▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի հատուկ ծառայությունը չունի հնարավորություն գտնելու հայերենին լիարժեք տիրապետողի. ՀՀ ԱԱԾ

«Արմենպրես» գրում է. Ադրբեջանական www.faktxeber.com ինտերնետային լրատվամիջոցը հոկտեմբերի 16-ին հրապարակել է հերթական կիսագրագետ ու անհաջող սադրիչ տեղեկատվությունը: Ադրբեջանի հակահայկական քարոզչությունն այս անգամ «սենսացիոն» տեղեկատվական  արտահոսք է կազմակերպել` իբրև հայթայթել ու հրապարակել է  ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ  Գորիկ Հակոբյանի պաշտոնական  գրությունը՝  ուղղված ԼՂՀ ԱԱԾ տնօրեն,  գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանին: Այս առնչությամբ ՀՀ  ԱԱԾ Մամուլի կենտրոնից«Արմենպրես»-ին տրամադրված հայտարարության մեջ նշվում է.

«Շինծու նամակի թռուցիկ ուսումնասիրությունն անգամ ի ցույց է դնում  հեղինակների տկարամտությունն  ու  անգրագիտությունը: Նախ՝ ԼՂՀ ԱԱԾ տնօրենին ուղղված պաշտոնական գրությունում չպետք է օգտագործվի «ԼՂՀ ԱԱԾ պետ»  սխալ  ձևակերպումը   (ճիշտը՝ ԼՂՀ ԱԱԾ տնօրեն):

Բազմաթիվ ուղղագրական, շարահյուսական սխալներով և ժամանակային անհամապատասխանություններով նամակում մասնավորապես նշվում է, թե հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումները, զինծառայողների շրջանում զոհերը, խաղաղ բնակչության և քաղաքացիական շինությունների ռմբակոծությունը խուճապ են առաջացրել, ինչի հետևանքով սահմանամերձ գյուղերի բնակիչները լքում են բնակավայրերը: Հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված անառողջ իրավիճակը՝ ՀՀ ԱԱԾ տնօրենն իբրև «հրամայում է» ԼՂՀ ԱԱԾ տնօրենին բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ տանել և խուճապ  հրահրողներին  պատասխանատվության   ենթարկել:

ՀՀ քաղաքացիների համար պարզ է, որ ադրբեջանական  քարոզչամեքենայի հրապարակած տվյալները խուճապի կամ արտագաղթի մասին չեն համապատասխանում իրականությանը, այլ հակառակը` հակառակորդի վերջին ագրեսիվ դրսևորումներն ավելի են համախմբել մեր քաղաքացիներին և հաստատակամ դարձրել  սեփական երկիրը պաշտպանելու ձգտումը:

Հեղինակելով նման նամակ՝ ադրբեջանական քարոզչամեքենան ցանկալին իրականության հետ է շփոթել և իր իսկ քաղաքացիներին թյուրիմացության մեջ գցել: Փորձելով հպարտանալ, որ կարողանում են հակառակորդ երկրների հատուկ ծառայությունների գրագրությունը ձեռք գցել և հրապարակել` չեն կարողացել անգամ առանց տառասխալների գրել տեքստը, որպեսզի ընթերցողը չկասկածի նամակի իսկության մեջ: Ադրբեջանի հատուկ ծառայությունը չունի հնարավորություն գտնելու մեկին, որը լիարժեք տիրապետում է հայերեն լեզվին:  Իսկ այն, որ ՀՀ ԱԱԾ տնօրենը հրամայում է անկախ պետության հատուկ ծառայության   ղեկավարին, դա  արդեն անհեթեթություն է:

Խստագույնս դատապարտելով նման գործելաոճը՝ ադրբեջանցի աճպարարներին խորհուրդ ենք տալիս ակնհայտ ստահոդ և անգրագետ գրելաոճով տեղեկատվություն հրապարակելիս դիմել այլ oտար լեզուների օգնությանը, իսկ ՀՀ քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ ենք անում զգոնություն ցուցաբերել ադրբեջանական կայքերում հանդիպող նմանատիպ  սադրանքների  նկատմամբ»:

«Արմենպրես»-ը ներկայացնում է կեղծիքում տեղ գտած սխալները` լուսանկարով: Իրականում սխալներն ավելի շատ են, պարզապես ներկայացված են դրանցից ամենակոպիտները: 

ադռ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին