▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավելորդ հպարտություն. Դավիթ Ավետիսյան

Asekose.am-ը շարունակում է ներկայացնել պատմվածքներ Դավիթ Ավետիսյանի «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուից:

ԱՎԵԼՈՐԴ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ


Մարտին Կարպիչը վաթսունն անց տղամարդ էր` բարձրահասակ, մշտապես կենսուրախ և ցանկացած իրավիճակում չէր կորցնում հումորի զգացումը: Չնայած գլխի մազածածկույթը նրան վաղուց էր լքել` հոնքերի փարթամությունը և սերը մնացել էին: Լայն դեմքի վրա ձևավորվել էին տարիների ակոսները: Նրա խաժ աչքերի փայլը դեռևս չէր կորել: Կարպիչը երիտասարդ տարիներից պաշտոններ էր զբաղեցրել: Առանց պաշտոնի ոչ ինքն էր իրեն պատկերացնում, ոչ էլ ուրիշները` նրան: Մարդկանց տեսակ կա, որ կարծես հենց դրա համար ծնված լինի: Նա կանանց մոտ իրեն ասպետ էր ձևացնում: Սիրում էր նրանց հասցեին խոսքեր շռայլել, նրանց ուշադրությունը գրավել: Կարծում եմ, սահմանափակվում էր այդքանով, իսկ մնացածի մասին գլուխ էր գովում: Մի քանի տարի առաջ էր: Մարտին Կարպիչն ինձ ասաց, որ Թբիլիսի քաղաքում խորհրդաժողով կա. եթե ուզում եմ, կարող եմ մասնակցել: Գիտեր, որ թեման ինձ հետաքրքրում է: Ավտոբուսով ուղևորվեցինք Թբիլիսի: Մեքենայի մեջ կանայք էլ կային:
Մարտին Կարպիչն իր տարերքի մեջ էր: Նրանց համար անեկդոտներ էր պատմում, կատակներ էր անում: Կարծես մոռացել էր իր տարիքը: Չէիր ասի, թե նա այն Մարտին Կարպիչն է, որին աշխատավայրում տեսնում էինք: Սուր անեկդոտներ էր պատմում հատկապես ապարանցիների մասին, հետն էլ ասում էր՝ «կներես». կարծես դրանով
մյուսներին ցանկանում էր հասկացնել, որ ես ծագումով ապարանցի եմ: Թեև լավ գիտեր, որ հումորից զուրկ մարդ չեմ, ես էլ քիչ անեկդոտներ չէի պատմում ղարաբաղցիների մասին: Կարպիչը երբեմն դրանից նեղվում էր: Ճանապարհի մի հատվածում, որտեղ հիմնականում ոլորաններ էին, կանայք սկսեցին վատ զգալ: Կարպիչը նրանց սրտապնդում էր: Ես վարորդին խնդրեցի, որ մեքենան կանգնեցնի: Ավտոբուսը կանգնեց ճանապարհի եզրին: Բոլորն էլ իջան ավտոմեքենայից: Ես մի փոքր հեռացա ու կանգնած տեղանքն էի զննում: Քիչ հեռվում սարեր էին: Սարերի ձորակների լանջերին ձյունը դեռ նստած էր ու տպավորություն էր ստեղծում, թե սարերի վրա երկար ու ճերմակ փետուրներ են թափված: Ճանապարհը ցեխոտ էր, ձնհալի ջրերը հասել էին ճանապարհի եզրին և առվակ կազմելով հոսում էին դեպի ներքև:  Սառը քամին զգացնել էր
տալիս: Ինձանից 6-7 մետր հեռավորության վրա կանգնած էր Մարտին Կարպիչը: Ինչքան հասկացա, նա էլ էր վատ զգում, ուզում էր մաքուր օդ շնչել, չնայած մեքենայի մեջ իրեն կտրիճ էր ձևացնում: Իսկ նրանից մի փոքր հեռու կանգնած էին երկու կին, որոնցից մեկը փորձում էր սրտխառնոցի զգացումը բավարարել: Մեկը թիկունքով կանգնել էր, որ մյուսները չնկատեն: Ես նայում էի ճանապարհի պռունկից սկսվող բլրակի լանջերին: Ձնծաղիկները փռվել էին լանջերն ի վեր և նորաթուխ կանաչի հետ յուրահատուկ գորգ էին ձևավորել: Ափսոս, որ բնության այդ հրաշք տեսարանը ավտոբուսից իջածներից որևէ մեկին չէր հետաքրքրում: Գուցե ձնծաղիկները դրա կարիքը չունեին: Նրանք միմյանցով էլ կարող էին զմայլվել: Դրա կարիքը մարդիկ ունեն: Հետո հայացքս ուղղեցի Մարտին Կարպիչին, նկատեցի, որ նա կայծակնային արագությամբ կռացավ գետնին, այնտեղից վերցրեց մի բուռ ցեխ ու դրեց բերանը: Ինձ թվաց, թե տեսողությանս հետ ինչ-որ բան կատարվեց, մանավանդ, վերջերս դժգոհում էի աչքերիցս: Թե չէ Կարպիչը ինչու պետք է գետնից ցեխը վերցներ ու բերանը դներ: Այդ մտքերի մեջ էի, երբ նկատեցի, որ Կարպիչը ցեխ է թքում: Այս անգամ էլ մտածեցի, որ ինձ պարզապես թվաց: Ես մոտեցա նրան, որ ճշտեմ: Երբ մոտեցա, նկատեցի, որ նրա բերանն իրոք ցեխոտված է: Հետաքրքրությունից վառվելով` պատշաճությունը մի կողմ դրեցի և նրան հարցրի.
- Մարտի՛ն Կարպիչ, ես ճի՞շտ նկատեցի, որ Դուք ցեխը վերցրիք ու Ձեր բերանը տարաք:
Նա խոժոռված նայեց իմ կողմը և կտրուկ տոնով ասաց.
- Ճիշտ չեք նկատել, նախկի՛ն երիտասարդ, գուցե տեսողության հետ կապված խնդիրներ ունեք:
Ես էլ վրա բերեցի.
- Այդ դեպքում ինչո՞ւ են Ձեր շրթունքները ցեխոտ:
Մարտին Կարպիչը խոսելու տոնը փոխեց և
բարեկամաբար ժպտալով՝ ասաց.
- Լավ, քեզ կասեմ ճշմարտությունը, բայց խոստացի՛ր` ուրիշներին չես պատմի:
Ես ասացի` պայմանով, որ դուք էլ ապարանցիների մասին անեկդոտ չեք պատմելու: Մարտին Կարպիչը, զգալով, որ դիմադրելը զուր է, սկսեց.
- Ճանապարհին, երբ կանայք վատացան,
իրականում ես էլ էի վատ զգում, բայց ցույց չէի տալիս: Դե, կանայք կային, անհարմար էր: Երբ ավտոբուսից դուրս եկա, սրտխառնոց սկսեց, այդ պահին իմ արհեստական ատամնաշարը բերանիցս դուրս թռավ և ընկավ ցեխի մեջ:
Մտածեցի՝ քանի կողքի կանայք չեն նկատել, վերցնեմ,
դնեմ տեղը, հո չէի՞ նայելու դրա ցեխոտված լինելուն:  Ես սկսեցի քահ-քահ ծիծաղել: Կողքի կանայք խեթ հայացքով ինձ էին նայում՝ մտածելով, թե իրենց վրա եմ ծիծաղում:
Հետո ես ջուր բերեցի, Մարտին Կարպիչը լվացվեց,
ատամնաշարը լվաց, դրեց տեղը և առույգ- առույգ մտավ ավտոբուս:
Այդ օրվանից Մարտին Կարպիչը գոնե իմ  ներկայությամբ ապարանցիների մասին անեկդոտներ չէր պատմում: Ես էլ իմ խոստումը կատարեցի այնքանով, որ նրա անունը, հայրանունը և այլ մանրամասներ ընթերցողին մի փոքր տարբեր ներկայացրի:

 

Կարդացեք նաև`

«Օտարության գինը»

Գևորգ  պապը

Կակաչներ մայրիկին

Չար կատակ

Համզան

Սոնա

Վստահության պակասն աղետ է

Սպարտակը

Արսոն

Հնդկաձավարի շիլան 

Մանկության ընկերներ

Արշոյի կնոջ երազը

Չարաբաստիկ պղպեղը

Շրջկոոպի նախագահը

«Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի հեղինակ  Դավիթ Ավետիսյանը  ծնվել է 1951 թվականին, Ապարանի շրջանի Զովունի գյուղում: Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Դասավանդել է տարբեր բուհերում: Երկար տարիներ աշխատել է արդարադատության ոլորտում:

ՀՀ նախագահի կողմից նրան շնորհվել է ՀՀ վաստակովր իրավաբանի կոչում:

ՀՀ նախագահի հրամանագրով 2013թ. պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Հեղինակ է տասնյակ մենագրությունների և գիտական հոդվածների:

2012թ. լույս է տեսել նրա «Կյանքն իմ աչքերով» բանաստեղծությունների առաջին ժողովածուն, իսկ 2013-ին` «Ես հյուլեն եմ ամպերի» ժողովածուն:

Իսկ «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի հերոսները ժամանակակից սոցիալական փոփոխությունների մթնոլորտում ապրող մարդիկ են: Հեղինակը գորովանքով ու ցավով է հետևում նրանց ճակատագրերին, պաշտպանում մարդուն մարդ պահող արժեքները: Ինչպես նշում է հրատարակության խմբագիր Հասմիկ Գրիգորյանը` «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի պատմությունները իրապաշտական գործեր են և կյանքի անխարդախ հայելի, որտեղ յուրաքանչյուր ընթերցող կարող է իրեն տեսնել. առանց ավելորդ չափազանցությունների ներկայացվում է «կյանքը՝ ինչպես որ է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին