▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարող եմ գժի տպավորություն թողնել մարդկանց մոտ, ովքեր սիրում են պլանավորված ապրել. Վարդան Հովսեփյան

Life.panorama.am-ը գրում է.

Նախորդ շաբաթ «Վերջին հայրիկը» հեռուստասերիալն իր հանգուցալուծումն ունեցավ: Այս սերիալն իր ցուցադրության ընթացքում արժանացավ հեռուստադիտողի համակրանքին, իսկ դերասաններին էլ հնարավորություն տվեց նորովի ներկայանալ ու սիրվել: Կայքը զրուցել է «Վերջին հայրիկը» հեռուստասերիալի գլխավոր հերոսին մարմնավորող դերասան  Վարդան Հովսեփյանի հետ:

-Վարդան, «Վերջին հայրիկն» ավարտվեց, բայց վերջաբանի հետ կապված շատ հարցեր կարծես թե անպատասխան մնացին: Արդյոք նախատեսվում է «Վերջին հայրիկի» երկրորդ մաս նկարահանել:

-  Անկեղծ ասած՝ տեղյակ չեմ երկրորդ մաս կլինի, թե ոչ, բայց շատերից եմ լսել, որ սերիալի ավարտը կարծես թե շարունակության տեղ թողեց: Չգիտեմ՝ գուցե իսկապես շարունակություն ունենա, կամ գուցե սցենարն այդպես էր կազմվել, որպեսզի ամեն մեկն իր հետեւեությունն ու պատկերացումն ունենա ավարտի վերաբերյալ:

-Եթե հեռուստադիտողի աչքով դատեք՝ Ձեզ համար ինչպե՞ս ավարտվեց «Վերջին հայրիկը»:

- Այս սերիալի պատմությունը սկսվեց նրանից, որ իմ հերոսը 12 տարի դատապարտված լինելուց հետո չկարողացավ դասեր քաղել ու ճիշտ գնահատել կյանքը, որի արդյունքում էլ նա կրկին գնաց բանտ՝ վայր, որտեղից դուրս էր եկել: Իմ հերոսի միջոցով ցույց տրվեց, որ ամեն ինչ մարդու ձեռքում է, նա կարող էր որդու հետ վայելել կյանքը, այն կյանքը, որի մասին երազել էր 12 տարի շարունակ, բայց նա անընդհատ չէր կարողանում զերծ մնալ խնդիրներից, որի պատճառով ամեն անգամ հայտնվում էր այդ կեղտոտ միջավայրում: Կարծում եմ՝ սցենարիստը ուզում էր ցույց տալ, որ պետք է կտրվել ամեն ինչից եւ հատկապես քրեական աշխարհից, որպեսզի լինես միայն ընտանիքիդ, երեխայիդ կողքին, այդ երկու աշխարհաները համատեղելն անհնար է: Միաժամանակ չեմ էլ մեղադրում հերոսիս, քանի որ ոչ մեկ չգիտի, թե ինքն ինչ կաներ նրա տեղում, չէր որ հեշտ բան չէ լինել այդ միջավայրում ուղիղ 12 տարի:

-Յուրաքանչյուր նախագիծ դերասանին նոր բան է տալիս. Ի՞նչ տվեց Ձեզ այս նախագիծը:

-Ես անկեղծ պետք է գտնվեմ ու ասեմ, որ դերասանին նման նախագծերն առաջին հերթին գումար են տալիս, ու շատ շնորհակալ եմ, որ ինձ հրավիրեցին այստեղ նկարահնավելու՝ 7-8 ամիս ինձ աշխատանք տալով: Ինչ վերաբերվում է մասնագիտական կողմին՝ Դավիթի կերպարով ինձ ավելի շատ սիրեցին, ինչն ինձ համար շատ կարեւոր է: Իսկ ամենակարեւորների շարքից՝ այս նախագիծը ինձ հնարավորություն տվեց աշխատել «Ժողովրդական արտիստ» Գուժ Մանուկյանի հետ, ումից շատ բան հասցրեցի սովորել:

-Վարդան, նկատելի է, որ Ձեզ վստահված դերերը գրեթե նմանատիպ բնավորություններ ունեն, հետաքրքիր է՝ ինչո՞վ եք կապում ռեժիսորների նման ընտրությունն ու հաջորդը ի՞նչ կերպարով կցանկանաք ներկայանալ:

- Գիտեք՝ պարտադիր չէ, որ դերասնաը ամեն նախագծում տարբեր լինի: Իհարկե, կան ամպլուայով դերասաններ, ովքեր ունեն իրենց մշտական տեսակը: Չեմ կարող ասել, թե ինչի հետ է կապված ռեժիսորների նման ընտրությունը, բայց մի բան հաստատ է, դերասանը չի կարող սերիալային կերպարներ կերտելիս իր իրական տեսակց շատ հեռու կերպար կերտել, քանի որ անհնար է 150 սերիա ուրիշ մարդու մարմնավորել՝ նկարահանվելով գրեթե ամեն օր: Օրինակ՝ ես չեմ կարողանա 18-ամյա սիրուց գլուխը կորցրած տղայի մարմնավորել, որովհետեւ նախ իմ կազմվածքը ինձ թույլ չի տա, երկրորդն էլ տեսակս: Դերասանը պետք է միշտ աշխատի իր վրա, անգամ այն ժամանակ, երբ որեւէ գործով զբաղված չէ:

-Այս պահին նոր առաջարկներ ունե՞ք:

- Ոչ, դեռ հանգստանում եմ, բայց եթե հարմար առաջարկներ լինեն, իհարկե, կցանկանամ նոր աշխատանքում ներգարվվել:  Հանգիստը շատ լավ է, բայց աշխատանքն էլ միշտ պետք է, քանի որ մասնագիտությամբ աշխատելը աշխարհի ամենալավ բանն է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին