▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արջաորս. Դավիթ Ավետիսյան

Asekose.am-ը շարունակում է ներկայացնել պատմվածքներ Դավիթ Ավետիսյանի «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուից:

 

ԱՐՋԱՈՐՍ


Մի ընկեր ունեմ՝ անունը Վասո: Նա որսի մեծ սիրահար էր: Որսի ու որսորդության մասին հետաքրքիր պատմություններ ունի, որտեղ գլխավոր հերոսն ինքն է ու միշտ հաղթող: Ու թե դրանցից որն է իրական, որը` հնարովի, միայն ինքը գիտի: Գուցե ինքն էլ չգիտի, քանզի երբ մարդն իր հնարովի պատմությունները չափից շատ է պատմում, նրան թվում է, թե դրանք այդպես էլ եղել են: Այդ պատմություններից մեկին ես էլ եմ ներկա եղել: Ամռան կեսին էր, նա ընկերների հետ որսի էր գնում: Իմ խնդրանքով ինձ էլ վերցրեց: Գնացինք Քելբաջար: Որսորդների խմբով ամբողջ օրը ման եկանք, ման եկանք, այդպես էլ ո՛չ որսի հետք գտանք, ո՛չ էլ որս: Գիշերեցինք ազերիների թողած ավերակ մի գյուղում, որտեղ հայի մի քանի ընտանիք էր ծվարել: Էլեկտրականություն չկար: Ծանր խավարը նստել էր գյուղի վրա: Ամենուր կիսաքանդ տներ էին: Պատկերը ճնշող էր: Կատարվածի համար ես մի տեսակ ափսոսանք զգացի: Տուն քանդելը առհասարակ լավ բան չէ: Հետո հիշեցի, որ ազերիները դարեր շարունակ հայկական գյուղեր ու քաղաքներ են ավերել, հայ լինելու համար մարդկանց սպանել են ու անարգել և դրա համար ափսոսանք չեն ապրել: Գուցե սա էլ էր պետք, որ ազերին ճանաչի իր տեսակը ու հասկանա, որ ամեն ոճիր իր պատիժն ունի ու այն թեկուզ ուշացած, բայց վրա է հասնում: Այդ մտորումների մեջ ամբողջ գիշեր չկարողացա քնել: Լուսաբացին տնակից դուրս եկա: Քիչ հեռու մի գետակ էր հոսում: Նրա պաղ ու զուլալ ջրերը իրար
հրմշտելով, հարայ-հրոցով ներքև էին սուրում: Գետակի
այն ափին մեղվափեթակներ կային: Նրանց տեղը դրախտային էր: Չորս կողմը անտառ էր, կանաչ ու ծաղիկ: Մոտեցա գետակին: Մտքովս անցավ նրա պաղ ջրերով լվացվել: Երբ ուզում էի կռանալ, փեթակների ուղղությամբ՝ գետակի կենտրոնում, մի արջ նկատեցի: Ինձ թվաց, թե արջը նստել է ջրի մեջ, հոսանքին հակառակ և ձուկ է որսում: Քարացած նրան էի նայում: Հետո ուշքի եկա և գլխապատառ վազեցի դեպի տնակը, ուր Վասոն ու նրա ընկերները՝ Արամն ու Վարդգեսը դեռ քնած էին: Ես Վասոյին արթնացրի ու ասացի.
- Վասո՛, վե՛ր կաց, տնակի շրջակայքում արջ եմ տեսել:
Նա դժկամությամբ աչքերը բացեց, հետո մտածեց, թե կատակում եմ, շուռ եկավ կողքի վրա, որ նորից քնի: Ես նրան նորից արթնացրի՝ ասելով՝ կատակ չեմ անում: Վասոն, նայելով իմ գունատ դեմքին ու շնչակտուր խոսքերին, վեր կացավ, վերցրեց հրացանը, լիցքավորեց, ու մենք տնակից
դուրս եկանք: Ես մտածում էի, թե արջը, հավանաբար, գետից դուրս է եկել և ուր որ է տնակի շրջակայքում
կլինի: Չորս կողմը նայեցինք, չկար: Ասացի,որ գետի մեջ եմ տեսել: Գնացինք դեպի գետը: Վասոն տեսավ արջին, որը դեռ գետի մեջ էր, ու նրա ուղղությամբ երկու կրակոց արձակեց: Արջը մի փոքր թեքվեց կողքի վրա: Վասոն ասաց, թե մոտենանք՝ երևի կպել եմ: Ինձ թվաց, թե արջը շարժվում է: Երբ այդ մասին ասացի Վասոյին՝ նա հրացանը նետեց գետնին ու վազեց դեպի տնակը: Ես էլ նրա հետևից: Վասոն, մտնելով տնակը, դուռը ներսից փակեց: Նա դողում էր ու անընդհատ կրկնում, թե արջը վիրավորված է ու հիմա փորձելու է վրեժ լուծել:
- Հրացանն ինչո՞ւ գցեցիր, - կեսկատակ հարցրի ես:
- Էլ ինչի՞ս էր պետք, լիցքավորման ժամանակ չկար, հետո էլ վազելուն էր խանգարում:
Արամն ու Վարդգեսն էլ արթնացան: Հրացանները լիցքավորեցին ու զգուշորեն տնակից դուրս եկան: Վասոն, որ իր սպանած արջերի մասին բազում պատմություններ էր արել, հիմա տնակից էլ դուրս չէր գալիս, նույնն էլ ինձ էր խորհուրդ տալիս:
Քիչ հետո ծիծաղելով տնակին մոտեցավ Արամը.
- Վասո՛, դու՛րս արի, քո տեսած արջն այլևս կենդանի չի:
Վասոն աշխուժացավ, ասաց՝ այդ արջին ես եմ խփել, ինձ էլ վկա բերեց: Դե ես էլ հաստատեցի:
Արամը ծիծաղեց. ո՛չ դու ես խփել, ո՛չ էլ որևէ մեկը: Մինչև քո կրակելը արջն արդեն կենդանի չի եղել: Մտածեցի, թե նա կատակ է անում: Ես իմ աչքով էի տեսել, թե նա ինչպես շարժվեց: Քիչ հետո եկավ նաև Վարդգեսը, մեզ դուրս կանչեց՝ ասելով, թե արջին հարկավոր է ջրից հանել: Երբ մենք մոտեցանք, արջը նույն դիրքում գետի մեջ էր, մի փոքր աջ թեքված: Վարդգեսը ցույց տվեց շուռ տված փեթակներն ու բացատրեց, որ արջը գիշերով մոտեցել է փեթակներին, մեծ քանակությամբ մեղր է կերել, հետո ծարավել է, մտել գետն ու սառը ջուր խմել: Խմել է ու տեղում մնացել: Իրոք, երբ մենք չորս հոգով արջին գետից դուրս բերեցինք, նրա որովայնը անասելի փքված էր: Հիշեցի տատիս խոսքերը. «Մեղրի վրա սառը ջուր չի կարել խմել»:
Այս դեպքից անցել են տարիներ: Վասոն մինչև օրս պատմում է, թե ինչպես է գետի մեջ մի հսկա արջ խփել: Զարմանալին այն է, որ նա այդ բոլորը պատմում է նաև իմ ներկայությամբ:

 

Կարդացեք նաև`

«Օտարության գինը»

Գևորգ  պապը

Կակաչներ մայրիկին

Չար կատակ

Համզան

Սոնա

Վստահության պակասն աղետ է

Սպարտակը

Արսոն

Հնդկաձավարի շիլան 

Մանկության ընկերներ

Արշոյի կնոջ երազը

Չարաբաստիկ պղպեղը

Շրջկոոպի նախագահը

Ավելորդ հպարտություն

Ադիբեկ քեռին

«Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի հեղինակ  Դավիթ Ավետիսյանը  ծնվել է 1951 թվականին, Ապարանի շրջանի Զովունի գյուղում: Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Դասավանդել է տարբեր բուհերում: Երկար տարիներ աշխատել է արդարադատության ոլորտում:

ՀՀ նախագահի կողմից նրան շնորհվել է ՀՀ վաստակովր իրավաբանի կոչում:

ՀՀ նախագահի հրամանագրով 2013թ. պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Հեղինակ է տասնյակ մենագրությունների և գիտական հոդվածների:

2012թ. լույս է տեսել նրա «Կյանքն իմ աչքերով» բանաստեղծությունների առաջին ժողովածուն, իսկ 2013-ին` «Ես հյուլեն եմ ամպերի» ժողովածուն:

Իսկ «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի հերոսները ժամանակակից սոցիալական փոփոխությունների մթնոլորտում ապրող մարդիկ են: Հեղինակը գորովանքով ու ցավով է հետևում նրանց ճակատագրերին, պաշտպանում մարդուն մարդ պահող արժեքները: Ինչպես նշում է հրատարակության խմբագիր Հասմիկ Գրիգորյանը` «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի պատմությունները իրապաշտական գործեր են և կյանքի անխարդախ հայելի, որտեղ յուրաքանչյուր ընթերցող կարող է իրեն տեսնել. առանց ավելորդ չափազանցությունների ներկայացվում է «կյանքը՝ ինչպես որ է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին