▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբեմն «կներես» ասելու համար զղջում եմ... Լուսին Վարդանյանն անկեղծանում է

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է, որ կայքի շարքին համապատասխան՝ դերասանուհի Լուսին Վարդանյանն առանց բեմական դիմակի անկեղծացել է:

Մանկությանս ամենավառ հիշողությունները...

Մանկությանս ամենավառ հիշողությունները կապված են ընտանիքիս եւ իմ բակի խաղերի հետ (չնայած մայրս հաշված րոպեներ էր մեզ թույլ տալիս բակում ժամանակ անցկացնել, բաjց նույնիսկ այդքան ժամանակում հասցնում էինք խաղալ բոլորին շատ ծանոթ «ռեզին», «կլասս», «գործնագործ» եւ այլ՝ ավելի ազնիվ խաղեր, քան հիմա խաղում են երեխաները): Շատ վառ հիշողություններ ունեմ՝ կապված Խնկո Ապոր գրադարանի հետ, որտեղ մայրս է աշխատում. Մենք մասնկացում էինք տարբեր գեղեցիկ միջոցառումների, կրթվում, գիրք կարդում եւ դաստիարակվում՝ գնահատելով գեղեցիկը: Ութ տարի սովորել եմ ոկալ երաժշտական դպրոցում, որտեղ եւս շատ երջանիկ ու վառ օրեր եմ անցացրել, դրանք եւս մանկությանս հիշադարանում ամուր պահում եմ:

Եկա, որովհետեւ...

Եկա Թատերական ինստիտուտ, որովհետեւ հարազատներս եւ Աշոտ Բզնունին, ում մոտ վոկալ էի պարապում, ասացին՝ ավելի լավ է առաջին մասնագիտությունս լինի դերասանական արվեստը, իսկ հետո նոր երգը:

Ճակատագրական կետ...

Ճակատագրական կետ էր հենց Թատերական ինստիտուտը, այն ճակատագրական դարձավ նաեւ անձնական կյանքումս՝ այստեղ հանդիպեցի ամուսնուս: Ճակատագրական էր նաեւ Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն մուտք գործելս, որտեղ մինչ օրս աշխատելով՝ հաճույք եմ ստանում:

Հիշում եմ ու տխրում...

Հիշում եմ ու տխրում հարազատներիս, ովքեր անժամանակ լքեցին մեզ՝ տատիկիս, պապիկիս եւ հորեղբորս. Երբեմն նրանց պահանջը շատ եմ զգում:

Հիշում եմ ու ժպտում...

Հիշում եմ ու ժպտում, երբ մայրս իմ հաջողություններով անսահման երջանկանում էր, երբ փոքր էի, ինչու չէ՝ նաեւ հիմա: Հիշում եմ ու ժպտում, երբ սիրո համար խենթություններ էի անում: Հիշում եմ ու ժպտում, երբ բժիշկները առաջին անգամ աղջկաս տվեցին գիրկս՝ նրա փափկությունն ու ջերմությունը կյանքում չեմ մոռանա: Հիշում եմ ու ժպտում, երբ աղջիկս առաջին անգամ ասաց մամա:

Ափսոսում եմ, զղջում, որ...

Ափսոսում եմ, զղջում, որ մի շարք լավ աշխատանքային առաջարկներ ուղղակի մերժեցի այն բաների համար, որոնք չարժեին դրանց:

Վստահ եմ...

Վստահ եմ, որ ապրում եմ եւ կապրեմ այնպես, որ շատ մարդկանց ուժերիս ներածին չափով օգտակար կլինեմ, որ երեխայիս կապահովեմ լավ կյանքով, որ արժանապատիվ կապրեմ:

Նպատակ ունեմ...

Նպատակ ունեմ իմ աշխատանքով միայն լավ գործեր ստեղծել, նպատակ ունեմ անել այն, ինչում ինձ լավ ու խաղաղ կզգամ, ու ոչ միայն ես, այլեւ ինձ շրջապատողները: Ասածնրես ավելի առարկայական չեմ դարձնի, քանի որ սովորել եմ նպատակներիս մասին քիչ բարձրաձայնել, փոխարենը շատ գործել. Նպատակներս ազնիվ են ու ռեալ:

Չասացի կներես ու...

Չասացի կներես ու… գրեթե միշտ, երբ զգում եմ սխալս, ասում եմ կներես, ասում եմ այն մարդկանց, ովքեր իսկապես կհասկանան իմ «կներեսի» լրջությունն ու արժեքը: Բայց մարդկանց, ովքեր դրանից միայն օգտվում են, սովորել եմ չասել կներես, միեւնույն է, չեն գնահատելու: Երբեմն «կներես» ասելու համար զղջում եմ, որովհետեւ ազնիվ մարդիկ քիչ են մնացել:

Կարոտում եմ...

Կարոտում եմ իմ մեջ ապրող երեխային: Երբեմն ուզում եմ ուղղակի փոքր լինել, ընդ որում ոչ թե մանկությունն եմ ուզում, այլ պարզապես երեխա եմ ուզում լինել:

Սիրում եմ...

Սիրում եմ մեծահոգի, ուժեղ, նպատակասլաց, կայացած, ինքնաբավարարված, կիրթ, ՄԵԾ մարդկանց: Սիրում եմ գոհացնել մարդկանց, սիրում եմ ծնողներիս, քույրիկիս, հարազատներիս, ընկերներիս, հայրենիքս, խելագարվում եմ աղջկաս համար: Սիրում եմ լավ ֆիլմեր եւ ներկայացումներ դիտել, հուզել եւ հուզվել, ուրախանալ ի սրտե. Սիրում եմ սիրել ու ապրել լավ կյանքով, սիրում եմ կյանքը:

Իմ կյանքում կցանկանայի փոխել ու անփոփոխ թողնել...

Չեմ ասի՝ ինչ կփոխեի ու անփոփոխ կթողնեի իմ կյանքում:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին