▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բեսպրեդե՞լ, չէ, չենք լսել». Դավիթ Գրիգորյան

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լսում եմ Դիլիջանի քրեականի պետի փաստաբանի հարցազրույցը։ Ասում է, թե դա, որն ի ծնե իրավունք չուներ կրելու ոստիկանի համազգեստ՝ անչափահասին ծեծելիս չի հասկացել, որ վերջինս երեխա է։
Եթե մի ամբողջ քաղաքի ոստիկանության քրեականի պետը ունակ չէ տարբերել անչափահասին չափահասից, ապա հարցն այլևս այն չէ, թե ինչո՞ւ է ծեծել, այլ այն, թե ո՞վ է էդ անմեղսունակին գործի ընդունել, պաշտոն տվել, նման կարևոր գործառույթ վստահել։
Ինչպե՞ս է մեկը, որը պարզունակ դեդուկցիայի դիմելու կարողություն էլ չունի, նման պաշտոն զբաղեցրել։ Թեպետ, խիստ կասկածում եմ, որ դա դեդուկցիա բառի իմաստն անգամ կհասկանա։ Համակարգի լավարկման մասին խոսք կարո՞ղ է էսքանից հետո լինել։ Ինչևէ, էս անձին ներկայացնող փաստաբանն էլ պնդում է, թե մարդն անմեղ է ու իրեն հիմա կալանավորել են մի բանի համար, որն ինքն անգամ չի գիտակցել։
Դե անմեղսունակ էլի։ Թվում էր, թե ծեծվածը չափահաս լիներ՝ լրիվ ներելի ու արդարացված կլիներ սույն անմեղսունակի արարքը։
Կամ մեկ այլ դեպք։ Քիչ առաջ ՀՀ ՄԻՊ-ը հրապարակում արեց։ Ասվում է, թե տարածված տեղեկությունների համաձայն՝ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնում բռնություն է գործադրվել փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ։
Դեպքի կապակցությամբ Պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։ Համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ՆԳՆ՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով:
Էս բոլոր բաները կարդալիս իմ ամենօրյա ճանապարհն եմ վերհիշում։ Ճանապարհս ամեն առավոտ անցնում է Նալբանդյան փողոցով։ Հրապարակից՝ Նալբանդյան, ապա ճոպանի հանգույցով՝ Հերացի։
Ամեն առավոտ հետևում եմ, թե ինչպե՞ս են պարեկներն ու փոքրաթիվ ճանապարհային ոստիկանները մինչև Ոստիկանության (մեր օրերում արդեն ՆԳՆ) շենքը՝ համառորեն «մաքրում» ճանապարհը։
Ասում եմ, թե բա՝ էս ի՞նչ բան է։ Պարզվում է, որ առավոտյան բացարձակապես չծանրաբեռնված Նալբանդյան փողոցը ՀՀ ՆԳ նախարարի համար են այսպես ակտիվ բացում, որ նախարարը ՆԳՆ շենք հասնելու ճանապարհին հանկարծ հարկադրված կանգ չունենա։
Թե ո՞ւր կորան հեծանիվներով շրջելու օրերը՝ դուք ասեք։
Ու վերհիշում եմ էն օրերը, երբ անգամ միջին օղակի պաշտոնյաներն էին կորտեժով շրջում, քանի որ իրենց թվում էր, թե իրենք տիեզերքի առանցքն են։ Տիեզերականները վերագտել են իրենց։ Դիլիջանից-Երևան քրեականի պետը անչափահաս է ծեծում, ՆԳ նախարարի համար՝ ճանապարհներ են հարթում։
Ակամայից հիշում եմ ՆԳՆ-ի մոպեդներն ու սկուտերները։ Ոչ մի զուգահեռ չեմ կարողանում անցկացնել շարասյուների հետ։
Բայց սա Հայաստանն է, բարեկամներ։ Կարճ հիշողությունն օրինաչափ է»:

Դիտեք նաև՝


 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին