▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավելի լավ, արդար, ազատ երկիր ունենալու հավատքով․․. Րաֆֆի Հովհաննիսյանի ծննդյան օրն է

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Րաֆֆի Հովհաննիսյանի տարեդարձն է: Նա դառնում է 63 տարեկան:

Նրան ոմանք համարում են քաղաքական ռոմանտիկ, ինչին Րաֆֆի Հովհաննիսյանը լավ պատասխան է տվել՝ նշելով. «Ավելի լավ, ավելի արդար, ազատ եւ առաջատար երկիր ունենալու հավատքը եւ ցանկությունը ռոմանտիզմ չեն, դա ուղղակի ազգային անհրաժեշտություն է...Գուցե իմ բառապաշարի մեջ, որն արեւմտահայերենի ու արեւելահայերենի խառնուրդն է, պարունակում է գեղապաշտություն, բայց այն, ինչ ընկած է դրա հիմքում, վստահ եմ, ամեն հայաստանցու ցանկությունն է: Եվ եթե այսօր դա ռոմանտիզմի ոլորտից է կամ` ինչ-որ հեռահար տեսություն, ապա կգա մի օր, երբ այդ ամենը կդառնա մեր կյանքի սովորական ուղենիշը»:

Փաստեր

 •    Ծնվել է 1959թ. Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում, հայտնի ամերիկահայ պրոֆեսոր եւ պատմագետ Ռիչարդ Հովհաննիսյանի զավակն է: Ամուսնացած է, ունի 5 երեխա:

 

•    Սովորել է Կալիֆոռնիայի համալսարանում, Ֆլեթչերի դպրոցում եւ Ջորջթաունի համալսարանում:

 •    1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո ընտանիքով տեղափոխվել է Հայաստան: 

•    1991-1992թթ. եղել է նորանկախ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարարը:

 •    2002թ. հիմնադրել է «Ժառանգություն» կուսակցությունը, իսկ 2007թ. ընտրվել ԱԺ պատգամավոր:

•  2013թ. մասնակցել է նախագահական ընտրություններին. ըստ պաշտոնական տվյալների հավաքել է 539 691 ձայն, իսկ գործող նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց 861 155 ձայներով։ Այսինքն ընտրություններին մասնակցած քաղաքացիների 35 տոկոսից ավելին քվեարկել էին Րաֆֆիի օգտին։ Վերջինս չհամաձայնվեց արդյունքների հետ և սկսեց հետընտրական բողոքի ակցիաներ կազմակերպել, որոնք ստացան «Բարևի հեղափոխություն» անվանումը։ 

Այդ օրերի մասին մի առիթով պատմել է Րաֆֆի Հովհաննիսյանի կինը՝ Արմինեն. հաղորդումն առաջարկում ենք դիտել այս հղումով:

Նշենք, որ 2000  թվականին   Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանները, հիմնադրել  են   «Օրրան» հասարակական- բարեգործական կազմակերպությունը,  որի նպատակն է Հայաստանի անապահով ընտանիքների զավակներին ու միայնակ տարեցներին օգնելը. վերջին տարիներին  «Օրրան»-ը աջակցության ծրագրեր է իրականացում նաև ուղված արցախցիներին ու զինվորներին:

Րաֆֆի Հովհաննիսյանը միշտ աչքի է ընկել բացառիկ հայրենասիրությամբ. մի առիթով նա պատմել է. «Առաջին անգամ Հայաստան այցելել եմ 1970 թվականին` 10 տարեկանիս… Հիշում եմ` Երեւանի օդանավակայանը բավականին անհյուրընկալ տեսքով դիմավորեց ինձ` հայրենիք վերադարձող երիտասարդ սփյուռքահայիս: Հաջորդ տարին նույնպես եկա Հայաստան` այս անգամ գերդաստանի ավելի ընդլայնված կազմով: Այնուհետեւ այցերս դարձան մշտական: Միշտ տխուր էի մեկնում Հայաստանից եւ անհամբեր սպասում, թե երբ կրկին կվերադառնամ: Կարող եմ հիմա մեծ-մեծ ասել, թե դեռ այն ժամանակ որոշեցի վերադառնալ` ապրելու Հայաստանում»:

Արմինե Հովհաննիսյանն էլ, իր հարցազրույցներից մեկում, անկեղծացել էր. «Մեր մեջ ներարկված էր հայրենիքի նկատմամբ սերը, մենք պետք է գայինք Հայաստան ու շենացնեինք այն:  Երեխաներս  շատ  մարդկային  արժեքներ  են ձեռք բերել՝ մեծանալով  մութ ու ցուրտ տարիներին: 

Այսօր նրանք շատ  ավելի լավ  ու բարեգութ մարդիկ են, որովհետև տեսել են այդ դժվար տարիները Հայաստանում:

Մենք ամենևին չէին եկել Հայաստան, որպեսզի պաշտոն ստանայինք, մենք եկել էինք, որովհետև Հայաստանը նոր վերածնունդ էր ապրում, և մենք չէինք կարող դրա մի մասնիկը չդառնալ»:

Շնորհավորում են Րաֆֆի Հովհաննիսյանին և առաջարկում  նաև  դիտել Ալեն Սիմոնյանի՝ 2013 թվականի հարցազրույցը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից:  

Լուսանկարները՝ Asekose.am-ի պահոցից:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին