▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շրջկոոպի նախագահը. Դավիթ Ավետիսյան

Asekose.am-ը շարունակում է ներկայացնել պատմվածքներ Դավիթ Ավետիսյանի «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուից:

 

ՇՐՋԿՈՈՊԻ ՆԱԽԱԳԱՀԸ


Ա


Ընկեր Վահանը դպրոցի պատմության ուսուցիչն էր: Նա բնավորությամբ միշտ ներողամիտ էր, մեղմ, քաղաքավարի, զիջող, ինչպես բոլոր դաստիարակված մարդիկ: Ուրիշների մասին ավելի մեծ կարծիք ուներ, քան ուրիշներն իր մասին: Կինը վաղուց էր մահացել: Նա երդվել էր այլևս չամուսնանալ: Չորս երեխաներին ինքն էր պահում: Նրանցից մեկը` Շանթը, տասներկու տարեկան էր, սովորում էր դպրոցի վեցերորդ դասարանում: Երեխաները դպրոցում լավ էին սովորում, բայց նրա հպարտությունը Շանթն էր` առաջնեկը: Նա դասարանից դասարան էր փոխադրվում միայն գերազանց գնահատականներով, բանաստեղծություններ էր գրում, որոնք տպագրվում էին մանկական հանդեսներում, կարդալու մեծ սիրահար էր: Վահանի խնդիրն էր՝ զսպել նրա կարդալու ցանկությունը, այլապես նա գիշերները գիրք կարդալով էր լուսացնում: Ի պատասխան հոր ակնարկներին, թե գրքերի աշխարհում ես ապրում, Շանթը փիլիսոփայում էր. «Հարկավոր է ապրել քեզ համար անհասանելի որևէ բանի մշտապես սիրահարված», իսկ երբ հայրը հարցնում էր «Իսկ դա  ո՞րն է քեզ համար», Շանթը կատակում էր. «Ես հենց դա եմ փնտրում»:
Վահանի խնամքին էին նաև նրա ծնողները և  հաշմանդամ քույրը:  Ընկեր Վահանի ստացած աշխատավարձն
ընտանիքի կարիքները չէր բավարարում:
Լրացուցիչ եկամուտ ստանալու նպատակով նա ստիպված էր զբաղվել անասնապահությամբ:
Աշնանը հեռավոր շրջաններից ցածր գներով հորթեր էր գնում, նրանց կերակրում-խնամում էր, գիրացնում և գարնան վերջին միսը վաճառում: Առաջացած շահույթի ու իր ստացած աշխատավարձի հաշվին մի կերպ հոգում էր ընտանիքի  կարիքները:

Հարևան Կարապետը նախանձով  էր վերաբերվում նրան, կինը հաճախ էր Կարոյին հանդիմանում ընտանիքի կարիքները  չհոգալու համար: Ամեն անգամ օրինակ էր բերում Վահանին: Բանը հասավ նրան, որ Կարոն
անստորագիր նամակ ուղարկեց կուսակցության
շրջկոմ՝ Վահանին մեղադրելով հանցագործության
մեջ (այն ժամանակվա օրենքը ինչ-որ ապրանք
առնելու, վերավաճառելու ու շահ ստանալու համար
մարդկանց պատժում էր):
Խեղճ մարդն իրեն շատ վատ էր զգում, ընկերներին
ասում էր՝ ախր ինքն ի՞նչ վատ բան է  անում,  իր կյանքն ի՞նչ է. դպրոց, մնացած ժամանակը  կամ գոմում էր, կամ անասունների համար կեր ճարելով էր զբաղված: Հաճախ դժգոհելով՝ պետությանն էր մեղադրում, թե՝ պետություն ես,
ուսուցչին  այնքան վարձատրիր, որ կարողանա
ընտանիքը պահել:
Ընկեր Վահանն անասուններ պահելու ծանր աշխատանքից չէր խուսափում, ոչ էլ պատվից վեր էր համարում: Այդ առթիվ արված ակնարկների վրա զարմանում էր. «Ամոթը ծնողներին ու երեխաներին պահել, հագցնել չկարողանալն է, ու այդ նպատակին հասնելու համար ցանկացած աշխատանք կատարելը ամոթ չէ»: Ամեն առիթով երիտասարդներին հիշեցնում էր. «Կյանքը ոչ տեսարան է, ոչ էլ տոն, կյանքը դժվար զբաղմունք է, ու նրա վրա ծիծաղելը տեղին չէ»:
Վահանին ավելի շատ անասնակեր ճարելու խնդիրն էր տանջում: Առանց համակցված կեր տալու՝ հնարավոր չէր անասուններից եկամուտ ստանալ: Իսկ այն ժամանակ դա հնարավոր էր ձեռք բերել միայն շրջկոոպից: Շրջկոոպը մի կազմակերպություն էր, որին ենթարկվում էին գյուղերի բոլոր խանութները, նրա միջոցով էր կատարվում նաև համակցված կերերի վաճառքը:
Շանթը երբեք չի մոռանա հոր աղերսական նամակները` ուղղված Շրջկոոպի նախագահին` ընկեր Փոլադյանին: Մինչև հիմա էլ նրա աչքի առաջ են դիմումի տողերը. «Ընտանիքս բաղկացած է ութ շնչից, ուսուցչի աշխատավարձով չեմ կարողանում ընտանիքս պահել, ստիպված անասուններ եմ պահում, խնդրում եմ բաց թողեք համակցված կեր: Թախանձագին խնդրում եմ չմերժեք»:
Այդ դիմումները հոր խնդրանքով հաճախ Շանթն էր գրում (հայրն ասում էր, թե նրա ձեռագիրն ավելի լավն է): Ամեն անգամ դիմումը հետ էր վերադարձվում, որի վրա լինում էր ընկեր Փոլադյանի գրառումը. «Մերժե՛լ»:
Այդ պահերին տեսնել էր պետք Վահանի հուսահատված
վիճակը: Նա չգիտեր` ինչ անի: Մի  քանի անգամ փորձեց Փոլադյանի մոտ ընդունելության գնալ, սակայն չընդունեց, դիմումներ գրեց  վերադասներին, անօգուտ: Վահանը այստեղից-այնտեղից լսում էր, որ նա ուրիշների նկատմամբ
այնքան էլ ժլատ չէր: Դա նրան ավելի էր զայրացնում,
համարում էր ուսուցչի նկատմամբ դրսևորվող անհարգալից վերաբերմունք: Երևի Փոլադյանը մտքում ծիծաղում էր. ուսուցիչը անասուններ է պահում: Գուցե դա նրա համար ծիծաղելի էր, բայց Վահանի համար կենսական խնդիր: Չէ՞ որ
չինովնիկը նրա համար է՝ որ մարդու վիճակի մեջ
մտնի, փորձի նրան օգնել, մեծ չարիք է մարդու
արժանապատվությունը ստորացնելը:
Վահանն ընկերների մոտ հաճախ բարձրաձայնում
էր, թե որտեղից են հավաքում այսքան
անհոգի մարդկանց ու չինովնիկներ նշանակում:
Դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Հակոբը, Վահանի
դժգոհությունները լսելով, մի անգամ լուրջ
տոնով ասաց.
- Ընկեր Վահան, իշխանության հմայքը այն
չարաշահելու մեջ է, թե չէ ո՞վ կաշխատի չինովնիկ՝
ամբողջ օրը չարչարվի, տանջվի, քաղաքացիների
համար հազար ու մի հարց լուծի, հետն էլ մի փոքր
աշխատավարձ ստանա: Վահանը չհամաձայնեց.
- Դրա համար էլ այդ գործին պետք է լինեն
միայն նվիրյալները:
Հակոբը հեգնեց.
- Մնում է միայն այդքան նվիրյալ ճարես:

Բ

Ձյունառատ ձմեռ էր, իսկ անասուններին կերակրելու բան չկար: Վահանը բարեկամներից, ծանոթներից օգնություն էր խնդրում, բայց դրանով հարցը չէր լուծվում:
Շանթը «վառվում էր» հորը ինչ-որ բանով օգնելու ցանկությունից: Բայց ի՞նչ աներ:
Մի անգամ, երբ նա իրեն տանջող մտորումների մեջ էր, մի գաղափար ծնվեց. իսկ թե մի խաղ խաղա Փոլադյանի գլխին, միայն թե հայրը չիմանա: Վերցրեց թուղթն ու գրիչը և սկսեց հոր անունից Փոլադյանին դիմում հասցեագրել. «Խնդրում եմ ընտանիքի կարիքների համար տրամադրել տասը տոննա ձյուն»: Նա թակարդը լարել էր ու սպասում էր զոհին:
Անհամբեր սպասում էր դիմումի պատասխանին: Ամեն օր գնում էր փոստատուն, որ դիմումի պատասխանը անձամբ ստանա: Եվ ահա մի օր փոստատարն ասաց, թե ծրար ունեք ստանալու: Սրտատրոփ բացեց ծրարը և կարդաց դիմումի վրա արված գրառումը` «մերժել»: Փոլադյանը խայծը կուլ էր տվել: «Հիմա Փոլադյանին տանջելու հերթը իմն է», - բարձրաձայն մտածեց Շանթը: Ստացված պատասխանը դրեց մի այլ ծրարի մեջ և հոր անունից ուղարկեց «Ոզնի» հանդեսի խմբագրություն` հավելելով, թե տեսեք՝ չինովնիկներն ինչպես են վերաբերվում հասարակ մարդկանց:
Հիմա էլ Շանթը սրտատրոփ սպասում էր: Թերթը արդյո՞ք կտպագրի իր ուղարկած նյութը: Նա մտածում էր այդ ճանապարհով պատժել Փոլադյանին: Մանուկի նրա ձեռքերում ուրիշ ի՞նչ ճար կար:
Եվ ահա, երբ հերթական անգամ հորից թաքուն իջավ քաղաք և գնեց «Ոզնի» հանդեսը, ուրախությունից
աչքերը փայլեցին, թերթը տպագրել էր իր
ուղարկած նյութը և անարգանքի սյունին էր գամել
Փոլադյանին: Հոդվածը վերջանում էր հետևյալ
արտահայտությամբ. «Ժամանակն է ազատվել
այդպիսի պաշտոնյաներից»:
Շանթի ուրախությունը միախառնվում էր վախի
հետ: Իսկ եթե հայրն իմանա... Միևնույն է, ինքը
հասավ իր նպատակին: Այն ժամանակներում եթե
մամուլում որևէ պաշտոնյայի մասին քննադատական
հրապարակումներ էին լինում, ապա դրանք
լուրջ հետևանքներ էին առաջացնում: Փոլադյանին
կանչել էին կուսշրջկոոմ, լուրջ հանդիմանել, հետն
էլ ասել, որ լեզու գտնի Վահանի հետ:
Մի քանի օր հետո Փոլադյանը Վահանին կանչեց
իր մոտ: Շատ սիրալիր ընդունեց, տեղում
հանձնարարել էր նրան հինգ տոննա համակցված
կեր հատկացնել, հետն էլ հոգացել էր տեղափոխման
մասին, ընդ որում ապրանքը բաց էր թողել
ավելի էժան գներով, քան մյուսներին:  Այդ օրը Շանթը երբ դպրոցից տուն եկավ,  հայրը շրջկենտրոնից նոր էր վերադարձել: Նա  հոր դեմքին այդքան լայն ժպիտ չէր տեսել, հայրը հաղթական տոնով ասաց. «Շրջանից եմ գալիս, էդ
Փոլադյանը կարգին մարդ դուրս եկավ, երևի
փոշմանել էր իր արածների համար: Կանչեց, հարցը լուծեց, հետն էլ խոստացավ, թե նորից  կարող եմ դիմել: Միայն չհասկացա, թե ի՞նչ էր ակնարկում, թե թերթերի հետ գործ չունես: Ի՛նչ էլ գիտի, որ ես թերթեր շատ եմ կարդում»:
Ընկեր Վահանը հաջորդ տարիներին էլ գնաց Փոլադյանի մոտ: Նույն ընդունելությունը: Վահանը, որ չէր սիրում խոսքեր շռայլել, Փոլադյանը նրա համար բացառություն էր: Նույնիսկ մի անգամ ժողովի ժամանակ նա հատուկ նշել էր, թե բոլոր պաշտոնյաներին նույն արշինով չի կարելի չափել, ու բերեց Փոլադյանի օրինակը:
Վերջին անգամ հանդիպելիս Փոլադյանը նրան ասել էր. «Կարգին մարդ ես, էդ թերթերից ձեռք քաշեցիր»: Վահանն էլ ասել էր, թե՝ «Ճիշտ ես ասում, ընկեր Փոլադյան, էս վերջերս ժամանակ չունեմ, թերթեր քիչ եմ կարդում»: Փոլադյանին թվացել էր, որ հասկացել է իր ակնարկը, ու դրանից գոհ էր մնացել:

Գ

Երբ Փոլադյանին աշխատանքից ազատեցին, դա նրա ընտանիքի համար ծանր հարված էր: Նորը սկսեց Վահանի դիմումները մերժել: Շանթն արդեն դպրոցն ավարտում էր: Ընդունվեց համալսարան: Եվ երբ հոր հետ իրերն էր հավաքում հանրակացարան տեղափոխվելու համար, ինչ-որ գրքի միջից ընկավ «Ոզնի» հանդեսի համարը: Երբ Շանթը մոտեցավ, որ այն վերցնի, արդեն ուշ էր: Հայրն այն արդեն կարդում էր: Վահանը մռայլվել էր: Նա հիշեց Փոլադյանի սիրալիր ընդունելությունները, իրեն օգնելը: Սակայն դա չէ կարևորը, նա հիշեց Փոլադյանի անձին վերաբերող իր գովեստի խոսքերը, ընկերների թերահավատ հայացքները ու ամաչեց իր արածների համար: Ախր խոսքեր կան, որոնք նույնիսկ տարիներ անց վերադառնում են և նետի նման մխրճվում մարդու հոգին: Խոսքերի
հետ պետք է այնքան զգույշ  վարվել, ինչպես կրակի հետ: Խոսքերն էլ կարող են մարդուն կրակի նման այրել, խոր սպիներ թողնել: Վահանը մեկ ուզեց Շանթին մի լավ հանդիմանել, մեկ էլ մտածեց, որ խոսքեր ասելը հեշտ
է, սակայն դրանք ասելու իրավունքը պետք է վաստակել:
Ինքն արդյո՞ք վաստակել էր այդ իրավունքը:
Մտածեց ու լռեց: Տղայի հնարամտության շնորհիվ
էր մի քանի տարի հոգացել իր ընտանիքի հոգսերը:
Շանթն էլ իր հերթին ընկավ մտածմունքի մեջ:
Նա այդ պահին խորապես ափսոսաց, որ հոր հետ
ժամանակին չի անկեղծացել: Հետո սկսեց իրեն
հանգստացնել: Այն օրը, երբ հայրը շրջկենտրոնից
եկավ և հաղթական տոնով հայտարարեց, թե
անասնակերի հարցը լուծել է, ինքը չուզեց հոր
տրամադրությունը փչացնել: Նա ուզեց, որ հայրը
այդ հաջողությունը իր հաղթանակը համարի:
Մտածեց՝ կատարվածի մասին հետո կասի, բայց
այդ «հետոն» այդպես էլ չեկավ, որովհետև հայրը
սկսեց ուրիշների մոտ Փոլադյանի հասցեին գովասանքի
խոսքեր ասել և ընդունել, որ ինքը Փոլադյանի
հարցում սխալվել էր: Իրականությունը նրա
համար մեծ հարված կլիներ: Բացի այդ՝ նա համոզված
էր, որ հայրը, իմանալով իր արածի մասին,
այլևս Փոլադյանի մոտ չէր գնա:
Հայր ու որդի այդ թեմայով չխոսեցին, երկուսն
էլ լուռ շարունակեցին հավաքել իրերը, կարծես
ոչինչ չէր էլ եղել: Միայն ճանապարհ դնելիս Վահանը
ձեռքով թեթևակի հարվածեց Շանթի ուսին
և բարեկամաբար ասաց. «Հայր ու որդի այդ ե՞րբ են անկեղծացել, մենք բացառություն չէինք լինելու»: Շրջվեց ու մտավ տուն:
Այդ օրվանից, երբ չինովնիկների մասին խոսք էր լինում, ընկեր Վահանը գլուխը կախում էր ու լռում:

 

Կարդացեք նաև`

«Օտարության գինը»

Գևորգ  պապը

Կակաչներ մայրիկին

Չար կատակ

Համզան

Սոնա

Վստահության պակասն աղետ է

Սպարտակը

Արսոն

Հնդկաձավարի շիլան 

Մանկության ընկերներ

Արշոյի կնոջ երազը

Չարաբաստիկ պղպեղը

«Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի հեղինակ  Դավիթ Ավետիսյանը  ծնվել է 1951 թվականին, Ապարանի շրջանի Զովունի գյուղում: Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Դասավանդել է տարբեր բուհերում: Երկար տարիներ աշխատել է արդարադատության ոլորտում:

ՀՀ նախագահի կողմից նրան շնորհվել է ՀՀ վաստակովր իրավաբանի կոչում:

ՀՀ նախագահի հրամանագրով 2013թ. պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Հեղինակ է տասնյակ մենագրությունների և գիտական հոդվածների:

2012թ. լույս է տեսել նրա «Կյանքն իմ աչքերով» բանաստեղծությունների առաջին ժողովածուն, իսկ 2013-ին` «Ես հյուլեն եմ ամպերի» ժողովածուն:

Իսկ «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի հերոսները ժամանակակից սոցիալական փոփոխությունների մթնոլորտում ապրող մարդիկ են: Հեղինակը գորովանքով ու ցավով է հետևում նրանց ճակատագրերին, պաշտպանում մարդուն մարդ պահող արժեքները: Ինչպես նշում է հրատարակության խմբագիր Հասմիկ Գրիգորյանը` «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի պատմությունները իրապաշտական գործեր են և կյանքի անխարդախ հայելի, որտեղ յուրաքանչյուր ընթերցող կարող է իրեն տեսնել. առանց ավելորդ չափազանցությունների ներկայացվում է «կյանքը՝ ինչպես որ է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին