նախ Մինասյանի հայրը՝ Արա Մինասյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից առերևույթ 908 մլն դրամ հափշտակելու մեղադրանքով, այնուհետև որդին՝ Միքայել Մինասյանը։ Մյուս որդին, նկատենք, այսօր Փաշինյանի ղեկավարած կառավարության կազմում է։
Հայրը՝ 2018-ից, որդին՝ 2020-ից հետախուզման մեջ են։
Մինասյան կրտսերի վերաբերյալ դեռևս 2020 թվականից հարուցված քրեական գործերով վերջին տարիներին որևէ առաջընթաց չկար։ Եվ միայն վերջերս Գլխավոր դատախազությունը հայտարարեց քրեական նոր վարույթների մասին։
2020 թ․ ապրիլին Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) մանրամասնել էր՝ Միքայել Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
Ըստ նախաքննության, Մինասյանը, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ լինելով հանդերձ, հաշվետու ժամանակահատվածում՝ 2017-2018 թթ. ընթացքում, մեծ ծավալների հասնող ֆինանսական միջոցների չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, այսինքն՝ ապօրինի հարստացել է:
Դեռ 2020 թ․ մարտին Մինասյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Հենց այդ ժամանակ էլ, ըստ ՀՀ դատախազության, հայկական կողմը Ինտերպոլին ներկայացրել էր անհրաժեշտ փաստաթղթերն ու հիմնավորումները՝ միջազգային հետախուզում հայտարարելու համար:
2020 թ․ հունիսին Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում «Ստի վերջը» վերնագրով տեսանյութերի շարք սկսեց, որտեղ անդրադառնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի գործունեությանը։ Այդ շարքը, որը կազմված էր 11 տեսանյութերից, ի դեպ, յութուբյան տարածքում անհասանելի է, իսկ լրատվամիջոցներում, որոնք հղում են արել տեսանյութերին, դրանք չեն երևում։
Այժմ Միքայել Մինասյանը սոցիալական ցանցերում ակտիվ չէ, նրա մասին որևէ թարմ տեղեկություն հնարավոր չէ գտնել։
Մայիսի 2-ին հրապարակված առաջին տեսաուղերձում Մինասյանը հայտարարել էր, որ դեռևս ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Հռոմում հանդիպել է իրեն ու առաջարկել գործարք։ Ըստ գործարքի պայմանների, եթե Միքայել Մինասյանը ինչ-որ հիմնադրամի սիմվոլիկ գումար վճարեր և անհետանար քաղաքական ասպարեզից, դադարեցնելով ընդդիմադիր գործունեությունը, ապա ՀՀ իշխանությունները հանգիստ կթողնեին Մինասյանին ու նրա ընտանիքին՝ կարճելով նրա դեմ հարուցված քրեական գործերը։
Արթուր Վանեցյանը տեսաուղերձի մասին խոսելիս չէր հերքել Մինասյանի ասածները, բայց հավելել էր, որ «ինքը գործել է բացառապես իր պաշտոնեական լիազորությունների սահմաններում»։ Ի դեպ, Վանեցյանը դեռ 2019 թվականին, երբ ԱԱԾ տնօրենն էր, Միքայել Մինասյանի մասին ասել էր․ «Նա մի մարդ է, որ պետք է դեռ շատ հարցերի պատասխան տա»։
Երկրորդ տեսաուղերձում արդեն Մինասյանը հնչեցրել էր մեղադրանքներ՝ Փաշինյանին անվանել ժողովրդի թշնամի և դավաճան, իսկ նրա թիմի անդամներին՝ օտարերկրյա գործակալներ։
Հայտարարությունն առանց արձագանք չէր մնացել․ տեսաուղերձի հենց հաջորդ օրը՝ մայիսի 6-ին, դատարանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը Միքայել Մինասյանին կալանավորելու մասին՝ փողերի լվացման և ապօրինի հարստացման մեղադրանքներով։ Սակայն որոշումից մեկ ամիս անց Վերաքննիչ դատարանը վերացրել էր Մինասյանին կալանավորելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։
Տեսաուղերձների շարքը շարունակվել էր մինչև հունիսի 28-ը, երբ հրապարակվեց վերջին՝ 11-րդ տեսաուղերձը։ Իր տեսանյութերի շարքում Մինասյանը Փաշինյանին ու նրա մտերիմներին մեղադրում էր մաքսանենգությամբ ադամանդ ու ծխախոտ արտահանելու և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իբրև թե «վերելակային դիվանագիտություն» վարելու մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 25-ին ԱԺ ամբիոնից ունեցած ելույթում անդրադարձել էր «Ստի վերջը» տեսանյութերի շարքին՝ ասելով․ «Մի հոգի կա՝ էն մեկի ընտանիքից, ասում է՝ ես եմ տղամարդը, «կուխնու» սեղանի տակից դուրս չի գալիս, մի հատ էլ ուրիշներին խորհուրդ է տալիս, ասում է՝ դուրս եկեք Ֆեյսբուքից և հաղորդակցվեք իրականության հետ։ Դու հլը «կուխնուց» դուրս արի, նոր ուրիշներին խորհուրդ տուր»։
2022 թ. հուլիսի 7-ից Ինտերպոլը դադարեցրել էր միջազգային հետախուզումը Մինասյանի ներկայացրած դիմումի քննարկման արդյունքում: Հայաստանի դատախազությունը պնդել էր, որ հետախուզման դադարեցման հիմքերի մասին հստակ տեղեկություններ չունի, բայց նաև ասել էր՝ «սկսել է կոնկրետ միջոցներ ձեռնարկել հետախուզումը դադարեցնելու հիմքերը պարզելու և դրանից բխող համապատասխան նոր ընթացակարգեր նախաձեռնելու ուղղությամբ»:
Դատախազության այս հայտարարությունից ուղիղ երկու տարի է անցել և մինչ այժմ հայտնի չէ՝ ինչ է անում իրավապահ այս կառույցը մեղադրյալին վերադարձնելու ուղղությամբ։
Մինասյանի վերաբերյալ քրեական գործերը՝ իրավապահների գզրոցներում
Միքայել Մինասյանը «ՁորաՀԷԿ»-ի գործով մեղադրյալներից է․ Նիկոլ Փաշինյանը 2020 թ․ հունիսին ԱԺ ամբիոնից հայտարարել էր․ «Մենք ասում ենք, օրինակ, «ՁորաՀԷԿ»-ը գողացել են, Սերժ Սարգսյանի ընտանիքը»։
Արդեն 4 տարի է՝ հայտնի է, որ Միքայել Մինասյանը մեղադրյալ է, սակայն նրան պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ դեռ որևէ առաջընթաց չի գրանցվել, դատական վճիռ գոյություն չունի։
Ըստ պաշտոնական վարկածի, «պետական սեփականություն հանդիսացող՝ 2018 թվականի դրությամբ շուրջ 12 միլիարդ դրամ արժեքով, բարձր եկամտաբերությամբ «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի գույքն օտարվել է ընդամենը 3 մլրդ 600 մլն դրամ արժեքով, ինչով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին»։
Պարզվել էր, որ 2010 թվականին կառավարության գաղտնի որոշմամբ Միքայել Մինասյանին էր օտարվել «ՁորաՀԷԿ»-ը։ Մինչ Սերժ Սարգսյանի փեսային անցնելը, «ՁորաՀԷԿ»-ն աշխատել էր շահույթով, և այդ գումարն ուղղվել էր ՀՀ ՊՆ-ին։ 2006-2010 թվականներին պաշտպանական համակարգը ստացել էր ավելի քան 2․5 միլիոն դոլարի եկամուտ, իսկ Մինասյանի ընկերության կողմից սեփականաշնորհվելուց հետո՝ 2011-2018 թվականներին, «ՁորաՀԷԿ»-ի հասույթը հասել էր շուրջ 29 միլիոն դոլարի։
Այս գործի շրջանակներում «ՁորաՀԷԿ»-ի գործով առանցքային մեղադրյալներից էր նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Երեք տարի շարունակված քննությունից հետո 2023-ին նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր։
Հեղինակ՝ Արփինե Հովհաննիսյան
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում