▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է նվազագույնը երեք բալիկ ունենալ. Մերի Ներսիսյան

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է Առաջին ալիքով հեռարձակվող «Մայրիկների ակումբ» հաղորդաշարի վարող Մերի Ներսիսյանը: Հաղորդավարուհին պատմել է նոր եթերաշրջանում հաղորդման առաջիկա զարգացումների, «Մայրիկների ակումբ»-ի նոր ծրագրերի, դստեր և շատ երեխաներ ունենալու իր նպատակների մասին:

-Մերի, «Մայրիկների ակումբ»-ի նոր եթերաշրջանի մեկնարկն արդեն տրված է: Սա հեռուստածրագիր է, որը փոխանցում է բարի լիցքեր և փոխանցում անհրաժեշտ գիտելիքներ: Ի՞նչ է սպասվում նոր եթերաշրջանում:

-Հանրային հեռուստաընկերությունը բազմաթիվ անակնկալներ է պատրաստել իր հեռուստադիտողների համար նոր եթերաշրջանում: «Մայրիկների ակումբ»-ի շրջանակներում ևս սպասվում են բազմաբովանդակ նոր խորագրեր: «Մայրիկների ակումբ»-ը շաբաթական մի քանի անգամ վեր է հանելու հաշմանդամություն ունեցող փոքրիկներին և նրանց ծնողներին վերաբերող ու հուզող թեմաներ: Մեր նպատակն է փոխել հասարակական վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող մարդու, առավել ևս՝ փոքրիկների հանդեպ: Շուտով մեր ակումբում առողջ ապրելակերպի մեկամսյակ կմեկնարկի. քայլ առ քայլ կծանոթանանք առողջ ապրելակերպին հասնելու ամենակարճ ճանապարհին: Բժիշկների մասին ակնարկներ, նորածինների մայրիկներին նվիրված խորագիր, հոգեբանական թեմաների քննարկում՝ երեխաների մասնակցությամբ, ակումբային քննարկումներ, մանկական հիվանդություններ, առողջապահական նորություններ. Նորություններն իսկապես շատ են, դրանց ամեն օր կարելի է հետևել Առաջինի եթերից:

-Ըստ լուրերի, կազմավորել եք հղի կանանց ակումբ, որի անդամները հնարավորություն կունենան հանդիպել մասնագետների հետ: Մի փոքր կմանրամասնե՞ք, թե ինչ է նախատեսվում այս առումով:

-Մայրիկների մեր ակումբը մեկ տարվա ընթացքում ունի գրեթե 20.000 անդամ, սա շատ մեծ գնահատական ու լուրջ արդյունք է: Ուստի որոշեցինք մեկ հարկի տակ հավաքել մեր ակումբի ապագա մայրիկներին. նրանք պարբերաբար հնարավորություն են ստանում մասնակցելու հանդիպումների՝ ոլորտի լավագույն մասնագետների հետ, հանդիպումների ընթացքում մայրիկները մարզվում են, զբաղվում յոգայով:

-Հետաքրքիր է՝ հեշտությա՞մբ են մեր հայ մայրիկները իրենց անդամակցության խնդրանքով դիմում են Ձեզ, քանի որ մեր ազգային մտածողույթյունից ելնելով թվում է, թե երբեմն բարդույթները հաղթում են մեզ:

-Ես շատ ակտիվ վարում ու հետևում եմ «Մայրիկների ակումբի» ֆեյսբուքյան էջին, որին օրական տասնյակ նամակներ են ուղարկվում: Շատ մայրիկներ կարծում են, որ միայն այդտեղ գրելը բավական չէ և գրում են նույն հարցն ու խնդրանքը նաև իմ ֆեյսբուքյան էջին, ես սիրով պատասխանում եմ բոլոր նամակներին և փորձում օգնել բոլորին:

-Հաղորդումից դուրս ժամանակ առ ժամանակ որոշակի ծրագրեր, միջոցառումներ եք իրականացնում, ենթադրում եմ, որ այդ առումով ևս արդեն ծրագրեր ունեք: Եթե կան այդպիսիք, նախապես կկիսվե՞ք մեզ հետ:

-Մայրիկների ակումբը հեռուստահաղորդում լինելուց բացի նաև մեծ նախագիծ է, որի շրջանակներում մենք ունեցել ենք արդեն փորձ իրականացնելու տարբեր նախագծեր, որոնցից, թերևս, ամենահնչեղը «Կրծքով կերակրման» լուսանկարների ցուցահանդեսն էր: Մենք ևս մի քանի նախագծեր ունենք մշակած, որոնք դեռ քննարկման փուլում են:

-Մերի, ծրագիրն, իսկապես, իր մեծ դրական ներգործությունն ունի, այն իր տեսակով ճանաչողական է, ինչու չէ՝ նաև կրթող, հատկապես, նրանց համար, ովքեր համապատասխան կարգավիճակում են: Ի՞նչ է Ձեզ տվել այն որպես մայրիկի:

-«Մայրիկների ակումբ»-ի շնորհիվ սկսել եմ մտածել նոր մասնագիտություն ձեռք բերելու մասին՝ բժիշկ կամ հոգեբան, միգուցե օրերից մի օր իրականացնեմ երազանքս: Երբեմն, թվում է, թե գիտեմ ամեն բան, բայց ամեն նկարահանման ընթացքում համոզվում եմ, որ շատ բան չգիտեմ. երեխաներին առնչվող թեմաներն անսպառ են: «Մայրիկների ակումբ»-ի շնորհիվ ես օր օրի դառնում եմ ավելի տեղեկացված ու լավ մայրիկ. օրինակ, ես հիմա փայլուն ճանաչում եմ երեխայիս տեսակը, հոգեկան առանձնահատկությունները: Երևի, դրա արդյունքում է, որ մենք հիանալի դուետ ենք ու իմ բալիկը ֆիզիկապես ու հոգեպես առողջ մարդ է:

-Ձեր դուստրը արդեն համալրեց աշակերտների շարքը, փոքրիկը, կարծես թե, այնքան էլ ուրախ չէր նոր միջավայր մտնելու հարցում, հետաքրքիր է՝ արդեն հարմարվե՞լ է դպրոց հաճախելու մտքին:

-Աղջիկս առաջին օրը լացելով գնաց դպրոց, բայց դա տևեց մեկ օր, քանի որ ես իրեն ճիշտ էի տրամադրել դպրոցին: Հաջորդ իսկ օրվանից մենք ուրախ ու զվարթ հաճախում ենք դպրոց ու հաճույքով պատրաստում դասերը: Դպրոցականի մայրիկն, ինչ խոսք, պետք է ամուր նյարդեր ու համբերություն ունենա. ամենակարևորն, իհարկե, մայրիկը պետք է անի ամեն ինչ, որ երեխան սիրի դպրոցը, սիրի ընկերներին, ուսուցիչներին: Սա ապահովվելով՝ մենք կօգնենք երեխային ավելի լավ սովորել:

-Մերի, վերջին շրջանում գուցե բազմիցս եք լսել հետևյալ հարցը, բայց սա այն հարցն է, որը բխում է Ձեր արտահայտած մտքերից (խոսքը վերաբերվում է Ձեր 7-10 երեխա ունենալու երազանքին): Ի վերջո, ե՞րբ եք պատրաստվում կրկնակի մայր դառնալ:

-Շատ մեծ է ցանկությունս, մենք արդեն պլանավորում ենք համալրել մեր ընտանիքը նոր հրաշքով: Ամեն բան Աստծո ձեռքում է, հուսամ երկար չեմ սպասի նոր «երջանկության» հետ հանդիպմանը:

-Մի անգամ նշել եք, որ ցանկանում եք մեկ որդի ունենալ և շատ աղջիկներ, նման դիրքորոշումը ինչո՞վ է պայմանավորված և արդյոք կիսում է այդ ցանկությունը Ձեր ամուսինը:

-Ի տարբերություն հայ շատ ընտանիքների, ես ու ամուսինս երազում ենք շատ աղջիկների և մեկ տղայի մասին: Իսկ, եթե ավելի լուրջ, մենք երազում ենք առողջ երեխա ունենալու մասին: Մեր օրերում, երբ այսքան տարածված են տարբեր խնդիրներն ու հիվանդությունները, ինչպես կարելի է երազել, տենչալ որևէ սեռի երեխայի մասին, ինձ համար սա անհասկանալի է, անընդունելի: Հուսամ ես երջանկություն կունենամ ունենալու շատ առողջ բալիկներ՝ արդեն առանց մեծ դադարների: Հիմա ավելի հասուն եմ ու նոր եմ հասկանում, որ կյանքում կա միայն ու միայն մեկ կայուն երջանկություն՝ երեխան: Պետք է շատացնել երջանկության չափաբաժինը մեր կյանքում ու նվազագույնը երեք բալիկ ունենալ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին