▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադիբեկ քեռին. Դավիթ Ավետիսյան

Asekose.am-ը շարունակում է ներկայացնել պատմվածքներ Դավիթ Ավետիսյանի «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուից:

ԱԴԻԲԵԿ ՔԵՌԻՆ


Գյուղում, հատկապես ձմռան ամիսներին, շատերն են ալկոհոլ օգտագործում: Դա նրանց կենցաղի անբաժանելի մասն է: Դե ի՞նչ անեն, դաշտում գործ չկա, ձյուն-ձմեռ է: Նրանց հիմնական գործը անասուններին օրը երկու անգամ կերակրելն է: Հետո հավաքվում են գյուղամեջ, նարդի կամ շախմատ խաղում, դեսից-դենից զրուցում: Երբեմն էլ խմբերով փոքր խնջույքներ են կազմակերպում, իրիկնաժամին բաժանվում են, գնում անասուններին կերակրելու: Ու այսպես ամբողջ ձմեռ: Իսկ ձմեռը ձգվում է ու ձգվում: Ադիբեկ քեռին էլ մյուսների նման սիրում էր խմել (առիթի դեպքում): Նա արդեն 70-ը բոլորել էր, սակայն որևէ մեկը չի հիշում, որ նա խմիչքի ազդեցության տակ ինչ-որ մեկին նեղացրած լինի, կամ իր գործերը կիսատ-պռատ թողած լինի: Նրա ավագ որդին` Վարազդատը, որին գյուղում Վարո էին ասում, նույնպես խմում էր, բայց, ի տարբերություն հորը, դառնում էր անկառավարելի, ագրեսիվ, մեծամիտ, հաճախ էր մարդկանց վիրավորում, կնոջը, երեխաներին ծեծում: Շրջապատի մարդիկ նրան հանդիմանում էին, սակայն նա հետևություններ չէր անում:Երբ հերթական անգամ Վարոյի «քաջագործությունների» լուրը հասավ Ադիբեկ քեռուն, նա շտապեց որդու տուն: Ձմեռ էր, փետրվար ամիսը: Վարոյի տունը գտնվում էր գյուղի ծայրին: Ադիբեկ քեռին քայլում էր գյուղի ձյունառատ փողոցներով ու մտորում որդու մասին: Արդեն որերորդ անգամ փորձում էր հասկանալ, թե նա հարբած ժամանակ ինչու է այդպիսի վարքագիծ դրսևորում: Նա ինչո՞ւ այդպես դարձավ: Գուցե բնավորություն է, որը նրան տրվել է ծնված օրից: Խմիչքը միայն նպաստում է, որ այն դրսևորվի: Խմիչքը մարդուն դարձնում է այն, ինչն իրականում կա: Մարդու բնավորության մեջ խմիչքը ինչ-որ բան ոչ ավելացնում է, ոչ էլ պակասեցնում, այն միայն ցուցադրում է եղածը: Թե ուզում ես մարդուն ճանաչել, նրան հարբած պիտի տեսնես: Հետո էլ ինքն իրեն հակադարձեց, թե մարդն աշխարհ է գալիս բազում հակումներով և բնավորության գծերով, որոնց զարգացումը կապված է շրջապատի պայմաններից: Դրան էլ չհամաձայնեց, վերադարձավ նախկին մտքին, որ պայմաններն այստեղ բոլորովին կապ չունեն. գյուղում բոլորն էլ նույն պայմաններում են, նրանցից միայն երեքն են Վարոյի օրին: Չէ, դա բնավորություն է, էություն, որը մարդուն տրվում է ծնված օրից: Թե չէ նույն հողի մեջ իրար կողքի դրած ծառերից մեկը աճում է փարթամ, վեր է խոյանում, մյուսը կարճլիկ ու թերաճ մնում: Երկուսի համար էլ նույն հողն է, նույն ջուրը, նույն արևը: Կամ նույն հորից ու մորից ծնված երեխաները մի՞թե նույնն են: Իր մյուս տղան` Հայկազը, խմիչքի հետ առհասարակ սեր չուներ. համալսարանն ավարտեց, դպրոցում մաթեմատիկա է դասավանդում, դպրոցի հարգված ուսուցիչներից է: Վարոն քեռուն` Մուշեղին է քաշել. նա էլ էր այդպիսին: Եվ ճիշտ են ասում` երեխաները հաճախ են քեռուն քաշում... Այս մտորումների մեջ էր, երբ նկատեց, որ հասել է տղայի տուն: Այդ տունն ինքն էր կառուցել: Իր տարիների տաժանակիր աշխատանքի արդյունքն էր: Տասնչորս տարեկանից աշխատել է, հող է մշակել, անասուն է պահել, գիշերներն էլ գյուղի կողքին գտնվող հիմնմնարկներից մեկում պահակություն է արել: Վարոյի համար տուն է կառուցել, սակայն նա չէր գնահատում: Ասում էր, թե ամեն ծնող էլ պարտավոր է դա անել: Իսկ Վարոն ինչի՞ է հասել, արդեն քառասուն տարեկան է, ի՞նչ է ստեղծել, որ ինքն էլ իր երեխաներին մի բան թողնի: Ադիբեկ քեռին մտավ տուն, նախասրահում մաքրեց ձյունոտ կոշիկները, սառած ձեռքերը շփեց: Առանց նայելու որդու կողմը` հարսին բարևեց, հարցուփորձ արեց կատարվածի մասին, մոտեցավ մահճակալին պառկած որդուն, որ սկսի հանդիմանանքը: Սակայն Վարոն, հորը հերթ չտալով, առաջինն ինքը սկսեց. «Ամո՛թ քեզ, Վարո՛, գետինը չե՞ս մտնում, ամեն օր տուն ես գալիս հարբած: Երեխաներիդ ու կնոջդ ինչու՞ ես ծեծում, ամբողջ գյուղը քեզ վրա է ծիծաղում...»: Նա այդ ամենն ասում էր ու ձեռքերով թեթևակի հարվածում իր դեմքին և անընդհատ կրկնում. «Ամո՛թ քեզ, Վարո՛, ամոթ»:
Ադիբեկ քեռին մի պահ անակնկալի եկավ, հետո ընդհատեց նրան` ասելով. «Ասա, որ ամբողջ գյուղն էլ խմում է, սակայն, բացի քեզնից, Գարսոյից և Վանիկից ոչ մեկը գետնին չի թավալվում, ասա, որ դու տղամարդ չե՛ս, տղամարդ չե՛ս, խմել
չգիտե՛ս»: Վարոն ընդհատեց Ադիբեկ քեռուն` փորձելով
խաղալ նրա նյարդերի հետ. «Ո՞վ չգիտի խմել, եթե դու իմ չափ խմես, ոտքերիդ վրա էլ չես կարողանա կանգնել, քեզ շալակած կտանեն: Թե չես հավատում՝ եկ փորձենք: Թե դու հաղթես, ես խոստանում եմ խմելը թողնել»:
Ադիբեկ քեռին վրդովվել է որդու խոսքերից ու պայմանի հետ համաձայնել, մանավանդ, այն իր սրտով էր: Ու այսպես հայր ու որդի նստել ու գինի են խմել մինչև երեկո: Ադիբեկ քեռին սովորականի նման գնացել է անասուններին կերակրելու, իսկ Վարոն շարունակել է նախորդ օրվա տեսարանները:
Հաջորդ օրը հարսն է եկել ու հանդիմանել Ադիբեկ քեռուն:
Ադիբեկ քեռին ամբողջ կյանքում իրեն չէր ներում: Անընդհատ կրկնում էր, թե ինչպե՞ս հավատաց հարբեցող որդու խոսքերին, նրա հետ մեջլիս մտավ ու գյուղի ծաղրի առարկան դարձավ, հարսի մոտ խայտառակվեց: Մի՞թե այս աշխարհի վրա քիչ էր ապրել, որ հասկանար` հարբեցող մարդուն հավատալը նույնն է, թե հավատաս քամուն կամ
սարերից իջնող մառախուղին կամ մարմնավաճառ կնոջ խոսքերին: Այդ դեպքից հետո Ադիբեկ քեռին ընկերների
հետ խնջույքի չէր գնում, չէր կարողանում դիմանալ նրանց չար կատակներին, որոնք տեղի-անտեղի հարցնում էին. «Հը, Ադիբե՛կ քեռի, վերջը դու՞ հաղթեցիր, թե՞ Վարոն»:
Ադիբեկ քեռին արժանապատվություն ունեցող մարդ էր ու այս ամենը ծանր էր տանում: Իհարկե, Վարոն իր խոստումը չկատարեց, խմիչքը նրան կործանեց: Իսկ Ադիբեկ քեռու՝ որդուն տված «դասը» մինչ օրս գյուղում պատմում են ու պատմում:

 

Կարդացեք նաև`

«Օտարության գինը»

Գևորգ  պապը

Կակաչներ մայրիկին

Չար կատակ

Համզան

Սոնա

Վստահության պակասն աղետ է

Սպարտակը

Արսոն

Հնդկաձավարի շիլան 

Մանկության ընկերներ

Արշոյի կնոջ երազը

Չարաբաստիկ պղպեղը

Շրջկոոպի նախագահը

Ավելորդ հպարտություն

«Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի հեղինակ  Դավիթ Ավետիսյանը  ծնվել է 1951 թվականին, Ապարանի շրջանի Զովունի գյուղում: Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Դասավանդել է տարբեր բուհերում: Երկար տարիներ աշխատել է արդարադատության ոլորտում:

ՀՀ նախագահի կողմից նրան շնորհվել է ՀՀ վաստակովր իրավաբանի կոչում:

ՀՀ նախագահի հրամանագրով 2013թ. պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Հեղինակ է տասնյակ մենագրությունների և գիտական հոդվածների:

2012թ. լույս է տեսել նրա «Կյանքն իմ աչքերով» բանաստեղծությունների առաջին ժողովածուն, իսկ 2013-ին` «Ես հյուլեն եմ ամպերի» ժողովածուն:

Իսկ «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի հերոսները ժամանակակից սոցիալական փոփոխությունների մթնոլորտում ապրող մարդիկ են: Հեղինակը գորովանքով ու ցավով է հետևում նրանց ճակատագրերին, պաշտպանում մարդուն մարդ պահող արժեքները: Ինչպես նշում է հրատարակության խմբագիր Հասմիկ Գրիգորյանը` «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի պատմությունները իրապաշտական գործեր են և կյանքի անխարդախ հայելի, որտեղ յուրաքանչյուր ընթերցող կարող է իրեն տեսնել. առանց ավելորդ չափազանցությունների ներկայացվում է «կյանքը՝ ինչպես որ է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին