▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնդկաձավարի շիլան. Դավիթ Ավետիսյան

Asekose.am-ը շարունակում է ներկայացնել պատմվածքներ Դավիթ Ավետիսյանի «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուից:

 

ՀՆԴԿԱՁԱՎԱՐԻ ՇԻԼԱՆ


«Ավելի հաճախ խեղդվում են լավագույն լողորդները»:
Թոմաս Ֆուլլեր


Հրանտը 60-ն անց տղամարդ էր՝ մշտախոհ, լուրջ մարդու տեսքով: Նա խոշոր ընկերության գլխավոր հաշվապահն էր: Հրանտն այնքան լավ էր տիրապետում իր մասնագիտությանը, որ ստուգողները նրա մոտ մանր թերություններ անգամ չէին կարողանում հայտնաբերել: Նրա բնավորության մեջ տարօրինակություններ կային, որոնց պատճառով շատերը նրան չէին ընդունում, սակայն նրա մասնագիտական կարողությունները բոլորն էլ գնահատում էին, նրա հետ հաշվի նստում: Կատակով, թե լուրջ նրան «Զգուշասեր Հրանտ» անունն էին տվել: Պատճառն այն էր, որ մարդկանց կենցաղի վերաբերյալ նա իր ուրույն փիլիսոփայությունն ուներ:
Նա միշտ մտածում էր, որ մարդը շրջապատված է կյանքը վտանգող մանրէներով և ամեն ինչ պետք է անի, որ դրանցից հեռու մնա: Ձվի մեջ մազ փնտրողներից էր: Խուսափում էր ձեռքով բարևելուց: Հաճախ էր օրինակ բերում ճապոնացիներին` ասելով, որ նրանք ճիշտ են անում, որ ձեռքով չեն բարևում: Ձեռքով բարևելը համարում էր հակահիգիենիկ, բարեկրթության պակաս:
Իսկ թե ստիպված էր լինում ինչ-որ մեկին ձեռքով բարևել, ապա անմիջապես ձեռքերը լվանում էր: Օրվա մեջ երեք անգամ լողանում էր` առավոտյան,
կեսօրին և երեկոյան: Կնոջից պահանջում էր նույնը անել: Տան ամանները և կահկարասին լվանալու կամ ախտահանելու համար գումար չէր խնայում: Նրա համար հատկապես լուրջ խնդիր էր վարսավիրի կամ ատամնաբույժի մոտ գնալը:
Մազերը կտրելու սարքեր էր գնել ու վարսավիրին  խնդրում էր, որ միայն իր տարած գործիքներով մազերը հարդարի: Ատամնաբույժի մոտ գնալիս
նա դարձյալ իր պարագաներն ուներ: Վարսավիրն  ու ատամնաբույժը, որոնց մոտ նա գնում էր արդեն 30 տարի, նրանից չէին նեղանում: Տնեցիները
նրա կենցաղի հետ հաշտվել էին: Մի տղա ուներ  ու մի աղջիկ: Աղջիկը` Վալյան, ամուսնացած էր, առանձին էր ապրում: Այ, երբ տղային` Սուրենին,
պետք է ամուսնացներ, Հրանտը ապագա հարսի վերաբերյալ մի ամբողջ հետաքննություն անցկացրեց:
Մի քանի անգամ նրանց տուն գնաց, աման- չամանին, տան մաքրությանը նայեց, ի վերջո, հավանություն տվեց, որ Սուրենն ու Ալիսան ամուսնանան:
Ալիսան արագ ընտելացավ Հրանտի սահմանած կարգուկանոնին: Նա էությամբ մաքրասեր աղջիկ էր:
Հրանտը սնվում էր միայն տանը, այն էլ կնոջ` Վարդուհու պատրաստած ուտեստներով: Նրա  աշխատանքի վայրը թեև տնից բավականին հեռու էր, սակայն ոտքով էր տուն գալիս, ճաշում էր, լողանում, մի փոքր հանգստանում ու գործի գնում:
Աշխատավայրում միայն սուրճ էր խմում: Սուրճն ինքն էր պատրաստում, սուրճի պարագաներն էլ ինքն էր լվանում, անպայման քիմիական լուծույթներով ու դնում բանալիով փակվող պահարանում: Նրա ենթակայության տակ 5-6 երիտասարդ կանայք ու աղջիկներ էին աշխատում: Նրանցից որևէ մեկի մտքով անգամ չէր անցնի նրան ինչ-որ բան հյուրասիրել կամ ձեռքով բարևել: Ու այդ ամենը նրանց համար սովորական երևույթ էր:
Մայիս ամսվա սկիզբն էր: Հրանտը հարբուխով էր հիվանդացել: Տենդագին փնտրում էր, թե ով է իրեն վարակել: Կասկածյալների շարքում Մարգարիտն էր՝ նրա հաշվապահներից ամենատարիքովը, ով նախորդ շաբաթ մի քանի անգամ նրա աշխատասենյակ էր եկել, ու Հրանտը նկատել էր, որ նրա քիթը մի փոքր կարմրած է: Դիտողություն արեց, սակայն Մարգարիտն ասաց, որ դրսից է գալիս, ցուրտ էր: Նրա աշխատակիցները գիտեին, որ եթե հիվանդ են, ուրեմն Հրանտի աշխատասենյակ մտնելն արգելված է:
Կեսօրին կինը հնդկաձավարով շիլա մատուցեց: Հրանտը նայեց պատառաքաղին, մաքուր էր: Ափսեն, որով մատուցվեց շիլան, մաքրությունից փայլում էր: Սկսեց ուտել: Հրանտին թվաց, թե շիլան դառնահամ է ու թթու: Պատառաքաղը դրեց ու կնոջը հարցրեց, թե շիլան ինչո՞ւ է թթու:

Կինը ժպտաց.
- Հնդկաձավարի շիլան ինչպե՞ս կարող է թթու  լինել, հիվանդ ես, բերանիդ համը կորցրել ես:

Հրանտը մտքում համաձայնեց կնոջ հետ, որ, իրոք, հնդկաձավարի շիլան ինչպես կարող է թթու կամ դառը լինել, հավանաբար այդ անիծյալ հարբուխն
է պատճառը, ու մտքում մի քանի «քաղցր  խոսք» ասաց Մարգարիտի հասցեին: Դժկամությամբ, բայց շարունակեց ուտել:
Հրանտը նոր էր մտել աշխատասենյակ ու փորձում էր միացնել համակարգիչը, երբ զգաց, որ ստամոքսը ցավում է, սիրտը տակնուվրա է լինում:
Քրտինքը պատել է մարմինը: Այդ պահին ներս մտավ Մարգարիտը, ինչ-որ թղթեր դրեց սեղանին, ուզում էր հեռանալ, սակայն, նայելով Հրանտի դեմքին, համարձակություն ունեցավ հարցնել. «Վա՞տ եք զգում, ուզո՞ւմ եք շտապ օգնություն
կանչեմ»:

Հրանտը թշնամաբար նայեց նրա կողմը ու հազիվ արտաբերեց. «Կանչի՛ր»: Հրանտը մտածում էր, որ այդ բոլորը հարբուխի հետևանք է, իսկ  մեղավորն էլ Մարգարիտն է: Երբ շտապ օգնությունը եկավ, Հրանտը գետնին թավալվում էր:
Նրան հիվանդանոց տարան, որտեղ ախտորոշեցին  նրա հիվանդությունը՝ սուր թունավորում:
Բժիշկը Հրանտին հարցնում էր, թե ինչից է թունավորվել:
Հրանտը պատասխանում էր, որ թունավորում  չկա, դա անհեթեթություն է, ինքը հարբուխով է հիվանդ: Բժիշկն էլ, թե չէ` թունավորվել ես: Հարցրեց` ինչ է կերել, Հրանտը պատասխանեց.
- Կեսօրին հնդկաձավարի շիլա եմ կերել:
Բժիշկը, որ երիտասարդ տղա էր, ժպտաց.
- Ո՞վ է լսել, որ հնդկաձավարի շիլայից թունավորվեն,
ուրիշ ի՞նչ ես կերել:

Հրանտը որքան մտաբերեց, հնդկաձավարից բացի ուրիշ ոչինչ չէր կերել:
Եկավ կինը, հետո` տղան: Կինն էլ հաստատեց, որ կեսօրին միայն հնդկաձավարի շիլա է կերել: Հանկարծ մտաբերեց, որ ամուսինը ասում էր, թե շիլան դառն է ու թթվահամ: Հետո ինքն իրեն հանգստացրեց՝ ասելով, թե ո՞վ է տեսել, որ հնդկաձավարից թունավորվեն: Իսկ բժիշկը համառորեն ուզում էր իմանալ, թե Հրանտը ինչի՞ց է թունավորվել, որ կարողանար բուժումը ճիշտ կազմակերպել: Բոլորին էլ հայտնի էր, որ Հրանտը տնից բացի ուրիշ տեղ չէր սնվում: Հետո լսելով հնդկաձավարի շիլայի պատմությունը, Ալիսան հանկարծ սկեսուրից հարցրեց, թե շիլայի վրա ի՞նչ ջուր է լցրել: Վարդուհին զարմացավ՝ ասելով, թե միշտ էլ շիլայի վրա եռացրած ջուր է լցնում թեյնիկից: Հարսը լռեց: Ալիսան հիշեց, որ ինքը թեյնիկի մեջ Հրանտի պահանջով մաքրող հեղուկ էր լցրել: Հրանտը նկատել էր, որ թեյնիկի պատերը կրակալել են: Հարսին հանդիմանել էր ու պահանջել թեյնիկի պատերը հատուկ հեղուկով լվանալ: Ալիսան մաքրող հեղուկը լցրել էր թեյնիկի մեջ, սպասել, որ այն կրակալած պատերը քայքայի, նոր լվանա՝ մոռանալով սկեսուրին այդ մասին զգուշացնել: Հավանաբար սկեսուրը ջրի փոխարեն այդ հեղուկն է լցրել հնդկաձավարի շիլայի վրա: Նա տուն գնաց, Հրանտի բերած հեղուկից մի փոքր լցրեց մատի վրա, կպցրեց լեզվին, այն իրոք դառն էր ու թթու համ ուներ: Ամեն ինչ պարզ էր: Ալիսան ընկավ մտքերի մեջ՝ այդ մասին ասի՞, թե՞ լռի: Նա ամբողջ գիշեր չքնեց: Սակայն իրեն չկա րողացավ զսպել ու առավոտյան այդ ամենը պատմեց
ամուսնուն: Սուրենը, առանց ժամանակ կորցնելու,  հասավ հիվանդանոց, գտավ բժշկին, ներկայացրեց չարաբաստիկ հեղուկը ու պատմեց եղելությունը:
Վարդուհին, որ կանգնած էր ամուսնու մահճակալի  մոտ ու արդեն գիտեր կատարվածի մասին, խորհրդավոր հայացքով նայում էր Հրանտին
ու ինքն իրեն մտմտում. «Է՜, Հրանտ, քո գցած ուռկանների
մեջ ես հայտնվել: Դու այդպես էլ չհասկացար, որ ինչքան էլ զգույշ ու խելացի լինես,
ճակատագրից չես խուսափի: Քո Գարեգին պապը հողի ու քարի հետ էր կռիվ տալիս, անասունների թրիքն էր մաքրում, հետո ձեռքերով այդ թրիքից
ձմռան համար աթար էր պատրաստում, ամբողջ  օրը դրսում էր՝ ձյան, անձրևի ու քամու տակ, շաբաթը մեկ էլ չէր լողանում, հետն էլ համարյա 100
տարի ապրեց: Դու չես կարողանում հասկանալ, որ մեռնել-ապրելը Աստծո գործն է: Այստեղ ոչ բժիշկն անելիք ունի, ոչ էլ քո զգուշասիրությունը»:
Իսկ Հրանտը մահվան մահճում պառկած բուժքրոջը  նախատում էր. «Ի՞նչ եք առանց ձեռնոցների ներարկում կատարում»:
Այդ պահին ներս մտավ բուժող բժիշկը: Հրանտը  բուժքրոջ հետ կապված իր դժգոհությունը հաղորդեց  նրան: Բժիշկը մի փոքր լռեց, հետո հանդարտ
տոնով ասաց. «Զգուշությունը դեղի նման մի  բան է, եթե դեղաչափը բարձր է՝ մարդուն վ նասում է, իսկ թե քիչ է՝ չի օգնում: Այնպես որ, դեղի ուժը
դեղաչափի մեջ է»:

 

Կարդացեք նաև`

«Օտարության գինը»

Գևորգ  պապը

Կակաչներ մայրիկին

Չար կատակ

Համզան

Սոնա

Վստահության պակասն աղետ է

Սպարտակը

Արսոն

«Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի հեղինակ  Դավիթ Ավետիսյանը  ծնվել է 1951 թվականին, Ապարանի շրջանի Զովունի գյուղում: Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Դասավանդել է տարբեր բուհերում: Երկար տարիներ աշխատել է արդարադատության ոլորտում:

ՀՀ նախագահի կողմից նրան շնորհվել է ՀՀ վաստակովր իրավաբանի կոչում:

ՀՀ նախագահի հրամանագրով 2013թ. պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Հեղինակ է տասնյակ մենագրությունների և գիտական հոդվածների:

2012թ. լույս է տեսել նրա «Կյանքն իմ աչքերով» բանաստեղծությունների առաջին ժողովածուն, իսկ 2013-ին` «Ես հյուլեն եմ ամպերի» ժողովածուն:

Իսկ «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի հերոսները ժամանակակից սոցիալական փոփոխությունների մթնոլորտում ապրող մարդիկ են: Հեղինակը գորովանքով ու ցավով է հետևում նրանց ճակատագրերին, պաշտպանում մարդուն մարդ պահող արժեքները: Ինչպես նշում է հրատարակության խմբագիր Հասմիկ Գրիգորյանը` «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի պատմությունները իրապաշտական գործեր են և կյանքի անխարդախ հայելի, որտեղ յուրաքանչյուր ընթերցող կարող է իրեն տեսնել. առանց ավելորդ չափազանցությունների ներկայացվում է «կյանքը՝ ինչպես որ է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին