▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպարտակը. Դավիթ Ավետիսյան

Asekose.am-ը շարունակում է ներկայացնել պատմվածքներ Դավիթ Ավետիսյանի «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուից:

 

ՍՊԱՐՏԱԿԸ

Սպարտակը բանակից նոր էր վերադարձել: Տեղի չինով նիկներից մեկի վարորդն էր: Նա սլացիկ հասակով, նիհարավուն կազմվածքով երիտասարդ էր: Բնավորությամբ կռվարար էր, իսկ վերջերս էլ սկսել է ալկոհոլը չարաշահել: Ալկոհոլ օգտագործած վիճակում դառնում էր հանդուգն, մեծամիտ, առիթ էր փնտրում, որ որևէ մեկի հետ վեճի մեջ մտնի կամ ծեծկռտուք սկսի: Մարդիկ զարմանում էին, թե այդպիսի խառնվածքի տեր մարդուն ինչպե՞ս են վարորդի աշխատանք վստահում: Խմած վիճակում հերթական ծեծկռտուքից հետո հայտնվեց ոստիկանությունում: Շեֆը փրկեց: Ծնողները խիստ անհանգստացած էին, նրանք մտածում էին Սպարտակին ամուսնացնել` մտածելով, թե դա կարող է օգնել, որ նրա կյանքը փոխվի: Սպարտակն էլ դեմ չէր ամուսնությանը: Սակայն ընտրած աղջիկ չուներ: Մայրը` Հայկանդուխտը, հավանել էր գյուղի ներքևի թաղերի բարձրահարկ շենքերից մեկում բնակվող մի աղջկա, որի անունը Սաթենիկ էր: Մայրը ինչ-որ հիմնարկում հաշվապահ էր աշխատում: Սաթենիկն էլ էր այնտեղ աշխատում, հիմնարկի համակարգիչներն էր սպասարկում: Նրան շատ էր հավանում: Շատ գեղեցիկ չէր, բայց համակրելի էր: Համեստ, զուսպ բնավորություն
ուներ: Մի օր Սպարտակին կանչեց հիմնարկ` Սաթենիկին տեսնելու: Սաթենիկը Սպարտակին դուր եկավ: Նրա հետ զրույցի բռնվեց: Հաճելի աղջկա տպավորություն
էր թողնում: Խոսելուց մի փոքր ժպտում էր` ցուցադրելով գեղեցիկ ատամնաշարը, ինչը նրան ավելի էր գեղեցկացնում: Սպարտակը մտքում որոշեց նրա հետ մտերմություն հաստատել: Հաճախ էր գալիս մորը «տեսնելու»: Հետո սկսեց Սաթենիկին տուն ուղեկցել, ծաղիկներ նվիրել: Խմելը թողել էր, սկսեց ուշադրություն
դարձնել հագուստին: Ամեն օր սափրվում, օծանելիք էր օգտագործում: Ծնողներին խնդրեց գնալ և Սաթենիկի ձեռքը խնդրել: Սաթենիկի ծնողները մերժեցին՝ հասկացնելով, որ նա խմիչքի հետ սեր ունի: Սպարտակը հիասթափվեց, բայց չհուսահատվեց: Շարունակում էր Սաթենիկին հանդիպել: Նրան բացատրում էր, որ ինքը վերջերս ընդհանրապես չի խմում, խոստանում էր այդպես անցկացնել ամբողջ կյանքը, ասել էր. «Քո սերը դանակի նման կտրեց խմիչքի նկատմամբ իմ սերը»: Սաթենիկը գնալով սկսում էր տեղի տալ, մանավանդ Սպարտակն էլ իր դուրն էր գալիս` բարձր հասակ, երկար ոտքեր, սպորտային կազմվածք: Ինչ ծանոթացել էին, չէր նկատել, որ նա ալկոհոլ օգտագործած լինի: Սաթենիկի տասնութ տարին նոր էր բոլորել: Այդ տարիքում սրտով են մտածում, իսկ բանականությունը հետո է գալիս ու սրտի արածներին գնահատական տալիս: Սաթենիկը ծնողներին կարողացավ համոզել, որ իրենք ամուսնանան: Սպարտակն իր խոստումը պահում էր, չէր խմում, նույնիսկ Սպարտակի շեֆը դրա համար Սաթենիկին շնորհակալություն հայտնեց: Ծնվեց նրանց առաջնեկը` Անդրանիկը: Նրանց կյանքն ավելի իմաստավորվեց: Սպարտակը առիթ էր փնտրում, որ գործից շուտ տուն գա, որ երեխայի հետ շփվի: Նոյեմբերի 30-ին լրանում էր Անդրանիկի ծննդյան և իրենց ամուսնության տարին: Որոշեցին նշել: Սպարտակն սկսեց նախապատրաստվել: Հրավիրել էին մոտիկ բարեկամներին: Այդ օրը բոլորը հավաքվել էին, բայց սեղան չէին նստում: Սպարտակը չկար: Հեռախոսը չէր վերցրել: Չգիտեին ինչ անել: Ուշ երեկոյան նա եկավ, ծայրաստիճան հարբած, դեմքը ճանկռոտված: Սպարտակը, տեսնելով հավաքվածներին, ասաց. «Ձեր ցավը տանեմ, տղայիս պատվին մի լավ խմել եմ»:
- Իսկ դեմքիդ ճանկռվածքնե՞րն էլ են դրա հետ կապված, - հարցրեց Սաթենիկը:
- Հա, հա, - ասաց,- բա էլ ինչի՞...
Գրկեց երեխային, որ համբուրի, երեխան ալկոհոլի հոտից վատ զգաց, սկսեց լացել:
Սաթենիկը փորձեց նրա ձեռքից երեխային վերցնել, նրանց միջև քաշքշուկ սկսվեց, ու Սաթենիկը Սպարտակից ստացավ առաջին ապտակը: Իրարանցում սկսվեց: Սաթենիկի ծնողները փորձեցին աղջկան պաշտպանել: Դա ավելի զայրացրեց Սպարտակին, նա հարվածներ հասցրեց նաև նրանց, շուռ տվեց տոնական սեղանը՝ այդ ամենը համեմելով անպատկառ հայհոյանքներով: Սպարտակն իր տարերքի մեջ էր: Սաթե նիկի ծնողներն աղջկան ու երեխային վերցնելով հեռացան: Սպարտակի մեջ քնած հրաբուխն արթնացել էր, այն դեռ երկար էր ժայթքելու, նրա լավան ամայացնելու էր շուրջբոլորը: Սպարտակի ծնողները հույս ունեին, որ դա պատահականություն է, այլևս չի կրկնվելու: Հաջորդ օրը Սպարտակը ինքն իրենից հիասթափվել էր, գործի չգնաց: Փորձում էր վերլուծել իր արածը: Հիմա ի՞նչ երեսով գնա կնոջ ու երեխայի հետևից: Ի՞նչ ասի, չէ՞ որ ինքը որոշել էր չխմել: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ իր ընկեր Գևորգն առաջարկեց մի փոքր նշել երեխայի տարին: Հետո բաժակը բաժակի հետևից գնաց, կարծես իր մարմինը ծարավ էր դրան: Սպարտակն ընկճված ու հուսահատ վիճակում էր: Չէր համարձակվում զանգել կնոջը: Հաջորդ օրը տեղի, տալով մոր հորդորներին, զանգեց կնոջը: Նա չպատասխանեց: Մտածեց` վիրավորանքը խորն է: Անցավ մեկ շաբաթ, կինը էլի չէր պատասխանում: Որոշեց անձամբ գնալ նրա հետևից: Դուռը թակեց, երկար ժամանակ չէին բացում: Հետո զոքանչը` տիկին Աշխենը, բացեց ու արհամարհանքով նետեց. «Հը, ինչի՞ ես եկել, ես քեզ ոչ աղջիկ ունեմ տալու, ոչ էլ երեխա»: Չսպասելով տիկին Աշխենի հրավերին` ներս մտավ: Երեխան բազմոցին պառկած էր, մոտեցավ, սկսեց համբուրել: Կողքի սենյակից դուրս եկավ Սաթենիկը և կոպիտ տոնով ասաց. «Երեխային տեսա՞ր, դե հիմա գնա»: «Ես եկել եմ քեզանից ներողություն խնդրելու», - ասաց Սպարտակը: Սաթենիկը գլուխը տարուբերեց. «Չէ, դու քո խոստումը չկատարեցիր, ես քո մոտ չեմ վերադառնա»: Սպարտակը ձեռնունայն վերադարձավ: Նա շարունակում էր խմել: Աշխատանքից հեռացրին: Նա արդեն ինքն էր խմելու համար ընկերներ որոնում: Նրա մեջ նախկին գազանը գլուխ էր բարձրացրել: Անսթափ վիճակում արդեն քանի անգամ էր գնացել Սաթենիկենց տուն: Եվ ամեն անգամ երեխային տեսնելուց հետո կնոջը խնդրում էր վերադառնալ: Բայց Սաթենիկը գիտեր, որ Սպարտակն ընկղմվել է ալկոհոլի հորձանուտում, որտեղից ամեն մեկին չէ, որ հաջողվում է դուրս պրծնել:
Եկավ գարունը: Գարնան վերջերն էին: Տաք, պայծառ եղանակ էր: Սպարտակը խմելու անհագ ցանկություն ուներ: Խանութպանը սկզբից մերժեց, հետո ինքը լեզու բանեցրեց, թե գլխացավից մեռնում է, մի երկու բաժակ օղին իրեն կփրկի: Խանութպանն էլ գլուխ չդրեց, տվեց մի ամբողջ շիշ` պահանջելով, որ էլ այդ կողմերը չերևա: Սպարտակը շիշը խմեց անմիջապես և ամբողջովին: Ինչպես ինքն էր ասում՝ խելքը գլուխը եկավ, տրամադրությունը բարձրացավ, կյանքը քաղցրացավ: Ճոճվելով քայլում էր գյուղի փողոցներից մեկով, փնտրում էր իր թասընկեր Մաթոսին, որն այդ փողոցում էր բնակվում: Նկատեց երեխաների, որոնք մի կույտ օձեր էին հավաքել: Գարնան տաքերին օձերը դուրս են գալիս, որ արևկող անեն, դրանք դեռ շշմած են լինում, երեխաներն էլ բռնում են ու հետները խաղում: Դրանք դեռևս այդքան էլ վտանգավոր չեն: Հանկարծ Սպարտակի մտքով մի դիվային միտք անցավ. այդ օձերը կլցնի արկղի մեջ ու կտանի Սաթիկենց տուն, նրան կխնդրի վերադառնալ, իսկ թե չհամաձայնի, արկղ շուռ կտա տան մեջ ու կհեռանա: Սպարտակը մտովի պատկերացրեց այդ տեսարանը ու սկսեց քահ-քահ ծիծաղել: Գնալով այդ միտքը նրա մեջ հաստատուն տեղ գրավեց, սկսեց մշակել գործողությունների ծրագիր: Մոտակա խանութից մի արկղ վերցրեց: Երեխաներին խնդրեց, որ այդ արկղը օձեր լցնեն՝ խոստանալով նրանց համար կոնֆետ գնել: Երեխաները ոգևորված սկսեցին բռնած օձերը լցնել արկղի մեջ: Քիչ հետո, երբ Սպարտակը վերադարձավ, երեխաները արկղը լցրել էին: Արկղն ամուր փակեց, երեխաներին խոստացած կոնֆետը գնեց: Ճանապարհ ընկավ դեպի Սաթենիկենց տուն: Երբ դռան զանգը տվեց, Սաթենիկի մայրը դուռը բացեց, ուզում էր միանգամից դուռը փակել նրա երեսին, սակայն մտածեց, թե երևի երեխայի համար նվերներ է բերել, ներս թողեց: Սպարտակն արկղը թողեց միջանցքում: Մտավ հյուրասենյակ: Երեխան Սաթենիկի գրկում էր, ուզեց համբուրել, Սաթենիկը խմիչքի հոտը առավ, երեխային մի կողմ թեքեց` ասելով՝ առանց խմելու չէի՞ր կարող երեխային տեսության գալ: Սպարտակը փորձեց ուժով երեխային վերցնել մոր ձեռքից, իրարանցում սկսվեց: Միջամտեց Սաթենիկի մայրը և պահանջեց տնից դուրս գալ: Սպարտակը քմծիծաղեց. «Լավ, ես հիմա դուրս կգամ, դուք ձեր արածի համար կփոշմանեք»: Կողքի սենյակից դուրս եկավ Սաթենիկի հայրը` Գրիգորը, որը նույնպես խնդրեց, որ Սպարտակը հեռանա: Սպարտակը դուրս գալիս ոտքով խփեց իր բերած արկղին, այն շուռ տվեց ու առանց նայելու, թե ինչ տեղի ունեցավ, հեռացավ:
Գ
Դատարանում Սպարտակը նստած էր մեղադրյալի աթոռին: Սաթենիկը պատմում էր. «Երբ Սպարտակը տանից դուրս եկավ, երեխային գրկած լաց էի լինում: Հանկարծ նկատեցի, որ տասնյակ օձեր գլուխները բարձրացրած դեպի ինձ են գալիս: Երեխային վերցնելով վազեցի դեպի պատշգամբ և անկախ ինձնից գոռում էի, օգնություն կանչում: Հետո նկատեցի՝ օձերից մի քանիսը դեպի պատշգամբ են սողում: Առանց գիտակցելու երեխային պինդ գրկեցի և երկրորդ հարկի պատշգամբից նետվեցի ներքև: Չգիտեմ ինչպես եղավ, երեխան իմ գրկից ընկավ: Ես փորձեցի վեր կենալ, չկարողացա, զգացի ոտքս կոտրվել է, երեխան ընկած էր կողքիս: Զարմանալի էր, նա չէր լացում: Քիչ հեռու ընկած էին հայրս և մայրս, նրանք էլ էին պատշգամբից թռել: Մեր գոռոցների վրա հարևանները հավաքվեցին: Փորձում էին օգնություն ցույց տալ: Նրանց համար անհասկանալի էր, թե մեզ հետ ինչ է կատարվել: Հավանաբար, մտածում էին, որ մենք ընտանիքով խելագարվել ենք: Ես աղերսում էի, որ երեխային օգնեն: Հետո հասկացա, որ երեխայի գլուխը դիպել էր քարին, ու նա մահացել էր: Ես փաթաթվել էի երեխային և խելագարի նման ճչում էի: Մեկ ամիս բուժվել եմ հիվանդանոցում, հայրս ու մայրս նույնպես: Մենք կորցրինք նաև մեր տունը»:
- Տունն ինչո՞ւ եք կորցրել, - հարցրեց դատավորը:
- Այդ տանը հնարավոր չէ բնակվել, մեզ թվում է, թե օձերն ինչ-որ անկյունում թաքնված են և ուր որ է դուրս կգան: Երևի այդպես է, որ կա:
- Գուցե վաճառեք:
- Ոչ ոք այդ տունը չի գնում: Այս պատմությունը
բոլորին է հայտնի:
Սպարտակն ամբողջ դատավարության ընթացքում գլուխը կախել էր և ոչ մի բառ չասաց: Նրան դատապարտեցին երկարատև ազատազրկման: Կալանավայրում նա երակները կտրելու միջոցով երկու անգամ փորձեց ինքնասպան լինել: Բժիշկները նրա կյանքը փրկել էին: Երկար ու երկար մտածում էր, թե ինչո՞ւ այդպես եղավ: Դե, իհարկե, առաջին պատճառը իր մոտ կամքի բացակայությունն էր: Ախր ինքը խոստացել էր, որ էլ չէր խմելու: Սատանան իր մեջ մտավ: Սատանան ալկոհոլ կոչվող հեղուկի տեսքով մտնում է մարդու մեջ, կառավարում նրա մարմինը և հոգին, մարդն ամբողջությամբ ընկնում է նրա իշխանության տակ, մարդը դառնում է կամակատար: Առանց կամքի մարդը քիչ է տարբերվում կենդանական աշխարհի մնացած ներկայացուցիչներից: Կյանքն ինչ է... Սպարտակն այն նմանեցնում էր բաժակի մեջ լցված ջրի. մի անզգույշ շարժում՝ բաժակը շուռ եկավ, ջուրը թափվեց ու էլ չկա. ջուրը բաժակի մեջ էլ չես վերադարձնի: Ինքն էլ մի անխոհեմ քայլ կատարեց,
ու կյանքը գլխիվայր շուռ եկավ: Նա մեծ ցավ էր ապրում որդու` Անդրանիկի մահվան համար: Մեղադրում էր միայն իրեն: Հաճախ էր ինքն իրեն ասում. «Մենք կյանքը խեղում ենք մեր իսկ խելահեղություններով, իսկ հետո գանգատվում դրանց հետևող դժբախտություններից: Եվ մոռանում ենք, որ վատթար ճակատագիրը երկնքից չի ընկնում, այն ծնունդ է առնում մեր արատներից»: Նա ընդունում էր, որ ալկոհոլամոլությունը և հանցագործությունը երկվորյակներ են: Սպարտակը երբեմն իրեն հարց էր տալիս՝ ալկոհոլ չարաշահելը մարմնի հիվանդությու՞ն է, թե՞ արդյունք է վատ կենցաղի, և գալիս էր համոզման, որ այն սկսվում է վատ կենցաղով ու հետո է միայն դառնում մարմնի հիվանդություն: Նա համոզված էր, որ այն իր մոտ արդեն մարմնի հիվանդություն է: Եվ որևէ հույս չէր փայփայում, թե ինքը կարող է հաղթահարել: Մինչդեռ ուժգին զղջալը թուլացնում է մարդուն, նրան հասցնում հուսահատության: Նա այդ վիճակում էր պատիժը կրելու ողջ ընթացքում: Երբեմն էլ Սաթենիկին էր մեղադրում: Մարդը միշտ էլ սխալվում է, մարդուն գոնե մի անգամ պետք է ներել: Նրան մեկ հնարավորություն պետք է տալ: Եթե տային, իր կյանքը գուցե այլ կերպ դասավորվեր: Ներելը մարդու ամենամեծ առաքինություններից մեկն է, իսկ Սաթենիկը չէր կարողանում: Ու սկսում էր նրան ևս մեղադրել:
Դ
Երբ կալանավայրի ղեկավարությունը Սպարտակին ուզում էր պատժից վաղաժամկետ ազատել, Սպարտակը հրաժարվեց: Տուն դարձավ ամբողջ պատիժը կրելուց հետո: Մայրն արդեն մահացել էր: Տիկին Հայկան դուխտն այդ ողբերգությանը չդիմացավ, նա էլ էր իրեն մեղադրում: Չէ՞ որ ինքը առիթ հանդիսացավ, որ Սպարտակն ու Սաթենիկը ամուսնացան: Հայրը հիվանդ էր, անկողնային: Արտասուքն աչքերին նայեց որդուն, ոչինչ չասաց: Մեկ շաբաթ հետո մահացավ: Ասում են, որ նա որդուն այդպես էլ չներեց: Սաթենիկն ամուսնացել էր, մի տղա ուներ, անունը Անդրանիկ էր դրել: Նա իր մեջ ուժ գտավ և վերադարձավ կյանք: Աշխատանքի անցավ, ընտանիք կազմեց: Սպարտակը ո՛չ աշխատանք ուներ, ո՛չ հետաքրքրություն: Նա իրեն համարում էր մի անպետք իր, որի տեղը փողոցն է: Սկսեց խմիչքն էլի չարաշահել: Բայց նրա նախկին մեծամտությունը, ագրեսիվությունը չկար, ամբողջովին ջարդված էր: Խմելուց հետո շտապում էր գերեզմանոց, նստում էր որդու գերեզմանաքարի մոտ ու հաճախ այնտեղ էլ գիշերում: Սաթենիկենց տանը բաց թողած օձերը գիշերով նրան այցի էին գալիս ու
տանջում ամբողջ գիշեր: Աշնան վերջն էր, գյուղացիները որդու գերեզմանի մոտ գտան Սպարտակի անշնչացած դին և հենց որդու կողքին էլ թաղեցին: Սաթենիկը հաճախ էր այցի գալիս որդու շիրմին: Վերջին շրջանում նա ծաղիկներ էր դնում նաև Սպարտակի գերեզմանին: Ի՞նչ էր դա՝ ուշացած զղջո՞ւմ, թե՞ սովորական խղճահարություն…:

 

Կարդացեք նաև`

«Օտարության գինը»

Գևորգ  պապը

Կակաչներ մայրիկին

Չար կատակ

Համզան

Սոնա

Վստահության պակասն աղետ է

«Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի հեղինակ  Դավիթ Ավետիսյանը  ծնվել է 1951 թվականին, Ապարանի շրջանի Զովունի գյուղում: Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Դասավանդել է տարբեր բուհերում: Երկար տարիներ աշխատել է արդարադատության ոլորտում:

ՀՀ նախագահի կողմից նրան շնորհվել է ՀՀ վաստակովր իրավաբանի կոչում:

ՀՀ նախագահի հրամանագրով 2013թ. պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Հեղինակ է տասնյակ մենագրությունների և գիտական հոդվածների:

2012թ. լույս է տեսել նրա «Կյանքն իմ աչքերով» բանաստեղծությունների առաջին ժողովածուն, իսկ 2013-ին` «Ես հյուլեն եմ ամպերի» ժողովածուն:

Իսկ «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի հերոսները ժամանակակից սոցիալական փոփոխությունների մթնոլորտում ապրող մարդիկ են: Հեղինակը գորովանքով ու ցավով է հետևում նրանց ճակատագրերին, պաշտպանում մարդուն մարդ պահող արժեքները: Ինչպես նշում է հրատարակության խմբագիր Հասմիկ Գրիգորյանը` «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի պատմությունները իրապաշտական գործեր են և կյանքի անխարդախ հայելի, որտեղ յուրաքանչյուր ընթերցող կարող է իրեն տեսնել. առանց ավելորդ չափազանցությունների ներկայացվում է «կյանքը՝ ինչպես որ է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին