▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարևոր է հասկանալ հարակից 7 տարածքները վերադարձնելու հարցը` հանած միջանցքը...

Օրեր առաջ ներկայացրել էինք հատված Asekose.am-ի` ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն ՀեֆՖերնի  հետ  հարցազրույցից:

ԱՄՆ անկախության տոնի առթիվ ներկայացնում ենք Ջոն Հեֆֆերնի   ամբողջական հարզացրույցը, որում դեսպանն  անդրադարձել է ղարաբաղյան  հակամարտության կարգավորմանը, քաղաքացիական հասարակություն-ոստիկանություն չդադարող տարաձայնությանը, կենսաթոշակային համակարգին, Մաքսային միությանը Հայաստանի  անդամակցությանը և ոչ միայն:

-Պարոն դեսպան, օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Սակայն նոր  նշանակման վերաբերյալ կարծիքները միանշանակ չեն: Որոշ մարդկանց պնդմամբ վերջինս երբեք էլ չի թաքցրել իր արևմտամետությունը, իսկ ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ արված նրա քաղաքական հայտարարության համար Ռուսաստանը նրան այդպես էլ չի ներել: Տիգրան Սարգսյանի նշանակումն ըստ Ձեզ կապ ունի՞ նրա քաղաքական դիրքորոշման հետ:

-Մենք ողջունում ենք նախկին վարչապետի նշանակումը Միացյալ Նահանգներում` որպես դեսպան: Դա ցույց է տալիս, թե ՀՀ կառավարության և ՀՀ նախագահի համար որքան են կարևորվում հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ: Վարչապետի պաշտոնավարման ընթացքում սերտորեն համագործակցել ենք նրա հետ: Մեր և միջազգային հանրության համար Տիգրան Սարգսյանը եղել է լավ գործընկեր: Ուրախ ենք տեսնել նրան Վաշինգտոնում և այդ առումով որևէ վերապահում չունեմ:

-Սակայն հակառակ բևեռից հնչում են նաև կարծիքներ, որ պետք է հաշվի առնվեր նաև այն հանգամանքը, որ Տիգրան Սարգսյանի անվան շուրջ գրեթե միշտ տարատեսակ աղմուկներ են բարձրացել և այդ տեսանկյունից  նրա նշանակումն այդքան էլ տեղին չէ: Ըստ Ձեզ սա փոխկապակցվա՞ծ է:

-Այդ հարցերը ներքին խնդիրներ են, որոնք պիտի Հայաստանի կառավարության և ժողովրդի կողմից հստակցվեն և որոշվեն: Մեզ համար Տիգրան Սարգսյանը եղել է որպես գործընկեր և նրան շարունակում ենք  դիտարկել որպես այդպիսին:

-Իսկ արդյո՞ք Տիգրան Սարգսյանին նոր նշանակման կապակցությամբ հասցրել եք շնորհավորել:

-Անշուշտ:

-Ի տարբերություն Տիգրան Սարգսյանի, ով  դեռ նոր պետք է ծավալի իր գործունեությունը որպես դեսպան, Դուք արդեն կարող եք  ամփոփել Հայաստանում Ձեր անցկացրած տարիները: Կասեք, թե ինչպիսի՞ն էր Ձեր առաջին տպավորությունը մեր երկրից և արդյ՞ոք այն ժամանակի ընթացքում փոխվել է:

-Ես այս  տարածաշրջանի  հարցերով չէի զբաղվել և փորձագետ  չէի: 2011 թվ-ի հոկտեմբերին  նշանակվեցի և եկա  այստեղ:  Մինչ  գալս չգիտեի, թե ինչ պետք է ակնկալեի: Սակայն ես և կինս, այստեղ ժամանելով, հայտնաբերեցինք, որ  Հայաստանը նախ գեղեցիկ երկիր է, մայրաքաղաքը շատ աշխույժ և գունեղ, իսկ  մարդիկ էլ ջերմ են և տաղանդաշատ: Հայաստանը, անշուշտ, դժվարություններ ունի, սակայն մարդկանց ջերմությունը  և տաղանդն այն գործոններն են, որոնք թույլ կտան հաղթահարել այդ դժվարությունները: Հայաստանում ճանապարհորդելով` տեսանք  Հայաստանի մշակութային և գեղատեսիլ  վայրերը, ինչպես նաև նկատեցինք, որ գյուղական բնակավայրերն ունեն  խնդիրներ: Կա տարբերություն Երևանի տնտեսական կայունության և մարզերի, գյուղական համայքների տնտեսության առումով: Եվ դա է պատճառը, որ ներկայումս մեր շատ  աշխատանքներ ուղղված են գյուղական բնակավայրերի զարգացմանը և այդ միտումը նաև կպահպանվի առաջիկա  ժամանակներում:

-Եթե փորձենք նաև անդրադառնալ Հայաստանի մյուս խնդիրներին, ապա  որո՞նք են դրանցից առաջնային լուծում պահանջում և  արդյո՞ք այդ առումով տեսլական ունեք:

-Հայաստանի առջև ծառացած է տարածաշրջանային մարտահրավերը:  Միացյալ Նահանգները որպես գործընկեր և բարեկամ պետություն ցանկանում է աջակցել հայ-թուրքական  հարաբերությունների կարգավորմանը: Դա լավ է Հայաստանի և Թուրքիայի համար: Եվ նաև Լեռնային Ղարաբաղի հարցում մենք որպես Մինսկի խմբի համանախագահ պետություն ցանկանում ենք աջակցել խնդրի խաղաղ բանակցային կարգավորմանը:  Իսկ որպես ներքին ամենահրատապ  խնդիր, որի շուրջ միջազգային հանրությունը պատրաստ է աջակցել` հավասար խաղի պայմանների ապահովումն է Հայաստանի քաղաքական և տնտեսական դաշտում:

-Պետք է փաստենք, որ  վերջին տարիներին ներքին խնդիրներին զուգահեռ Հայաստանում ձևավորվել է քաղաքացիական հասարակությունը, սակայն այս շերտի և ոստիկանության հարաբերությունները  դժվար է քաղաքակիրթ անվանելը: Վերջին օրերի իրադարձություններն ասվածի վառ ապացույցն են, քանի որ ոստիկանական բռնությունն ակնհայտ էր: Ինչպե՞ս պետք է կարգավորվել այս դաշտը:

-Հայաստանի  բարեկամները և գործընկերներն աշխատում են երկու ոլորտներում էլ` և ոստիկանական, և քաղաքացիական հասարակության: Քաղաքացիական հասարակության ոլորտում տեսել ենք դրական զարգացումներ, հասարակական կազմակերպություններն օրեցօր հզոր են դառնում: Նախորդ շաբաթ տեղի է ունեցել մրցանակաբաշխություն, որի ժամանակ Հայաստանի միջազգային գործընկերները` 5-6 կառույց, միասին մրցանակներ են հանձնել քաղաքացիական հասարակության, հ/կ-ների, ակտիվիստների, լրատվամիջոցների շրջանում իրենց գործունեությամբ աչքի ընկած մարդկանց: Ուստի կարող ենք ասել, որ քաղաքացիական հասարակության  ոլորտում հաջողություններ կան:

Ոստիկանական համակարգի բարեփոխումների հետ կապված կարող եմ ասել, որ այստեղ գտնվելու երեք տարիների ընթացքում նկատել եմ, որ հանրահավաքների  անցկացման ոլորտում  դրական տեղաշարժեր են եղել: Եթե համեմատենք  2013 թվ-ի հետընտրական  ժամանակահատվածը 2007 թվ-ի հետ,  ապա կտեսնենք, որ հանրահավաքների ազատության առումով շատ մեծ  դրական  տեղաշարժ  է տեղի ունեցել: Հիշենք թեկուզ Մաշտոցի պուրակը, «Վճարում  ենք 100 դրամ» ակցիան, որոնք նույնպես իրագործվել են:  Իսկ խնդիրներ դեռ  կան և մենք տեսնում ենք  դեպքեր, երբ առանձին ոստիկաններ անցել են արհեստավարժության շեմը և իրենց ճիշտ չեն դրսևորել: Ուստի` մենք շարունակելու ենք աշխատել ոստիկանության հետ` բողոքների դեպքում նրանց գործողությունների կազմակերպման  և արհեստավարժության մեծացման համար:

-Բազմիցս անդրադարձել եք Հայաստանում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումներին  և այս  համակարգի ներդրումը կարևորել  եք` ասելով , որ այն հնարավորություն կտա աշխատողներին ձևավորելու իրենց կենսաթոշակը և անձամբ կուտակել կենսաթոշակային խնայողություններ: Այդ դեպքում ի՞նչը խանգարեց քաղաքացիական հասարակությանը տեսնել և արժևորել բարեփոխման նպատակահարմարություն:

-Մենք և միջազային այլ կառույցներ աշխատում ենք Հայաստանի մի շարք նախարարությունների և գերատեսչությունների հետ` այդ բարեփոխումների նախնական  ձևավորման  շուրջ: Մենք դեռ հավատացած ենք, որ այն նախնական ծրագիրը հավասարակշռված կենսաթոշակային ծրագիր է: Գործընթացի ժամանակահատվածում հորդորում էինք իրականացնել իրազեկման աշխատանքներ, որպեսզի քաղաքացիները, ընկերություններն իմանային, թե ինչ  պետք է ակնկալեին, որովհետև այդ բարեփոխումը հիմնարար բնույթ ուներ: Խնդիրը նաև նրանում էր, որ այստեղ կար նաև վստահության պակաս պետական գերատեսչությունների, մարդկանց և տարբեր խմբերի նկատմամբ: Երբ բարեփոխումների մասին հայտարարվեց,  տեսաք, թե ինչպիսի արձագանք եղավ: Ներկայիս կառավարությունն աշխատում է կողմերի և ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների հետ, որպեսզի հասկանան, թե այդ  նախնական ծրագրին ինչն է պակասում և ինչը փոփոխման կարիք ունի: Սա ներքին գործընթաց, որի ընթացքում Հայաստանի կառավարությունը և հասարակությունը կկարողանա ընդհանուր հայտարարի գալ: Այս պահին այդ հարցում Հայաստանի միջազգային գործընկերները ներգրաված չեն, սա ներքին քաղաքական խնդիր է, որի վերաբերյալ որոշումն պետք է կայացվի Հայաստանի կառավարության կողմից` խորհրդակցելով  բոլոր շահագրգիռ  կողմերի հետ: Իմ վերջին նկատառումս այն է,  ընթացիկ համակարգը  երկարաժամկետ կայունություն չի կարող ապահովել, ուստի  անհրաժեշտ է, որպեսզի  ստեղծվի կենսաթոշակային ապահովման որևէ մեխանիզմ:

-Այնուամենայնիվ, ԴԵՄ ԵՄ շարժման անդամների պայքարի արդյունքում որոշակի օրենսդրական փոփոխություններ եղան, մասնավորապես` Պարտադիր կուտակային համակարգը դարձավ Նպատակային սոցիալական վճար:  Սակայն  բողոքող կողմը պնդում է, որ  ըստ էության միայն անվանումն է փոխվել:  Սա իրականում անվանման փոփոխությո՞ւն է, թե՞ քաղաքացիներին ընդառաջ գնալու քայլ:

-Սա  իմ երկիրը  չէ, ես  չեմ կարող ասել, թե ինչպիսին պետք  է  լինի լուծումն այս հարցի վերաբերյալ: Երկրում հարցի շուրջ  քաղաքական ներքին գործընթաց կա, որը ընթացքի մեջ է: Հուսամ, որ լավագույն լուծում կտրվի այս  իրավիճակին, իսկ Հայաստանի միջազգային գործընկերներն ու բարեկամները կփորձեն աջակցել այն ոլորտներում, որտեղ ՀՀ կառավարությունն աջակցության կարիք ունի:

-Անցում կատարենք հակամարտության կարգավորման խնդրին: Հայ-ադրբեջանական հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Ադրբեջանը, անընդհատ դիվերսիոն գործողություններ  իրականացնելով, խախտում է հրադադարի ռեժիմը, ժնևյան կոնվենցիան:  Այդ գործողությունների հետևանքով մենք անընդհատ կորուստներ ենք ունենում, օրեր առաջ մահացավ Ադրբեջանում խոշտանգումների ենթարկված 77-ամյա Մամիկոն Խոջոյանը:  Դուք կարևորում եք խաղաղ բանակցությունը, սակայն այս ամենից հետո դա իրատեսակա՞ն է:

-Պետք է  խնդրին խաղաղ  լուծում  տրվի և այդ հարցի  վերաբերյալ որևէ  այլընտրանք չկա: Մինսկի խումբը ձգտում է  ամեն ինչ անել, որպեսզի  ի վերջո  խնդիրը խաղաղ կարգավորում ստանա: Միացյալ Նահանգները և մյուս համանախագահները խստագույնս դատապարտել են այս տեսակ հրադարի խախտումները և  մարդկային կորուստների դեպքում ցավակցություն են հայտնել:  Այդ միջադեպերը հաշվի առնելով պետք  է բոլոր կողմերն անհրաժեշտ ճկունություն և ստեղծարար մոտեցում ցուցաբերեն, որպեսզի կարողանանք խաղաղ լուծում գտնել հակամարտությանը, որն այսքան երկար խաթարում է ժողովուրդների հարաբերությունները:

-Խոսեցիք Մինսկի խմբից և չենք կարող չհիշատակել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմ Ուորլիքի աղմկահարույց հայտարարությունը, որը Հայաստանում բավական քննադատվել էր:  Ի՞նչ եք կարծում նման տեսակ հայտարարությունները չեն խանգարում Ձեր իսկ կողմից  մատնանշած հարցի խաղաղ կարգավորմանը:

 -Ինքս տեսել եմ  քննադատություններ, քանի որ  «Twitter»-ում  շատ ակտիվ եմ: Կուզեի նաև կոչ անել, որ Ձեր ընթերցողները մեզ միանային. բոլոր քննարկումները կարող ենք շարունակել նաև այդ հարթակում: Ինչ վերաբերում է ելույթին` այլ կարծիք ունեմ այս հարցի  վերաբերյալ: Ելույթի  հետ կապված նշեմ, որ այն երկու նպատակ է ունեցել: Առաջինը` հանրային բանավեճի ձևավորում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար մատնանշված 6 կետերը վաղուց ի վեր հայտնի են,  բայց Ուորլիքը հավատացած էր, որ անհրաժեշտ է, որ այդ սկզբունքերը հասարակությանը ներկայացվեն, որպեսզի դրանք ի վերջո հաջողություն ունենան: Ես  և Ադրբեջանում մեր դեսպանը համակարծիք ենք, որ  թեման այնքան է սառեցված եղել, որ հասարակության մեջ այդ  սկզբունքների վերաբերյալ ընդհանուր ընկալումը բացակայում էր: Ուորլիքը ցանկացել էր իր ելույթով հանրային բանավեճ ձևավորել: Կարծում եմ, որ նա այդ հարցում  հաջողության հասել է: Երկրորդ նպատակն այն էր, որ խաղաղության հետ կապված  ցանկացած բանակցությունների հիմքում անհրաժեշտ  է տարբերակում` բուն Լեռնային Ղարաբաղի և դրան շրջապատող տարածքների միջև: Ես և Ուորլիքն այն զգացողությունն ունենք, որ երկու կողմերն էլ այդ երկու տարածքները  դիտարկում են  որպես մեկ ամբողջություն: Եթե երկու կողմերն էլ այդ ընկալմամբ  առաջնորդվեն, ապա կարգավորում չի լինի:  Կարևոր է բոլորին հասկանալ, որ համաձայնության համար, կապված բուն ԼՂՀ հարցի կարգավորման հետ, կպահանջվի վերադարձնել հարակից 7 տարածքները` հանած միջանցքը. Եվ եթե հակամարտության կողմերից որևէ մեկը չի պատկերացնում լուծումն այդ տարբերակով. ապա դրա համար շատ երկար ժամանակ  կպահանջվի, հակամարտությունն էլ  շատ երկար կտևի:

-Ներկայումս  ամբողջ աշխարհը շարունակում է հետևել Ուկրաիանայում ընթացող գործընթացներին, որոնք ըստ էության ծագել  են Մաքսային միության և Եվրամիություն երկըտրանքի ճանապարհին:  Մեր իշխանությունները որդեգրել են Մաքսային միությանն անդամակցության քաղաքականությունը: Որքանո՞վ է հայկական կողմի այս դիրքորոշումն ընդունելի Ձեզ համար:

-Նորից ասեմ, որ սա իմ երկիրը չէ և  չեմ կարծում, որ իմ կարծիքը որևէ բան փոխում է: Մի քանի տարի Հայաստանն ընթանում էր Եվրամիության հետ ասոցացման, ազատ առևտրային համաձայնագրի ուղղությամբ: Մենք և միջազգային գործընկերները պաշտպանում էինք  այդ ուղղությունը` կարծելով, որ այն Հայաստանի համար լավ ճանապարհ է: Ողջունում ենք, որ ներկայումս Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան ստորագրել են ասոցացման համաձայնագրերը, սակայն Հայաստանն ինքնիշխան  պետություն է և  ամեն երկիր  իրավասու  է առանց որևէ ճնշումների որոշումներ:

-Մաքսային միությանն անդամակցության ճանապարհին չի բացառվում, որ «խաղից դուրս» վիճակում կարող է հայտնվել ԼՂՀ-ն: Ինչն էլ իր հերթին Հայաստանում շատերի զայրույթն է առաջացնում, ի՞նչ եք կարծում սա հիմք կհանդիսանա ուկրաինական սցենարի հայաստանյան կրկնությանը: 

-Ապագան  թույլ տվեք չկանխատեսել, ենթադրական  հարցերին չպատասխանել, Ես հայ չեմ,  Մաքսային միության կազմում չեմ և նպատակահարմար չէ, որ դրա վերաբերյալ կարծիքներ հայտնեմ:

-Ամփոփելով զրույցը` նշենք, որ Հայաստանում «Happy» տեսահոլովակների շարք շատ ենք ունեցել և օրեր առաջ համացանցում հայտնվել է նաև «Happy Kharabakh»-ը: Ուշագրավն այն է, որ  դրանցից առաջինում  Դուք էլ եք նկարահանվել:  Հեշտ համաձայնեցի՞ք  Ձեր այս պարային կողմը ցուցադրելուն:

-(Ծիծաղում է): Չգիտեմ, թե ինչքանով եմ կարողանում պարել, սակայն նշեմ, որ դա ինձ համար շատ  հեշտ որոշում էր: Մեծ սիրով  ենք աշխատում Միացյալ  Նահանգներում ուսանած շրջանավարտներին հետ,  որոնք մեր լավ գործընկերներն են և կարևոր մարդիկ են  մեր  և Հայաստանի համար: Ինչպես  նաև շատ  հաճելի էր,  որ հայ աստղերը նույնպես համաձայնել և մասնակցել են նկարահանմանը:   Հուսամ, որ Ձեր ընթերցողները կայցելեն  «Youtube»  և կդիտեն այդ տեսանյութը:  Եթե չեմ սխալվում այն 250. 000 դիտումն արդեն գերազանցել է:

-Եվ վերջին հարցը. այսօր ԱՄՆ  նշում է  իր անկախությունը, հետաքրքիր  է, թե տոնն ի՞նչ խորհուրդ  ունի  Ձեզ համար:

-Անկախությունը կարևոր  արժեք  է ցանկացած երկրի համար:  Պաշտոնական ընդունելությունը նախատեսել էինք հուլիսի 2-ին, իսկ  հուլիսի 3-ին տեղի ամերիկացիներով ենք նշել տոնը:  Հպարտ  եմ, որ այստեղ ներկայացնում եմ Միացյալ նահանգները: Իհարկե, մենք  խնդիրներ և մարտահրավերներ  ունենք, բայց  հպարտ  եմ նրանով, ինչին կարողացել ենք հասնել մեր անկախությոն  239 տարիների ընթացքում:

 

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее