▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է պաշտպանենք մեր Արցախը, ամեն մի թիզ հողը․Փիթեր Ջեմ

Շարունակում ենք ներկայացնել օտար ափերում ապրող և ստեղծագործող, մայրենի լեզուն պահող ու իրենց հայ լինելն ամենուր շեշտող մեր հայրենակիցներին։

Այս անգամ զրուցել ենք լիբանանահայ  երաժիշտ, երգահան, ՄԱԿ-ի խաղաղության դեսպան Փիթեր (Պետրոս)  Ջամբազյանի (Peter Jam) հետ։

«Անչափ կարոտել եմ Հայաստանը։ Վերջին անգամ 2 տարի առաջ եմ այցելել: Երևանից բացի եղել եմ Վանաձորում, անգամ «Զորաց Քարեր» եմ գնացել: Շատ սիրեցի։ Ցավոք, Արցախ չկարողացա գնալ, Հուսամ՝ մոտ ապագայում բացը կլրացնեմ»,-ասում է զրուցակիցս ու շտապում հաղորդել՝ այս ընթացքում գիրք է որոշել գրել, նոր դաջվածք  է հասցրել  անել աջ ձեռքին ու գրել՝ կամքի ուժ։

«Հավատքն առանց կամքի ուժի չի կարող լինել: Ինչ-որ հավատքով ենք արել ու ստացվել է, հիմքում միշտ կամքի ուժն է»,-ընդգծում է Փիթերը։

Փիթեր, այնքան տեղեկություն հաղորդեցիր։ Երևի սկսենք  «Զորաց Քարեր»-ից։ Ինչպիսի՞ն են տպավորություններդ։

-Այն շատ խորը իմաստ ունի: Պատմություն, մշակույթ ու հող։Ահա այս 3-ն էլ արտացոլված են «Զորաց Քարեր»-ում: Մեգալիթյան այս կառույցի մասին արդեն հասցրել եմ խոսել Օքսֆորդի համալսարանում՝ դասախոսության ժամանակ:

Եվ այնքան տպավորվեցիր, որ որոշեցիր գի՞րք գրել։

-Ո՛չ, հիմա պատմեմ։ 2011 թվականից սկսկած երբ կիթառս վեցրել ու առանց գումարի ու հովանավորի խաղաղության երգս տարածելու նպատակով եվրոպական մի քաղաքից մյուսն էի շրջում, շատերը մոտենում ու ասում էին, թե սիրո, խաղաղության մասին շատ  ինքնատիպ եմ խոսում, դրանք շատ հատաքրքիր են։ Մտածեցի, սկսեցի ուշադրություն դարձնել խոսքիս ու քաջալերանքների արդյունքում որոշեցի գիրք գրել՝ մտքերս զետեղելով այնտեղ: Հուսամ՝ շուտով ավարտին կհասնի այն ու հասանելի կլինի հանրությանը:

Ինչպե՞ս է կոչվում:

 -Մի քանի խորագրեր եմ մտածել, բայց չեմ կարծում, որ 2 տառով կամ բառով կարող եմ  ներկայացնել պարունակությունը: Այն պատմության մասին չէ: Կարծում եմ՝ խաղաղության երգիս անունով կլինի՝  «If you want»։

 Ինչո՞ւ եք նախընտրել հենց եվրոպական երկրները:

 -Պատերազմի մեջ գտնվող շրջաններում խաղաղության երգ երգելը նման է հիվանդանոցում գտնվող հիվանդ մարդու, ում  գնում ու հարցնում ենք՝ ուզո՞ւմ ես լավանալ: Անշուշտ, ուզում է: Այդ տեղերում երգելը կարծում եմ՝ անարդյունավետ է, իսկ որոշ չափով հանգիստ երկրների մարդկանց պետք է կոչ անել նեցուկ լինել նրանց: Շատերն անգամ չգիտեն, թե աշխարհում ինչքան դաժան բաներ են կատարվում: Անակնկալի եկա, երբ իմացա, որ անգամ Հայոց ցեղասպանության մասին եվրոպական երկրներում ոչինչ չեն լսել: Սկսեցի ներկայացնել վերապրածների պատմությունները, հատկապես ընտանիքիս:

Ո՞ր երկրներում ավելի շատ սեր ու խաղաղություն տեսաք:

-Հիմա չեմ կարող ասել, բայց նշեմ, որ ամեն տեղ էլ կար դրանց անհրաժեշտությունը:

Իսկ ո՞ր երկրներում էին ավելի շատ ոտնահարված մարդու իրավունքները:

 -Օ՜, սա շատ բարդ հարց է: Երևի Մերձավոր Արևելքում։ Բայց ես սա այլ կերպ եմ դիտարկում, մինչև իսկ կապում եմ անասունների իրավունքների հետ: Այսինքն, երբ տեսնում եմ, որ որևէ քաղաքում անասունների հետ լավ են վարվում, ավտոմատ հասկանում եմ, որ եթե անասուններին են այդքան շատ սիրում, մարդուն ինչպե՞ս կարող են վիրավորել:

Փիթեր, ինչպե՞ս դարձաք ՄԱԿ-ում խաղաղության դեսպան․

-Խաղաղության, բնապահպանության, կենդանիների և շատ այլ իրավունքների պաշտպանության ակտիվիստ եմ։ Նրանք պարզապես հետևել են youtube-յան էջիս, տեսել են, որ քաղաքներում խաղաղության կոչ եմ անում, հետս կապ են հաստատել՝ գնահատելով կատարածս։

4 լեզուների եք տիրապետում, այդ թվում՝ թուրքերենին: Նպատակադրվա՞ծ եք այդ լեզուն սովորել։

-Մեծացել եմ Բեյրութի հայկական թաղամասերից մեկում: Գիտե՞ս, մեր տատիկները թուրքերեն խոսում էին ու միշտ ասում էին՝ «Իմացի՛ր թշնամու լեզուն, բայց մի գործածիր»: Հետո սկսեցի տարբեր երազներ տեսնել: Իբր գնացել եմ Ստամբուլ, կանգնել թուրքերին դեմ դիմաց ու խոսում եմ Ցեղասպանության մասին: Միևնույն ժամանակ կոչ եմ անում ճանաչել այն: Ժամանակի ընթացքում երազս իրական դարձավ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Ստամբուլ գնացի և հայկական մշակութային կենտրոններից մեկում թուրքերենով դասախոսություն կարդացի: Փորձեցի հասկացնել՝ քուրդ ես, թուրք, թե` հայ, բոլորս մեկ ժողովուրդ ենք, պետությունն է մեզ խառնել, ատելություն սերմանել ու Ցեղասպանություն կատարել:

Կարծում եմ՝ թուրք ժողովուրդը, երբ որ իմանա իրականությունն ու հասկանա, որ իրենց պետությունն է կատարել ոճրագործությունը, կդրդի, որպեսզի իրենց երկիրը ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Հիշում եմ՝ 15 տարեկանում էլ պատկերացնում էի, թե ինչպես եմ գնում Ստամբուլ ու պայթեցնում թուրքերին՝ լուծելով վրեժս: Սակայն, երբ մեծացա՝ հասկացա, որ ժողովուրդը նույնն է, պետություններն են նրանց մղում դեպի ատելությունը: Ժողովուրդը պետք է արթուն լինի:

Թուրքիայում ինչպե՞ս ընդունեցին Ձեզ:

-2013 թվականին Թուրքիայում էի, ցույցեր էին, ոստիկաններն իմացան, որ հայ ակտիվիստ եմ, սկսեցին հետապնդել: Թեյ էի խմում, ոչ թե ցույցի էի մասնակցում,  բայց իմացել էին, թե ով եմ: Կարծում եմ՝ վախենում են մտքի ուժից ու բռունցքներն են գործի դնում:

Ես թուրք ժողովրդին միշտ ասում եմ՝  պետությունդ անմարդկային է, բայց, երբ դուք ամեն ինչին մարդկայնորեն նայեք, իրականությունը կփոխենք:

Եվ ինչպիսի՞ն էր լինում թուրքերի արձագանքը:

 -Մի քիչ զարմացած էին, բայց ընդունում էին, որ պետք է արդեն այլ կերպ խոսել: Ինչ-որ ձև պետք է համաձայնության գալ: Այս կարծիքի էին հատկապես քրդերը: Նրանք, ի դեպ, հասկացել են՝ թուրքերը միշտ իրենց օգտագործել են, խոստացել ու չեն կատարել: Հայերը, հակառակը, միշտ օգնել են: Կարծում եմ, որ մտածելակերպի այս հեղափոխությունն արդեն սկսվել է Թուրքիայում՝ քրդերի ու գիտակից թուրքերի շրջանում:

Աշխատում եմ խոսել նաև  Արցախի մասին, բայց մի քիչ դժվարությամբ է օտարը հասկանում Մոսկվայի թելադրանքով ու Ստալինի  անմիջական միջամտությամբ Արցախն Ադրբեջանի կազմում ընդգրկելու և այդ տարածքում ինքնավար մարզ կազմավորելու վերաբերյալ որոշումը: Բայց ես մանրամասն պատմում եմ, թե ո՞ւմ հողն էր ու հետո ի՞նչ եղավ: Կարծում եմ՝ Արցախի խնդրի լուծումը պետք է գտնվի: Անընդհատ արյուն չպետք է հոսի: Սիրտս կտոր-կտոր է լինում, երբ լուրերով լսում եմ, որ հայ զինվոր է զոհվել: Մենք շատ ենք հողեր կորցրել, անգթորեն մեզ ջարդել են, 1000-ավոր տարիներ ապրած հողերից վտարել: Տատիկներս Մարաշից են, որտեղ հիմա միլիոնավոր թուրք ու քուրդ կա: Ես չեմ կարող նրանց ջարդել-հանել ու Ջամբազյաններին տանել իրենց բնօրրանը: Հետևաբար, մենք պետք է պաշտպանենք մեր Արցախը, ամեն մի թիզ հողը: Բոլորը պետք է հասկանան, որ այն հայկական հող է, Ադրբեջանն էլ թող իր հողով բավարարվի:

Փիթեր Ջամբազյանը ծնվել է Լիբանանում՝ 1981 թվականի հուլիսի 6-ին։ Խաղաղության կոչով որոշել է հանդես գալ 1980-ական թվականներին Լիբանանում քաղաքացիական պատերազմի ականատեսը լինելուց հետո։

«Խաղաղությունն ամենակարեւոր բանն է»,-նշում է նա ու հավելում․

«Միշտ պետք է տարբեր վայրեր գնամ, կարողանամ մի փոքր կրակ վառել, որը տաքություն կտա, ոչ թե կայրի: Հայրենիքում ու մայրենիքում (Լիբանան և Հայաստան) էլ եմ ուզում ակտիվ լինել։ Ի դեպ, առաջիկայում նոր երգ կներկայացնեմ: Կոչվում է «We all need»։

Ինչ վերաբերում է խաղաղության այցեքարտ դարձած ` «If you want» երգին, ապա այն գրել է 2009 թվականի մարտին` If you want love you will find love /If you want peace you will get peace/ If you want hope, hope is what we need /  You have to keep the faith, you'll get what u need ….

Անի Կարապետյան

 

Կարդացե՛ք նաև՝

Կտեղադրվի «Վիքիպեդիա»-ին նվիրված աշխարհում առաջին հուշարձանը.Հեղինակը հայազգի Միհրան Հակոբյանն է


Երբ ԱՄՆ-ից կասեն «երեք ու չորս», այնժամ այստեղ կասեն «հինգն ու վեցը»...
Եթե գամ Հայաստան՝ երեխայիս դուք պետք է պահեք
Մտածեցի, որ իրավունք չունեմ բողոքել Աստծուց ու ասել՝ ո՞վ ես դու.Մարթեն Յորգանց

Փարիզի նոր լույսը

Հավաքվել էին երկար-բարակ պոչերն ու մտածում էին, թե ինչպես ռմբակոծեն Հայաստանը

Հայ ազգի 51 տոկոսը ապուշ է, 49 տոկոսը՝ խելացի.Ստեփան Փարթամյան

Զորի Բալայանն ասում էր` «Օշին` վառի'ր դա»

Թե ինչպես են բրազիլացիները համաձայնում խաղալ տարօրինակ անվանում ունեցող հայկական ֆուտբոլի ակումբում

Ես ստրուկ չեմ, որ մեծահարուստի մասին գրեմ

Եթե տուն, մեքենա չունես ու հանգստի չես մեկնում, ուրեմն աղքատ ես

Հիմա եմ հասկանում, թե ինչու են բոլորը լքում Հայաստանը

Հայ իշխանավորները խափանել են համերգը՝ իջեցնել տալով վարագույրը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին