▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մշակութային ցեղասպանություն՝ Հայաստանում, նրա տարածքից դուրս և հայկական հուշարձանները պահպանող միակ երկիրը

«Նյութական ժառանգությունը ցանկացած ժողովրդի մտավոր զարգացման կամ շինարարական գործունեության գրավականն է և այն ժողովուրդները, որոնք կարողանում են պահել-պահպանել ու փոխանցել իրենց մշակութային ժառանգությունը, նրանց պետությունները լավագույն կերպով են արձագանքում քաղաքակրթության պատմությանը: Մեր ժողովրդի պատմության մեջ մեզ հասած ժառանգության ամենաստվար հատվածը դա նյութական ժառանգությունն է.մեր պատմամշակութային հուշարձաններն են: Մոտավոր տվյալներով Արևմտյան Հայաստանի տարածքում ունեցել ենք 180.000-ի հասնող հայկական նյութական ժառանգության հուշարձաններ՝ մինչև 1915 թվականը: Վերջին 100 տարվա ընթացքում կորստյան է մատնվել 97 տոկոսը: Վերջերս՝ 1998-2006 թթ, բոլորիս աչքի առջև Ադրբեջանի և Նախիջևանի իշխանությունների կողմից մշակութային եղեռն իրագործվեց հայկական հուշարձանների նկատմամբ: Շուրջ 27.000-ի հասնող հայկական հուշարձանները  հիմնահատակ ավերվեցին: Մեր հարևան Վրաստանի տարածքում էլ հայկական հուշարձանները վրացականի են վերածում: Կան բազմաթիվ փաստեր.հայկական եկեղեցիներից արձանագրությունները հանվում են, տեղադրվում են վրացականը: Հիմա վիճաբանություն է գնում՝ դրանք վրացական են, թե հայկական:  Միակ երկիրը, որտեղ հայկական հուշարձանները պահպանվում, ավելին՝ վերականգնվում են, դա Իրանն է: 1960-ական թվականներից Իրանի տարածքում 6-7 հուշարձան է վերականգնվել, անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում են ընդգրկվել»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով մշակութային ցեղասպանություն մասին՝ ասաց հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանը:

Նրա խոսքով՝ առ այսօր հայ  ժողովուրդն իր Սփյուռքի կառույցներով, իր պետականությամբ, չունի գոնե մեկ հասարակ ցանկ՝ մեր մշակութային արժեքների վերաբերյալ, այն, թե պատմական Հայաստանի տարածքում, նրա տարածքներից դուրս հայ մարդը որտեղ ինչ է կառուցել, ինչ է ավերվել և ինչ է մնում: Հայագիտական կամ գիտական որևէ կազմակերպություն այդ տվյալներն իր ձեռքում չունի, դրանք չկան  նաև անհատ ուսումնասիրողների մոտ:

«Մեր պետությունը հարկ եղածի չափով հետամուտ չի եղել կամ չի լինում մեր մշակութային արժեքների պահպանության գործում: 1980-90 տարիների ընթացքում ՀՀ տարածքում ավերվել են մեծ թվով հուշարձաններ.հիմնականում հնագիտական: ՀՀ-ում խորհրդային իշխանության տարիներին մոտ 250 հուշարձան է ավերվել:  Հնագիտական հուշարձանների կործանումը դադար չունի.մեծ մասը, հատկապես դամբարանադաշտերը, պեղվում են, նյութը հանվում է և մի քանի տարի անց դրանք վեր են ածվում սովորական փոսերի. սա է մեր վերաբերմունքը: Էլ չեմ խոսում հուշարձանների տարածքում հաց ուտելու  և մնացորդները թողնելու մասին»,-նկատեց բանախոսը:

Արգամ Այվազյանը նշում է՝ մեր այսօրվա հուշարձանապահպան կազմակերպություններն այս դրվածքով ի զորու չեն լինելու լուծել ոչ միայն ՀՀ տարածքի հուշարձանների խնդիրը, այլև դրսի:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին