Արդեն տեղեկացրել ենք, որ օրերս Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ամուսնացել է հայտնի գեղասահորդուհի Տատյանա Նավկայի հետ: Հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել Սոչիում: Հատկանշականն այն է, որ երբ ռուսական ԶԼՄ-ում հայտնվել են հարսանեկան լուսանկարները, սկանդալ է տեղի ունեցել: Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին պարզել է, որ հարսանիքի արարողության ժամանակ Պեսկովը կրել է էքսկլյուզիվ` Richard Mille RM 52–01 ժամացույց, որի արժեքը 37 մլն ռուբլի է կամ 620 հազար ԱՄՆ դոլար:
Պեսկովի վերջին երեք տարիների պաշտոնապես հրապարակված եկամուտը կազմել է 34,5 մլն ռուբլի: Նավալնին նկատել է, որ 1989-ից ի վեր Պեսկովը պաշտոնապես բիզնեսով չի զբաղվել և միայն պետական պաշտոններ է զբաղեցրել:
Նավալնու Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը տեղեկությունը հրապարակել է սոցցանցերում, ինչպես նաև պաշտոնական մեկնաբանություն պահանջել Ռուսաստանի նախագահի աշխատակազմից։
Այս մեղադրանքներից հետո Դմիտրի Պեսկովի կինը` Տատյանա Նավկան, հայտարարել է, որ այդ շքեղ ժամացույցը հարսանիքի կապակցությամբ ինքն է նվիրել ամուսնուն, ավելին` այն գնելու համար ստիպված է եղել շատ աշխատել ամռանը:
Սակայն Նավկայի պարզաբանումից հետո ռուսաստանցի հայտնի լրագրող, բլոգեր Անտոն Նոսիկը նոր բացահայտում է արել Պեսկովի սկանդալային ժամացույցի վերաբերյալ` նշելով, որ «նոր գնված» ժամացույցը Պեսկովի ձեռքին լուսանկարով ֆիքսված է 2014-ի փետրվարի 9-ին Սոչիում կայացած միջոցառումներից մեկի ժամանակ: