▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնում եմ, որ պատժեմ սրանց.Ալիևից քաղաքական ապաստան խնդրող քաղաքացին՝ իր որոշման մասին

Տավուշի մարզպետի նախկին խորհրդական Լյուբիկ Չիբուխչյանը հունիսի 10-ին ՀՀԿ անդամությունից հրաժարվելու համար դիմում է գրել ՀՀԿ Տավուշի մարզային կազմակերպության ղեկավար, Տավուշի նախկին մարզպետ, քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանին: Դիմումում նշված է. «Հանրապետությունում առաջինը ես հղացա ստեղծել սույն կուսակցությունը, 1987-ից մինչեւ հիմա պետանվտանգությունում է իմ գրամեքենան, իբր էս երկրի քայքայմանն ուղղված գործունեություն ծավալող` դու ինձ կալանքի ենթարկեցիր: 1990թ.-ին քո քաղաքապետ եղած ժամանակ ոչ միայն չընդունեցիր ինձ ու Աշոտ Նավասարդյանին, այլեւ սպառնացիր, որ եթե շենքը չէ, դիմացի մայթն էլ չլքենք, ոստիկանություն կկանչես: Մի քանի մահափորձ էլ տարա կապված առաջին «Պայքար» թերթի ստեղծման հետ: Ապա հետեւեց 10 տարի իմ բռնակալանքը: Վերջերս էլ քո ու նրա դավադրությամբ կորցրի աշխատանքս, տունս, պատիվս եւ գոյատեւելու բոլոր հնարավորություններս: Ու հարկադրված քաղաքական ապաստան խնդրեցի Ադրբեջանից: Իմ բարոյական կերպարով չեմ կարող ձեզ պես լինել խարդախ ու քցող, ձեր պահվածքը պետք է քննի միջազգային ատյանը: Իմ դիմումի համաձայն ես դուրս եմ գալիս քրտինք ու արյամբ հիմնած իմ կուսակցությունից»:

Դիմումի, հայրենիքը լքելու որոշման և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Լյուբիկ Չիբուխչյանի հետ:

Դուք հունիսի 10-ին ՀՀԿ անդամությունից հրաժարվելու համար դիմում եք ներկայացրել: Անընդհատ խոսում եք ինչ-որ դավադրության մասին: Կմանրամասնե՞ք:

-Երևանից ու մարզից  ներկայացան նախագահի կողմից, ասացին,  որ որպես հանճարեղ մարդ քեզ զինվորկան շենքում բնակարան ենք նվիրում: 9 տարի հետո պարզվեց, որ չեն սեփականաշնորհում: Ինձ խաբեցին: 

Ղարաբաղին օգնելու համար  ինձ 10 տարի բռնակալանքի են ենթարկել: 12 անգամ դիմել եմ նախագահին, 13-րդը՝ հրապարակային, ոչ մի ձայն չի հանում: Աննորմալ, անմարդկային երևույթ: 10 ոսկե մեդալակիր եմ, մշակույթի վաստակավոր գործիչ, Գինեսի ռեկորդակիր: 3 տարեկանից գրում եմ, այբուբեն եմ ստեղծել, 4 տարեկանում լույս տեսավ առաջին  ժողովածուն, աշխարհի ամենաբեղուն միջազգային ակադեմիկոսի կոչումն ունեմ, 175 գիրք եմ տպագրել, 12 ակադեմիկոսների հանձնաժողովների հաստատմամբ՝ օրը աշխատում եմ 164 ժամ, 1763 տարեկան եմ՝ ժամ, տարի, արտադրանք հարաբերակցությամբ:  Աշխարհի ամենաարագ մտածող մարդն եմ: Իսկ ինչո՞վ ավարտվեց ամբողջ կյանքս: Տոկոսով փող եմ վերցրել, Ղարաբաղին վառելիքով օգնել, վերջում 30.000 թոշակ են տալիս: Երեկ էլ վերջնահաշիվ եմ ստացել՝ 20.000 դրամ: Ակադեմիկոսին խորհրդականի պաշտոնից հանում, հետո էլ ասում են, թե ինչի՞ ես դիմում Ադրբեջանին: Բա, եթե աշխարհի լավագույն մարդուն վատություն են անում, ի՞նչ անեմ:

Հիմա որտե՞ղ եք ապրում, քանի՞ հոգուց է բաղկացած Ձեր ընտանիքը, աշխատում են, թե՞ ոչ:

Դե ասեցի էլի, խաբեցին ինձ, իբր տուն էին նվիրել: Ամեն պահի կարող են հանել.…Աղջիկս դասախոս է Իջևանի  համալսարանում, կինս էլ կար ու ձև է անում, սաղ օրը տառապում ա, թե այս խի՞ ես էսքան հանճարեղ:

Դուք, Ձեր զրույցներում նշում եք, որ պետք է հաղթահարել դժվարությունները: Սա արդյո՞ք այն պահն է, որ պետք է լքեք հայրենիքը, այն էլ՝ գնաք թշնամու երկիր:

-Ես դժվարանում եմ մարդկանց հետ խոսել: Գնում եմ, որ  պատժեմ սրանց: Ես ադրբեջանցի երգչուհու մասին գրեցի, խաղաղության կոչ արեցի, ինձ հարցնում են, թե ինչո՞ւ ես գրել, ասում եմ՝ գրել եմ, որ բարիշեք, ասում են, բա ինչի՞ Օֆելյա Համբարձումյանի մասին չես գրում: Եթե ես Օֆելյա Համբարձումյանի մասին գրեմ, Ալիևի հետ կբարիշե՞ք: Ես էտ աղջկան ասում եմ՝ Էլվարա ջան, ես Չիբուխչյան Լյուբիկն եմ,  արի, նստենք, խոսենք, դիվանագիտական…

Ի դեպ, ինչո՞ւ հենց այդ երգչուհին…

-Ես գրել եմ նաև Ահմադինեժադի, Ժիրինովսկու, Պուտինի  մասին՝ 1226 տող՝ երեք նախադասությամբ: Ես ընդառաջ քայլ եմ անում, որ մտավորականների հանդիպում լինի…Ալիևը թշնամի ա, պետք է ա կրակի, բա յուրայինն ա ինձ կրակում, ի՞նչ ա կոչվում: Էն թվերին 12 մահափորձ է եղել իմ դեմ, առաջին անկախ թերթի խմբագիրն եմ:

Վրդովված եք, նեղացած: Բայց, չե՞ք կարծում, որ այստեղ խոսքը գնում է հայրենիքի և ոչ անհատների մասին:

-Ինձ ասում են՝ դավաճան ես: Ես մնում եմ, նորից եմ ասում: Բայց դուք ի՞նչ կարող եք անել, եթե սպանեն ինձ, ապա ինչի՞ համար: Ես գնում եմ դավաճան երկիր, որ հարթակ ունենամ: Պետք ա Ղարբաղի հակամարտության հարցով հանձնաժողովի հետ գամ, կանգնեմ Նալբանդյանի հետ: Գնում եմ: Կարողա գնամ՝ նրանք էլ սպանեն:

Լավ, ասենք գնամ Ռուսաստան, բա վրեժ ո՞վ կհանի: Եթե դուք էլ իմ հանճարը ունենաք՝ տունը կհրդեհեն և այլն: Խի՞ պետք ա ես հեռանամ  իմ հայրենիքից: Գնամ Կանադա, ի՞նչ կփոխվի:

Չե՞ք կարծում, որ թշնամին կօգտագործի Ձեզ՝ ի վնաս Հայաստանի:

-Հայաստանին դեմը ո՞րն ա: Ես որ գնամ Ադրբեջան՝ կարողանալու եմ  առանց ձերբակալության ասել իմ ասելիքը: Եթե մուկը կատվից փախչում է շան մոտ, ասում է՝ պաշտպանի, տեսեք,  թե կատուն ինչքան է վատը:  

Երանի Ձեզ, որ իմ խելքին չեք: Նապաստակը վազ ա տալիս առյուծի որջը…Եթե վախկոտ լինեի, այսպիսին չէի լինի: Ես ափսոսում եմ ինձ, դուք չեք ափսոսու՞մ: Ոչ մի սեփականություն չունեմ՝ խելքից բացի: Միակ մարդն եմ, որ երկու գլուխ ունի, 9 գլխարկ է դնում:

Մարզպետն ասում է՝ քո հետ չեմ կարող աշխատել, բա հիմա ես ի՞նչ անեմ, գնամ կախվեմ, ողջակիզվե՞մ: Սուտը ատում եմ, կաշառքը ատում եմ, անառակությունն ատում եմ…

Տեսեք, երկար ժամանակ ՀՀԿ անդամ եք եղել, նշում եք, որ ատում եք սուտը, կաշառակերությունը: Բնականաբար սրանք եղել են նաև Ձեր օրոք: Բարձրաձայնե՞լ եք երբևէ:

-Հայաստանում առաջին «Պայքար» թերթի խմբագիրն եմ: Դրանից հետո ինչի՞ ինձ կալանավորեցին..Թերթում գրել էի որ դժվար գոյությանը հարմարվել է ինչպես անաչք ճիճուն, որ կողմով պատահի ուտում է, որ կողմով պատահի՝ դուրս ածում:

Անմարդկային, հակամարդկային, անպատկերացնելի 100 հատոր աֆորիզմ ունեմ, մոտ 84.000 հատ: Ձեզ հետ խոսում է Լյուբիկ Չիբուխչյանը, աշխարհի ամենաարագ մտածող մարդը… կասկածում ե՞ք, եկեք...Եթե ուզբեկ լիներ իմ փոխարեն, ձեռնտու ա՞ ձեզ…

Ասել եք, որ ընտանիքով եք գնալու: Ընտանիքի անդամները համաձա՞յն են:

-Նորմալ մարդու ընտանիքը համաձայն չի լինի...Ես սպասում եմ նախագահի պատասխանին…Ֆրանսիայի ակադեմիայի «Ոսկե փետուր»-ի կրողն եմ, ամբողջ ազգը իմ դեմ է դուրս եկել: 12 անգամ դիմել եմ, ոչ մի անգամ չի պատասխանում հանճարեղ մարդուն:

Եթե նախագահը արձագանքի, Ձեր տունը, հողամասը վերադաձնեն, կփոխե՞ք որոշումը:

-Փոխած ա որոշումս…ախր հասարակությունը տեր չի կանգում: Եթե իմանամ՝ կարող եք ինձ պաշտպանել, կմնամ…

Ինչ վերաբերում է  Նախագահին, եթե հրապարակավ ներողություն խնդրի, մարզպետին, քաղաքապետին դատի տա, Հովիկ Աբրահամյանին էլ հանի, կմնամ:  Ուզում եմ, որ իմ նկատմամբ անարդար գտնվողներին պատժեն, ես արդարության կարիք ունեմ..Գուցե սա իմ վերջին զրույցն է...

Խոսքում անընդհատ նշում եք, որ բնության մեջ եզակի մարդ եք, աշխարհի ամենաարագ մտածողը, բազում գրքեր ունեք: Ինչպե՞ս է, որ Ձեր մասին ոչ ոք չգիտի, ոչ գրական ասպարեզից, ոչ էլ հասարակության  շրջանակում:

-Գովազդի պակաս կա… Հիմա կարաք ասեք՝ որտեղ եմ ես կանգնած: Չէ, չեք կարող, որովհետև չեք տեսնում, բաաա..

Ես ամենաբարձր ձայնն էլ եմ հանում (երգում է. Ա.Կ):

 

Հարցազրույցը՝ Անի Կարապետյանի

Լուսանկարը՝ aravot.am

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին